Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Մայիս 08,2016 21:37

2016 թվականի մայիսի 7-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Արցախյան պատերազմի ազատամարտիկներ Ստանիսլավ Մանուկյանը և Արթուր Բեգլյանը, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, ընթերցելով Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը« հոդվածը:

24 տարի առաջ Արցախյան պատերազմի տարեգրության փառապանծ օրվա՝ Շուշիի ազատագրման կարևորության մասին խոսեց Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը: Բանախոսն անդրադարձ կատարեց հային բնորոշ ազատատենչ ու անսասան ոգու հաղթանակին, որը զինվորին ուղեկցել է Ավարայրի պատերազմի, Սարդարապատի, Շուշիի ազատագրման ժամանակ: Շուշիի ազատագրումը դա ազգի գոյատևության ինքնագիտակցումն էր, պայքարի տարիներին կոփված հաղթելու անսասան կամքը, հայրենիքն ազատագրելու գերնպատակը: Գնդապետն իր խոսքն ավարտեց հայրենիքը սիրելու, լեզուն պահպանելու, հայ մնալու և հայի տեսակը միշտ և ամենուրեք բարձր պահելու կոչով:

Քառօրյա պատերազմում հայրենիքի սահմանների պահակակետում և Արցախի պաշտպանության առաջնագծում կանգնած 18-22 տարեկան երիտասարդների հերոսությունը դարձավ վկայությունն այն բանի, որ անգամ փոքրաթիվ քանակով, հանուն հայրենյաց կարելի է հաղթել, քանզի դրված է ազգի հարատևության, պատմական հայրենիքի պաշտպանության խնդիրը,- ահա այս գաղափարն իր ելույթում արժևորեց Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը:

Ամփոփելով միջոցառումը, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը խոսեց ազգի միասնության և Եկեղեցու կենտրոնացնող դերի մասին: Ուժը ծնում է իրավունք, իսկ ոգին ծնում է ուժ: Ճակատամարտից առաջ հոգևոր առաջնորդի պահպանիչ աղոթքը և խաչին ապավինելու հորդորը զինվորներին այդ ոգու հաղթանակի գրավականն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն միաբանող ուժն է, որը քրիստոնեական սիրով ազգին իր շուրջն է համախմբում խաղաղ ժամանակներում, իսկ խաչով և աղոթքով զորավիգ լինում պատերազմի ժամանակ, կարևորեց իր խոսքում արժանապատիվ քահանան:

Միջոցառման ընթացքում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ստանիսլավ Մանուկյանը կատարեց Շուշիին նվիրած իր երգը, ցուցադրվեց «Հարսանիք լեռներում» վավերագրական ֆիլմը: Լևոն Չիդիլյանի և Լիզա Թորոսյանի կողմից ընթերցվեցին Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի, Գևորգ Էմինի հայրենասիրական բանաստեղծությունները, «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի և մենակատարներ Նինա Կարապետյանի և Անի Հովհաննիսյանի կողմից կատարվեցին մարտաշունչ և Մայր Հայաստանին նվիրված երգեր: Հնչեցին գնահատանքի խոսքեր՝ ուղղված միջոցառման կազմակերպիչներին:

Միջոցառումը դարձավ մայիսյան եռատոնին նվիրված հանդիսությունների մեկնարկ:

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն, Մայիս, 2016 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031