ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նոյեմբերյանի մշակույթի տանը տարածաշրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Արցախում քառօրյա պատերազմի ժամանակ դրսեւորվեց հայ ժողովրդի միասնությունը:
Վարչապետի խոսքերով՝ նույնիսկ իշխանությանն ընդդիմախոս կուսակցությունները, որոնք շատ հարցերով դեմ էին իշխանություններին, այդ հարցում համախմբվեցին եւ կանգնեցին Արցախի իշխանությունների, մեր բանակի կողքին եւ հավելեց. «Մի սփյուռքահայ էր ասել՝ հետաքրքիր է, ժողովուրդը, երբ նորմալ է, պատերազմ չկա, իրենք արտագաղթում են, բայց երբ պատերազմը սկսվում է, բոլորը հետ են վերադառնում ու միանում բանակին: Դա մեր ժողովրդի, իրոք, լավ կողմերից մեկն է»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