«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արհեստակցական կազմակերպությունը բնակարան է ձեռք բերել Գյումրիում բնակվող, Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ընտանիքի համար։
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 3֊-ին Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ Թալիշ գյուղում զոհվեց գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը։ Երիտասարդի ընտանիքը սպասում էր իր առաջնեկին։
Գալստյանների ընտանիքի ճակատագիրը 1988 թվականի երկրաշարժից հետո շատերի նման ողբերգական է։ Այն ժամանակ Հրաչի հայրը՝Վարդանը, կորցրել էր իր ընտանիքը։ Որոշ ժամանակ անց իր մեջ ուժ էր գտել և նոր ընտանիք կազմել, երկու որդի ունեցել՝ Հրաչին և Աղասին։ Երկուսն էլ զինվորական են՝ իրենց կյանքը նվիրած Հայրենիքին։
Հայաստանի զինված ուժերում Հրաչը ծառայում էր 2007 թվականից։ Զինվորական ինստիտուտն ավարտելուց հետո նրան ուղարկում են ծառայելու Թալիշում։ Մեկ տարի առաջ Հրաչն ամուսնանում է։ Երիտասարդ լեյտենանտի կինը նույնպես զինվորականի ընտանիքից է, Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Մատաղիս գյուղից։ Մայիսին երիտասարդ ընտանիքն իր առաջին զավակը պետք է ունենար։
Կարդացեք նաև
Հրաչ Գալստյանը մահացավ ապրիլի 3֊-ին, իսկ մայիսի 6֊ին ծնվեց նրա դուստրը՝ Անահիտ Գալստյանը։
Հուսով ենք, որ այս նոր կյանքը նոր ոգեշնչման աղբյուր կդառնա, մի նոր դուռ կբացի Հրաչի ընտանիքի երջանիկ ու խաղաղ ապագային։
Հայաստանի էլեկտրական ցանցեր