Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ճանաչման հարցը շահերի և սակարկությունների առարկա կամ բարոյականության դրսևորում Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ

Մայիս 08,2016 08:39

Հետաքրքիր է, քանի անգամ պետք է խաբվենք, որ համոզվենք Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը մեզ խաբում են և մշտապես խաբելու են: Տարիներ շարունակ մեր երկիրը քաղաքականություն էր խաղում Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում, որպեսզի հանկարծ չնեղացնի մեր հայր Ռուսաստանին և մեր հարևան Ադրբեջանին ու Թուրքիային: Ի՞նչ ստացանք դրա դիմաց: Ստացանք ապրիլյան պատերազմը և հարյուրավոր զոհեր ու ավերածություններ: Սա՞ է Հայաստանի վարած ճկուն քաղաքականությունը: Այս աշխարհում ոչ ոք կույր չէ, որ չհասկանա. երբ ասում ենք Ղարաբաղ, հասկանում ենք Հայաստան: Ադրբեջանը չի հաշտվում և երբեք էլ չի հաշտվելու այդ իրողության հետ ու ամեն կերպ փորձելու է ետ վերցնել ամբողջական Ղարաբաղը, իսկ Հայաստանը, որը դեռևս ոչ մի կերպ չի համաձայնվում թեկուզ ազատագրված տարածքները ետ տալ, ասում է. ճիշտ է, ես չեմ ճանաչում Ղարաբաղ պետությունը, ինձ համար այդպիսի պետություն չկա, բայց միևնույն է, այն քեզ չեմ տա: Ղարաբաղյան հակամարտության սկզբից մինչև այսօր Ադրբեջանի պահվածքը պարզորոշ վկայում է հետևյալի մասին. կլինի պատերազմով, թե խաղաղ ճանապարհով, եթե նույնիսկ Ադրբեջանին ետ հանձնվի ողջ Ղարաբաղը (ոչ միայն ազատագրված հինգ կամ յոթ շրջանները), բացի Ստեփանակերտից, միևնույն է նրանք ամեն ինչ շարունակելու են ճիշտ նույն կերպ, ինչ անում են այսօր, քանի դեռ Ստեփանակերտը նույնպես չի տրվել իրենց: Մի՞թե մենք այնքան կույր ենք, որ այս պարզ բանը չենք հասկանում: Նրանք մշտապես ասելու են մի բան, իրականում անելու են մեկ այլ բան: Դա է թուրքական դիվանագիտության հիմնական առանձնահատկությունը:

Ամենաուշը՝ ապրիլի 2-ի առավոտյան, ՀՀ Ազգային Ժողովը պետք է գումարեր արտահերթ նիստ՝ օրակարգային մեկ հարցով. «Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը»: Այդ քայլը հենց Ադրբեջանն էր պարտադրել Հայաստանին, որը սակայն դասական ձևով շրջանցեց այն: Ստեղծվել էր ավելի, քան ակնհայտ իրավիճակ: Հայաստանն ու Ղարաբաղը կատաղի պայքար էին մղում իսլամական ահռելի ուժերի և զինտեխնիկայի դեմ: Աշխարհն ինչ-որ խոսքեր էր բարբաջում, որ գիտեք, մենք չենք ուզում, որ դուք իրար հետ կռվեք, այլ խորհուրդ ենք տալիս, որ փորձեք իրար հետ լեզու գտնել: Իսկ մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանը, որն այդ օրերին ևս զենքի թեժ բիզնես էր անում, վայրկյանների ճշտությամբ ապահովում էր Ադրբեջանի զենքի և զինտեխնիկայի մատակարարումը, բայց միաժամանակ չէր մոռանում բարձրաձայնել, որ ինքն ընդամենը բիզնես է անում և ոչինչ ավելին: Ասում էր նաև, ինչ կլինի, եկեք դուք մի կռվեք, այլ նստեք իրար հետ խոսեք և բարիշեք: Ավելին, պատերազմը մեղմանալու հաջորդող օրերին Ռուսաստանը Հայաստան ուղարկեց չափազանց բարձր ռանգի պաշտոնյաներ Մեդվեդևին ու Լավրովին, ովքեր նույնիսկ ցավակցեցին Հայաստանին՝ կրած զոհերի համար: Այս ամենը նման էր ներկայացման՝ Հայաստանը մենակ էր և մենակ էլ մնաց:

Մեր ամեն զինվորի կյանքը հազար անգամ ավելի թանկ է, քան այն, թե մեր մասին ինչ կմտածեն Ադրբեջանն ու Թուրքիան և մեր «բարեկամ» Ռուսաստանը: Քաղաքականությունն աշխատում է խաղաղ ժամանակ, իսկ երբ սկսվում է պատերազմը, պետք է աշխատեն միայն ռազմական դիվանագիտությունը և ուժը:

Թե Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում ինչ են մտածում մեր իշխանությունները, դրա մասին շատ է ասվել և դա իրենց գործն է: Սակայն ուզում եմ մի փոքր անդրադառնալ Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ ilur.am կայքին Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին: Սկսենք հարցազրույցում արծարծվող Տեր-Պետրոսյանի ամենահիմնական մտքից. «Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է ԼՂ-ի անկախությունը»: Չափազանց բարձր գնահատելով Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ ապրիլյան ճակատամարտի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքից հստակ պարզ դարձավ ճիշտ հակառակը, որ նրանք ոչ միայն հակված չեն երբևէ ճանաչել ԼՂ-ի անկախությունը, այլև այդ նույն միջազգային հանրությունը հոգու խորքում փափագում էր, որպեսզի Ադրբեջանն արագ գրավի Ղարաբաղը, որպեսզի արագ էլ լուծվի այդ թնջուկը և իրենք վերջնականապես գլուխներն ազատեն այդ՝ վարակի հատկանիշներով լեցուն, ղարաբաղյան հակամարտություն կոչվող գլխացավանքից: Ուղղակի նրանց սպասելիքները չարդարացան, քանզի հայոց առյուծները ոչ միայն դիմակայեցին, այլև սատկացրին նենգ թշնամուն, դրանով անակնկալի առջև կանգնեցնելով նաև այդ նույն միջազգային հանրությանը:

Գոնե երեք գերտերություն՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ոչ միայն դեմ են ԼՂ-ի անկախանալուն, այլև դեմ են Հայաստանի կողմից այդ անկախության ճանաչմանը: Վերջին օրերին նրանք հստակորեն և բարձրաձայն արտահայտվել են այդ մասին: Մեջբերում եմ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցչի ելույթից մի հատված, որին դրական գնահատական է տվել Տեր-Պետրոսյանը. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում, որը ոչ այլ ինչ է, քան Մինսկի խմբի համանախագահության կողմից մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում և ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը: Հարց. ո՞ր հանրաքվեի…: Երբ որ, նույն մադրիդյան սկզբունքների համատեքստում նախ ետ կվերադարձվեն ազատագրված յոթ շրջանները, հետո Ղարաբաղը կլցնեն ադրբեջանցի փախստականներով, որոնց թիվը շատ կարճ ժամանակահատվածում մի քանի անգամով կգերազանցի Ղարաբաղում բնակվող հայերի թվին: Այդ հանրաքվեի՞ մասին է խոսքը…: Կարծում եմ, այստեղ ամեն ինչ պարզ է և շարունակելու անհրաժեշտություն չկա: Նույնիսկ անհրաժեշտություն չկա հարցազրույցն ամբողջությամբ վերլուծելու:

Եկել է ժամանակը, երբ իրերը պետք է կոչել իրենց անուններով: Վերջին մի քանի օրերին տարբեր լսարաններում և լրատվամիջոցներում Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ մանկական մի վարկած է շրջանառվում, այն է՝ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը, ապա Ադրբեջանը կվերսկսի լայնածավալ պատերազմը կամ Հայաստանը դեռ պետք է համբերի, չճանաչի ԼՂ-ի անկախությունը և հենց որ Ադրբեջանը դարձյալ լայնածավալ պատերազմ սկսի, այդ դեպքում Հայաստանն անմիջապես պետք է ճանաչի ԼՂ-ի անկախությունը: Իբր այդպես է մտածում նաև Ռուսաստանը: Այլ խոսքով, այս հարցում Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումներն իբր համընկնում են: Մի՞թե Ադրբեջանն իր քայլերը պայմանավորում է նման մանկական վարկածներով: Վերջին մոտ 26 տարիներին Հայաստանը խելոք-խելոք չի ճանաչել ԼՂ-ի անկախությունը, բա ինչո՞ւ Ադրբեջանը սկսեց այդ լայնածավալ, նենգ պատերազմը: Կա՞ որևէ մեկը, որը կարող է հստակ պատասխան տալ այս հարցին: Անկախ այն բանից, թե աշխարհն ինչ է մտածում, Հայաստանն ինչ է մտածում և անում, Ադրբեջանն ունի իր գիծը և հստակ շարժվում է դրանով:

