Մայիսի 8-ը երկրապահի օրն է: Այդ կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները ծաղիկներ դրեցին ԵԿՄ վարչության շենքում Վազգեն Սարգսյանի կիսանդրիի եւ Երկրապահի խաչքարի առաջ: Ծաղկադրումներից հետո նրանք այցելեցին Եռաբլուր:
ԵԿՄ վարչության անդամ Համլետ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մայիսյան եռատոնը երկրապահի համար եռատոն չէ, այլ՝ քառատոն է. «Առաջինն էր երկրապահը, որ հասավ դիրքեր, հասավ շփման գիծ եւ այնտեղ մեր հաղթանակած հայոց բանակի, զինվորների հետ կարողացավ հենց առաջին օրվանից իրականացնել այն ինչ-որ տեղի ունեցավ՝ պաշտպանությունը, հակահարձակումը»:
Նա ընդգծեց, որ տոնը որքան ԵԿՄ անդամների համար է նշանակալից, այնքան էլ՝ զինվորների. «Երկրապահի օրը նաեւ նրանց համար է, որովհետեւ նրանք հենց մեր սերունդի զավակներն են, նրանց երակներով հոսում է մեր արյունը, նրանց պապերի, նրանց հայրերի արյունը, որոնք Արցախյան ազատամարտում տարան մեծագույն հաղթանակ: Տրամադրությունը բարձր է, մարտական է, անկոտրում, հայոց զինվորը ավելի ուժեղ է մեզ հետ, երբ որ դիրքերում է փորձառու տղաների հետ, հաղթանակած տղաների հետ: Կարծում եմ, որ հիմա զգոնությունը ավելի բարձր է, քան երբեւէ, եւ ամեն վայրկյան մենք եւ մեր զինվորները պատրաստ են արժանի հակահարված տալու եւ նորանոր հաջողություններ արձանագրելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև