«Հետք». Բրիտանացի լեգենդար ռոք երգիչ և երգահան, աշխարհահռչակ «Deep Purple» խմբի մենակատար Իեն Գիլանի պաշտոնական կայքում մոտ երեք տարի առաջ մի ուշագրավ նամակի հանդիպեցի:
Այդ նամակ-գրառումում ադրբեջանցի Բարաթ Ագաև անունով ներկայացած ոմն մեկը սրտաճմլիկ քննադատություն էր հնչեցնում իր երաժշտական կուռքի հասցեին, որի պատճառը Գիլանի` Հայաստանում արված արտահայտություններից մեկն էր: «Ես 18 տարեկան եմ, ձեր մեծագույն երկրպագուներից եմ և ժամերով սիրում եմ լսել դիփփըրփըլյան ձեր երգերը, հատկապես «Child in Time»-ը… շատ հանճարեղ մի երգ, որը պատերազմի դեմ է ուղղված, այո՛, պատերազմի: – ասում է ադրբեջանցի երկրպագուն,- Բայց այսօր ես ցնցված էի մի նորությունից: Ես փորձեցի որոշ տեղեկություն հավաքել Ձեր մասին և, ցավոք սրտի, հանդիպեցի մի շատ վատ իրողության, որը ստիպեց ինձ լաց լինել. Դուք ասել եք, որ Հայաստանը Ձեր հոգևոր հայրենիքն է… մինչդեռ Դուք ոչինչ չգիտեք Հայաստանի՝ իմ հայրենիքի հանդեպ դրսևորած ագրեսիայի և ահաբեկչության մասին, նույնիսկ տեղյակ էլ չեք, թե ինչպես են նրանք կենդանի վառել ադրբեջանցիներին, կտրել նրանց գլուխները, գլխամաշկը, օկուպացրել մեր տարածքը, որը կոչվում է Ղարաբաղ»:
Այնուհետև ադրբեջանական կեղծ քարոզչության դասը լավագույնս սերտած այս պատանյակը շարունակում է ներկայացնել հայկական «անմարդկային վայրագությունները» իրենց ազնվագույն և տառապած ժողովրդի հանդեպ՝ արդեն տեղեկատվական դաշտում ունեցած մեր զենք-զինամթերքով, որի արդյունքում մինչ օրս Ղարաբաղը սխալ ճանապարհով է ներկայացվում օտարերկրացիներին:
Ապա հրավիրում է Ադրբեջան՝ ողջ պատմության իսկությունը տեղում, աչքով տեսնելու և Գիլանին հասկացնելու նպատակով: Իսկ մինչ այդ, այսինքն` մինչ Լոնդոն-Բաքու չվերթի տոմսը ձեռք բերելը, երգչին առաջարկում է ճշմարտության հետ առերեսումը սկսել Խոջալուի մասին հնարած ադրբեջանական կայքից: «Երդվում եմ, ես միմիայն ճիշտն եմ ասում»,- այսպես է համոզում Բարաթ Ագաևը:
Կարդացեք նաև
«Փոքր-ինչ անհանգստությամբ եմ պատասխանում Ձեր նամակին,- ասում է Գիլանը,- որովհետև մտավախություն ունեմ, որ այն ավելի ընդգրկուն կլինի, քան Դուք էիք պատկերացնում, երբ մոտենում էիք թղթին»:
«Նախևառաջ անդրադառնամ անճշտությանը. «Child in Time» -ը պատերազմի դեմ գրված երգ չէ,- պատասխանում է Գիլանը,- այն հիմարության մասին է: Մեկն անխուսափելի է, մյուսը՝ ոչ»: Նրա կարծիքով՝ երգի իմաստային թյուրըմբռնման պատճառը, ըստ էության վերնագրում բացակայող ստորակետն է:
«Իսկ ինչ վերաբերում է երկրորդ մասին՝ իմ հոգևոր տանը, ապա այն կարող է լինել ցանկացած վայր, որը դիպչել է հոգուս, ցանկացած տեղ, ուր ինձ մեծահոգաբար խոնարհվել են և ապաստան տվել, և դա ամենևին էլ ձևականություն չէ:- եզրափակելով շեշտում է Իեն Գիլանը,- Հատկապես այս շաբաթ մտքումս են լեհական որոշ շրջաններ. Բավարիան, Թայլանդը, Ռուսաստանը, Շոտլանդիան և Անգլիան, ինչպես նաև Հայաստանը, որտեղ իմ առաջին այցելությունը բավականին խորը հանգամանքներ էր կրում: Եթե ես շարունակեի թվարկել այս ցանկը, ապա դրա արժեքը կփոքրանար, բայց ի ուրախություն քեզ, ես այն չեմ անի»:
Նաիրա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Գիլանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից