«Արցախի ճանաչման հարցը, իմ կարծիքով, եզակի քաղաքական քայլերից էր, որ այսօր ինքնիրեն արդեն արդարացրել է»,- մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ քննադատողները չեն տեսնում նախնական պայմանը՝ այն է՝ եթե սկսվեն ագրեսիվ գործողություններ, այդ դեպքում միայն Հայաստանը կճանաչի. «Ես շատ լավ հիշում եմ, թե Ադրբեջանի արտգործնախարարը իր բոլոր ենթակա դեսպաններով, տարբեր բուլբուլներով հայտարարում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառված է, որ այն այլեւս գոյություն չունի, որ այն զբաղվում է ժամավաճառությամբ, որ Ադրբեջանը ստիպված է զենքի ուժով իր տարածքային ամբողջականությունը հաստատել …
Հայաստանի այդ քայլից հենց անմիջապես հետո հենց առաջին իր արտգործնախարարը, դրանից հետո իրենց քաղաքական ամբողջ էլիտան սկսեց մտածել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, սկսեց մտածել, որ այդ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչքան կարեւոր է եւ առանց դրա կարող է պատերազմ սկսել, եւ բանը հասավ նրան, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը դիմեց ռուսական իշխանություններին, որ միջնորդեն ու ճնշումներ գործադրեն Հայաստանի իշխանությունների վրա, որ Հայաստանը հետ կանգնի այդ քայլից:
Այսինքն՝ այն դեպքում, երբ դու ուզում ես աշխարհի ուշադրությունը հրավիրել պատերազմական այս իրավիճակին, ուզում ես, որ աշխարհը նաեւ օժանդակի ու միջոցներ ձեռնարկի, որ նոր պատերազմ չսկսի, ու աշխարհը այդ շրջանում լռում է՝ Լավրովի գալ-գնալուց հետո: Դու անում ես քայլ, որ Ադրբեջանն է դիմում, ու աշխարհը ստիպված պիտի դիմի Հայաստանին, ասի՝ եկեք մտածենք այդ հարցը ինչի համար է: Այս առումով հարցը ինքնին իր արդյունքը արդեն տվել է, եւ ես շատ դրական եմ գնահատում՝ անկախ իմ վերաբերմունքից ՀՀ իշխանություններին»:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը, անդրադառնալով Արցախի ճանաչման հարցի վերաբերյալ պարզաբանմանը, ասաց, որ այն ակնհայտ ճնշումների արդյունք է համարում. «Իմ կարծիքով՝ ռուսական, որը այս գործընթացում աշխատում է ցանկապատի երկու կողմից էլ: Ինձ համար ակնհայտ է, որ այս պատերազմը չէր սկսվի, եթե խախտված չլիներ ռազմաքաղաքական բալանսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ եթե Հայաստանի տնտեսությունը չգտնվեր այսպիսի անհեթեթ, անծրագիր, կոռումպացված իրավիճակում: «Ովքե՞ր են սրա համար մեղավոր», այս հարցի պատասխանը շատ դեպքերում հստակ կարող ենք ասել՝ ռուսները, որոնք մեր գործընկերն են, եւ զինում են հակառակորդին, իսկ մեզ պայմանագրով վարկով տրված զենքն անգամ ուշացնում են: Բայց ռուսների իշխանության խնդիրը թողնենք ռուս ժողովրդին, ռուս ժողովուրդը երեւի իր նախագահին դրա համար հարգում է, որ ուրիշներից կողոպտի բերի իրենց պահի:
Մեր հիմնական մեղավորը այսօրվա գործող իշխանություններն են, Սերժ Սարգսյանը ինքը հայտարարեց, որ 2011 թվականից հետո ինքը հասկացել է, որ նման իրավիճակներ կլինեն եւ դրա մասին բարձրաձայնել է: Գիտե՛ք՝ ինչ, բարձրաձայնել կարող եմ ես, կարող է ցանկացած քաղաքական վերլուծաբան, քաղաքական գործիչ, ինքը պետք է հետեւություններ անի»:
Արամ Սարգսյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունները անհեթեթություն է. Հայաստանը նման իրավիճակում էլի կարող է հայտնվել, եւ խորհրդարանական կառավարման ձեւը նման իրավիճակների համար գրեթե հակացուցված է. «Հետեւաբար՝ այստեղ լուրջ հետեւություններ պետք է անենք, պատերազմը դեռ ավարտված չէ: Ես կարծում եմ՝ 1-1.5 ամիս ժամանակ մենք ունենք՝ քանի դեռ Ադրբեջանում «Ֆորմուլա 1» մրցաշարն է: Այդ ժամանակը ամբողջովին օգտագործել է պետք, լիուլի, Հայաստանի տնտեսությունը եւ կառավարությունը ազատել պորտաբույծ տարբեր տեսակներից, լուրջ խնդիրներ դնել լուծելու եւ շատ լուրջ զբաղվել դիրքերում զինվորի անվտանգությամբ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հարգելիներս դուք բոլորով մի լավ երգ գիտեք<>և հետաքրքիրը այն է,որ ձեզ լծել էին,կամ վստահել էին մեր երկրի հզորացումն ու կայունացումը` ի’սկ դուք ինչպես վարվեցիք`ինչպես Լ.Տեր-Պետրոսյանն ասեց 1989թ-ին’-մեզ տվեք իշխանությունը 10 տարով,այն մենք Ձեզ կվերադարձնենք կամ ծաղկած,կամ նույն մակարդակով:Լեզուն շատ ճկուն է,իսկ ուղեղը շրջահայաց,ով ինչ ցանում է այն էլ կհնձի: Խոսքս միայ հոդվածի մեկնաբանին չի վերաբերվում`եկեք մտածենք բոլորով:Առաջ տեղ էիք տալիս մեկնաբանությունների համար: