Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ Հայաստանի եւ Արցախի իրավապայմանագրային հարաբերություններում

Մայիս 08,2016 10:11

Գուցե ոմանք մոռացել են, բայց 1988-ին Հայաստանը համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելուն: Ահա այդ որոշումը.

«Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը, ինչպես և ազգամիջյան հարաբերությունների շատ այլ չլուծված պրոբլեմներ գտնվում են ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ուշադրության կենտրոնում, որի վկայությունն է ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի` սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով համակված դիմումը Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին: Այդ դիմումը երախտագիտությամբ և հանուն սովետական ժողովուրդների բարեկամության ամրապնդման մեծ պատասխանատվության զգացումով ընդունվեց Սովետական Հայաստանի հասարակայնության, բոլոր աշխատավորների կողմից:

ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշմամբ Կենտկոմի քարտուղարությանը հանձնարարված է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում կուտակված պրոբլեմների, նրա շուրջը ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառների խոր ու համակողմանի ուսումնասիրությունը, համապատասխան առաջարկությունների մշակումը և ըստ դրանց պատրաստության աստիճանի ներկայացնել ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ կառավարության քննարկմանը: Լեռնային Ղարաբաղի պրոբլեմների, մարզի աշխատավորների կարիքների նկատմամբ մեծ ուշադրության վկայություն է հանդիսանում նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը:

Հանրապետության Գերագույն սովետը միահամուռ պաշտպանում է համամիութենական XIX կուսակցական կոնֆերանսին ուղղված ՍՄԿԿ Կենտկոմի թեզիսները, որոնցում նշվում է, որ քաղաքական սիստեմի վերակառուցման շրջանակներում անհրաժեշտ է քննարկել և հասունացած միջոցներ ձեռնարկել սովետական ֆեդերացիայի հետագա զարգացման ուղղությամբ, պահանջվում է մշտական ուշադրություն ազգամիջյան հարաբերությունների հարցերին, յուրաքանչյուր ազգի և ազգության զարգացմանը:

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.

1. Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի և Հայկական ՍՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ՍՍՀՄ սահմանադրության 70 հոդվածով, համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելուն:

2. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետին քննարկել և դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելու հարցը:

3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, դիմելով Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին, հույս է հայտնում, որ այդպիսի որոշումը չի խախտի երկու հանրապետությունների միջև եղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և այն ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ`         Հ. Ոսկանյան

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար`      Ն. Ստեփանյան

15 հունիսի 1988 թվականի»:

Սակայն 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ն անցկացրեց հանրաքվե եւ փաստորեն անկախացավ Հայաստանից:

Հայաստանն այդ անկախությունը չի ճանաչել մինչ օրս: Եվ ինչպես վկայում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Սուրեն Զոլյանը, որն էլ առաջին անգամ այդ հարցը՝ որպես նախագիծ դեռ 1992-ին Գերագույն խորհրդում առաջարկել էր. այն է`ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ այն ժամանակ նորաստեղծ ԼՂՀ Գերագույն խորհուրդը դիմել էր աշխարհի խորհրդարաններին` ճանաչման համար. «Այն ժամանակ էլ հարցը հետաձգվեց ոչ թե սկզբունքային առումով, որ դեմ ենք, այլ առաջարկվեց, որ նախագիծը որպես հրատապ հարց գա, մտնի օրակարգ , երբ դրա համապատասխան պայմանները ստեղծվեն»:

Սուրեն Զոլյանը նաեւ վկայում է. «92 թվականին նման պայմանավորվածություն եղել է, որովհետև նման քննարկումներից մեկի ժամանակ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ «եկեք այդ հարցն այսօր հանենք, բայց ես խոստանում եմ, որ Ղարաբաղի ճանաչման խնդիրը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության նախապատվությունը»: Եվ այն ժամանակ համապատասխան հանձնարարական է տրվել ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Չնայած Արցախի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը սկզբունքային տարաձայնություններ ունեին, որոնք հանգեցրին Հայաստանի առաջին նախագահի հրաժարականին՝ ԼՂՀ ճանաչման հարցում մեր երկրի երեք ղեկավարները փաստացի ունեն նույն մոտեցումը (ի դեպ, նաեւ տարածքների վերադարձման հարցում):

Ահա այժմ էլ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի նախաձեռնությանը՝ «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին», որի հիմնավորման մեջ նշված է, թե «Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու» համար, գործադիր մարմինը պատասխանում է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»:

Այսինքն՝ հիմնավորումն էլի նույնն է, թե երբ համապատասխան պայմանները ստեղծվեն….

Բայց այդ նույն կառավարությունն ամեն տարի ՄԻՋՊԵՏԱԿԱՆ վարկ է հատկացնում Արցախին, այսինքն՝ ըստ այդմ ճանաչում է ԼՂՀ-ն:

Միեւնույն ժամանակ՝ ԼՂՀ քաղաքացիներն ունեն նույն կապույտ անձնագրերը, ինչ ՀՀ քաղաքացիները, եւ արցախցի բազմաթիվ գործիչներ են արդեն ղեկավար պաշտոնների անցել Հայաստանում, եւ հակառակը: Ըստ այդմ՝ կարելի է ասել, որ ուժի մեջ է 1988-ի որոշումը:

Մի խոսքով, զուտ իրավական առումով Հայաստանի եւ Արցախի հարաբերություններում լիակատար «շիլափլավ»՝ խառնաշփոթ է: Եվ առայժմ կարծես հեռանկարում չի էլ երեւում, թե այդ խառնաշփոթը վերացնելու ցանկություն կա:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Կարեն Հեքիմյան says:

    Աննա ջան, խնդրո առարկայի հետ կապված ավելի կարեւոր է 1989թ դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ Գերագույն խորհրդների համատեղ նիստում կայացված որոշումը, համաձայն որի ԼՂԻՄ-ը վերամիավորվեց ՀԽՍՀ-ի հետ: Բոլոր իմաստներով այդ որոշումը ավելի հիմնավոր էր եւ հենց այդ որոշման հիման վրա 1990թ մայիսի 20-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կազմում ընդգրկվեցին Լեռնային Ղարաբաղից ընտրված 11 պատգամավոր: Այսինքն, ուզում եմ ասել, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը վերամիավորվել են 1989թ դեկտեմբերի 1-ին: Իսկ այնուհետեւ, շատ ճիշտ ես ասում, Լեռնային Ղարաբաղը՝ 1991թ դեկտեմբերի 10-ին անկախացավ Հայաստանից: Հետաքրքիրն այն էր, որ 1991թ դեկտեմբերի 10-ից հետո էլ Լեռնային Ղարաբաղից ընտրված, թվով 11 պատագամավորները մինչեւ 1995թ հուլիսի 5-ը շարունակեցին գործունեությունը ՀՀ Գերագույն խորհրդում, էապես ազդելով քվորումի եւ քվեակության արդյունքների վրա՝ կասկածի տակ դնելով ՀՀ ԳԽ կողմից ընդունված օրենքների եւ որոշումների լեգիտիմությունը:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԵՏՄ մտնելիս ՀՀ նախագահը պաշտոնապես հայտարարեց,որ «ԼՂՀ-ն de jure ՀՀ մաս չէ»: Ըստ միջազգային իրավունքի՝ երկրի 1-ին դեմքի նման հայտարարությունը (unilateral declaration) իրավաբանական ուժ ունի: Այսինքն՝ այսօր ԼՂՀ-ն գտնվում է իրավաբանորեն «գորշ տիրույթում» (legal limbo) և de jure ՀՀ մաս չէ՝ անկախ հոդվածում նշված որոշումների (որոնք,իմիջիայլոց, ԽՍՀՄ ԳԽ կողմից չեն ընդունվել):

    • Կարեն Հեքիմյան says:

      1989 թ-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը (ընտրվել էր նույն թվականի օգոստոսի 16-ին) համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Ի պատասխան այդ որոշման՝ 1990 թ-ի հունվարին ադրբեջանական գրոհայինները զինված հարձակումներ են ձեռնարկել ՀԽՍՀ-ի սահմանի ամբողջ երկայնքով, սակայն հայ կամավորական և աշխարհազորային ջոկատները հակահարված են տվել նրանց:
      ՀՀ ԳԽ 1990 թ-ի ընտրություններին մասնակցել է նաև արցախահայությունը:https://www.encyclopedia.am/pages.php?hId=1389

      • Հարգելի Կարեն, լրացումդ լիովին տեղին է: Ինքս մեկ այլ հարթակում վկայակոչել եմ այն, ինչին ի պատասխան մեր դեսպաններից մեկը պատասխանել է. «Չնայած այդ պարագայում էլ ադրբեջանցիներն էլ մի քանի օրից, եթե չեմ սխալվում, լուծարեցին մարզը, Մոսկվայի նույն մարմինը երկու որոշումն էլ հակասահմանադրական ու չեղյալ հռչակեց: Մեր Անկախության հռչակագրում 1989 որոշումը բերվում է որպես հիմնարար փաստաթուղթ, բայց 1995 Սահմանադրությունն այլևս չի հիշատակում: Ամեն դեպքում մեր իրավական թղթածրարը բոլոր երեք նախագահների օրոք հիմնվել է այն փաստի վրա, որ ԼՂ անկախության հանրաքվեն հաջորդել է Ադրբեջանի կողմից անկախության հռչակմանը»:

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Հարգելի Կարեն Հեքիմյան -ես այս թեմայով 5 հոդված եմ տպագրել «Հետքում» և 2-ը՝ «Հրապարակում»,որտեղ անդրադարձել եմ նաև ձեր նշած 1989 թ-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը: Այս ամենով հանդերձ՝ վերևի մեկնաբանությունս մնում է ուժի մեջ. առ այն,որ Ղարաբաղը ԱՅԼԵՎՍ de jure ՀՀ մաս չէ : Ես այս հարցի մասին առաջիկայում պատրաստվում են նոր հոդված տպագրել «Հրապարակում», ու Աննա Իսրայելյանի ճիշտ բնութագրված խառնաշփոթը այս հարցում փորձել մի փոքր հանգուցալուծել:

        • Տիգրան says:

          Հարգելի պարոն Վարազ Սյունի (Ամստերդամ), երբ նշում եք, որ Ղարաբաղը de jure ՀՀ մաս չէ ԱՅԼԵՒՍ, կարո՞ղ եք նշել, թե, իսկ ո՞ր կոնկրետ ժամանակահատվածում եւ ինչի՞ հետեւանքով է Ղարաբաղը դադարել de jure ՀՀ-ի մասը լինելուց: Կխնդրեի նշել նաեւ օրենսդրական հիմքը, ինչպես նաեւ այն, թե Ղարաբաղի օրինակով է՞լ որ մարզը, քաղաքը, գյուղը, ընտանիքը կարող է de jure ՀՀ -ի մասը չլինել: Կանխավ շնորհակալություն:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հարգելի Աննա Իսրայելյան- միանգամայն դիպուկ եք նկատել,որ «ՀՀ կառավարությունն ամեն տարի ՄԻՋՊԵՏԱԿԱՆ վարկ է հատկացնում Արցախին»: Բայց պիտի ընդունենք,որ դա Հայաստանի՛ կողմից օգտագործվող մի տերմին է(որով անվանում են վարկը),որը էական ոչինչ չի փոխում: Միջազգային իրավունքում գոյություն ունեն հստակ կանոններ, թե մի պետություն ինչպես է ճանաչում մեկ այլ պետություն: ՀՀ քաղաքացի զինվորների ներկայությունը ԼՂՀ-ում ու ԼՂՀ բնակիչների հայաստանյան անձնագրեր ունենալը դեռ չի նշանակում,որ Արցախը de jure ՀՀ մաս է: Հարավային Օսիայի բնակիչներն էլ,օրինակ, ռուսական անձնագրեր ունեն և առաջիկայում հանրաքվեով ուզում են մտնել ՌԴ կազմ: Ճիշտ եք նկատել. իրոք «շիլափլավ» է: Ես կարծում եմ սա միտումնավոր են արել,որ հայ ժողովրդին մոլորեցնեն: Սա,միանշանակ, Լ.Տեր-Պ.-ի «ժառանգությունն» է՝ մեր դաշնակցի հետ համաձայնեցված:

  4. Տիգրան says:

    Աննա ջան, իսկ ո՞ւմ առաջ է այդ խառնաշփոթը, ո՞վ է տուժում դրանից, ո՞ւմ է դա անհանգստացնում, ո՞ւմ է դա հետաքրքրում: Իմ համոզմամբ, դա ոչ մեկին չի անհանգստացնում, ոչ մեկին չի հետաքրքրում: Մանավանդ դրսի մարդկանց, կազմակերպություններին, ում կարծիքը մենք շատ սիրում ենք հաշվի առնել: Այս պահին տուժող էլ չկա: Տուժողը կլինի հետո: Նա հիմա չի նկատում, թե որքան է հետո տուժելու: Նա դա կզգա հետո, բայց շատ ուշ կլինի: Այդ տուժողը հայ ժողովուրդն է, որը 2 պետություն-2 պետություն զառանցանքային խաղը խաղալով՝ չի գիտակցում, թե ուր է գնում: Իսկ այս խաղը կործանարար կլինի նրա համար: Եթե Առավոտում ասածիս հետ համաձայն չեն, կամ գիտեն նշածս հարցերի պատասխանը, սիրով կլսեի դրանք: Շնորհակալություն: Այս թեման պետք է լրջագույնս արծարծել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031