Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրափակվել է «Թատրոն-X»-ը

Մայիս 08,2016 13:00

Էջմիածնում`«Մաչանենց» կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ անցկացված  «Թատրոն-X» 9-րդ հանրապետական փառատոնի փակումը: Ներկա են եղել ոչ միայն մասնակից թատրոների դերասաններ ու ռեժիսորներ, այլև թատերական ոլորտի հայտնի ու սիրված գործիչներ: Առանց ճոխ հանդիսության մեկնարկած փառատոնն անցել է թատերական առողջ քննարկումների մթնոլորտում և եզրափակվել թատրոնի սիրահարների ու նվիրյալների ջերմ միջավայրում:Ara Khzmalyan

Լավագույն ներկայացումներին նվիրված քննարկումներ կազմակերպելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնախումբը փառատոնի օրերին այցելել է նաև մարզեր, դիտել ու քննարկել Երևանի ու մարզերի 12 թատրոնի 14 ներկայացում: Մասնագիտական հանձնախմբի անդամները ստացել են շնորհակալագրեր, իսկ թատրոնները` մասնակցության դիպլոմներ:Tatronx

«Թատրոն-X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանն ասում է, որ փառատոնն ավարտում է գոտեպնդված, որովհետև այն պրպտումները, որ տեսնում էինք տարիների ընթացքում դառնում են հաստատուն գործեր: «Վերջապես մեր թատրոնը որոշակիացնում է իր դիմագիծը՝ ինչպիսին ենք մենք: Եթե ինձ հարցնեք ինչպիսին է հայ թատրոնը, ես կդժվարանամ ասել. ինչ ասեք, որ չկա՝ սոցռեալիզմից մինչև քննադատական ռեալիզմ, էքսպերիմենտալ ներկայացումներ մինչև կեղծ ավանդապաշտություն և այլն: Ինչն է, որ խոսում է ճաշակ և միտք ունեցող մարդու մասին և ինչն է, որ խոսում է քաղաքացու մասին, այս ներկայացումները կա՞ն, թե չկա՞ն, կարծում եմ, որ կան: Գուցե շատերը չեն համապատասխանում թատրոնի գեղարվեստի մասին մեր գերագույն պատկերացումներին, բայց խնդիրը դա չէ, կարևորը, որ մենք մտածենք այդ փոխակերպումների մասին, կարևորը,  որ մենք պրոցեսը նկատենք, որովհետև լինելով այդ պրոցեսի մեջ, մենք հաճախ չենք նկատում մեր շուրջը կատարվողը. հարկավոր է նկատել, ամրագրել և փորձել դա ինչ-որ կերպ իմաստավորել»,- ասում է Արա Խզմալյանը: Ամփոփելով «Թատրոն-X» 9-րդ հանրապետական փառատոնը, նա վստահեցնում է, որ գալիս է դերասանական նոր սերունդ, նոր մտածողություն, նրանք ավելի պրոֆեսիոնալ են, որոնք կապ ունեն գրականության, գրական մտքի հետ, գրական ճաշակ ունեն:Tatron_X

Մինչ փառատոնի փակման արարողությունը, տեղի է ունեցել Թատրոն-X հանրապետական փառատոնի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գրքի շնորհանդեսը: Բեմական արվեստի խնդիրներն արծարծող այս գիրքը բաղկացած է երեք գլխից`«Հարցականի ներքո»,  «Պատմության հարցականներ», «Հարցականի իրավունքով»:Ara khzmayna1

«Ժամանակակից լինելն այժմ զուտ նորաձևության դրսևորում չէ, այլ՝ կենսական անհրաժեշտություն: Ժամանակի մարդ լինել՝ նշանակում է լինել նույնքան դյուրաթեք, հարափոփոխ, անսովոր ու անկանխատեսելի,  որքան ինքը՝ ժամանակը»,- «Հարցականի ներքո» գրքի առաջաբանում գրում է Արա Խզմալյանը:Ara Khzmalyan3

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին Արա Խզմալյանի գիրքը հիշեցրել էր այն պարզ ճշմարտությունը, որ թատերագիտությունը թատերական պրոցեսի կարևորագույն մասնիկներից մեկն է. «Թատրոնը փոփոխական է, սա ամենակարևորն է, ընդորում շատ փոփոխական: Այս գրքի ամենամեծ արժեքն այն է, որ նա գիտություն է թատրոնի մասին, դա էլ է փոփոխական: Արա Խզմալյանը իր գրքում մի քանի տեղ նշում է, որ 21-րդ դարի թատրոնը հանդիսատեսի թատրոնն է…մենք վերջապես եկանք այն հասկացությանը, որ նա ոչ թե սպառող է, այլ ներկայացում ստեղծողներից մեկն է, եթե մենք անտեսենք այս իրողությունը, ուրեմն թատրոնը մի քանի դար հետ կգնա»:

Դերասան Նարեկ Դուրյանի կարծիքով Արան այն մարդկանցից է, որոնք շատ համոզիչ ասում են մնա, մի գնա, մնա, աշխատի, ապրի այստեղ… «Ես միանշանակ համաձայն եմ պարոն Բաբայանի հետ. թատրոնն այսօր երկխոսություն է… պետք է առաջ նայել և արժևորել նորը, այս գիրքը տալիս է այդ հնարավորությունը»:

Ինքը` Արա Խզմալյանն անկեղծանում է,  որ իսկապես ավելի շատ հարցեր ունի, քան պատասխաններ. «Մարդը չի կարող ապրել սեփական ժամանակի մեջ և անտեսել այդ ժամանակը»: Գրքի հեղինակը ստեղծագործողներին շնորհակալություն հայտնեց, իրեն մտորելու առիթ տալու համար:

Նարա ԵՓՐԵՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031