Եթե մի երկիր, օրը ցերեկով՝ ի տես աշխարհի, լայնածավալ պատերազմ սկսեց Ղարաբաղի դեմ և աշխարհի ձևական հորդորներին առ այն, որ դադարեցրեք պատերազմը և նստեք բանակցային սեղանի շուրջ, որին ի պատասխան, այդ նույն երկիրն առանց դույզն իսկ ամոթի զգացումի՝ ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանն է հարձակվել իր վրա, իսկ ինքը պարտադրված պաշտպանվում է, մի՞թե սրանով ամեն ինչ ասված չէ այդ երկրի մասին: Ավելին, մի՞թե այդ նույն 26 տարիների փորձը հստակորեն ցույց չտվեց նաև, որ Հայաստանի կողքին որևէ գերտերություն չկա կանգնած և եթե շարունակենք մեզ պահել ոչ թե անկախ պետության, այլ կցորդի, վախկոտի, խոնարհվողի, կատարածուի նման, ապա մեզ երբևէ չեն հարգելու, հետևաբար, նաև մեզ լուրջ չեն ընդունելու և մեր կողքին երբևէ որևէ երկիր չի կանգնելու: Ի՞նչ անենք, մնանք այս կարգավիճակում, թե՞ գոնե մեկ անգամ մեզ արժանապատիվ՝ անկախ պետության նման պահենք, մեր շահերից ելնելով դեմ գնանք նրանց, ճանաչենք ԼՂ-ի անկախությունը և ցույց տանք, որ մենք էլ կանք:

Անվիճարկելի է, որ պետք է գնանք երկրորդ ճանապարհով և որքան շուտ, այնքան լավ…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Շատ անկեղծ ու իրավացի հարցադրումներ են, որոնց հետ անհնար է չհամաձայնել: Սակայն պիտի ավելացնել մի կարեւոր դիտողություն:
    – Ոչ միայն ԱՄՆ, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, այլ ընդհանրապես ոչ մի պետություն երբեք հակված չէ ֆորմալ կերպով ճանաչելու որեւէ նորածին անկախություն, եթե միայն տվյալ ծնունդի մեջ իրենց կարեւոր շահը չկա, կամ իրենց զորեղ մատը խառը չէ այնտեղ: Հեշտ է հասկանալ, թե ինչ խառնակություններ ու գլխացավանքներ կառաջանային բոլորի համար, եթե անկախության ձգտումը այդքան բարյացկամորեն ընդունվեր: Մյուս կողմից սակայն, բացարձակ հիմար պետք է լինել չհասկանալու համար, որ գոյություն ունեն բնական ու անխուսափելի պատմա-հասարակական պրոցեսներ – մարդկային պատմությունն օրինակ, լեցուն է բազում պետությունների ծննունդներով եւ այլոց վախճաններով: Այսպիսով՝ պոլիտիկանների որոշումներն ու մոտեցումները երբեք բնական կամ գիտական չեն կարող համարվել, եւ առավել եւս՝ որեւ կապ չունեն բարոյականության հետ: Ուստի, չպետք է նրանցից ոչ ողջույնի խոսք սպասել եւ ոչ էլ շատ մեծ բանի տեղ դնել նրանց այս կամ այն սպառնալիքներն ու ճամարտակությունները: Պարզ մի օրինակ՝ կատուն տնային կենդանի է համարվում, սակայն իրականում նա ամենաանկախն է բոլոր կենդանիների համեմատ, իսկ ինչու՜ – որովհետեւ ցանկացած պահի պատրաստ է ճանկռտելու իր կամքը ոտնահարողին:

  2. Նվարդ Ավագյան says:

    Պատերազմն անխուսափելի է բոլո՛ր դեպքերում: Շատ միամիտ պետք է լինել՝ սա չըմբռնելու համար…Ճանաչման հարցում բավականին ենք ուշացել, պատերազմի հերթական՝ գլխավոր ու վերջնական արդեն, փուլն սկսվելուց անմիջապես /գուցե անգամ դրանից առաջ/ ոչ թե անկախությունը պիտի ճանաչել, այլ օրենսդրորեն հաստատել ու պետականորեն հռչակել Հայաստանի հետ Արցախն իր սահմանադրական սահմաններով վերամիավորելու ակտը:Ի վերջո, կարգախոսից է սկսվել պայքարը:Դա են պահանջում Հայոց աշխարհի ապագան եւ մեր զոհերի արյունը:Հզորների առջեւ իշխանությունների ծեքծեքումներին, պահելուն վերջ տալ է պետք: Իմաստուն լինել պետք չէ՝ հնարավոր զարգացումները կռահելու համար:լ Պատերազմից խուսափել, այո, չի հաջողվելու,ուստի ավելի լավ է այն դիմավորել՝ աշխարհին փաստի առջեւ կանգնեցրած,,,,Մեկ է, իրենք մեր օգտին չեն ուզում լուծել խնդիրը: Ավելի ճիշտ՝ ոչ թե մեր, այլ
    ՝ արդարության ու ճշմարտության:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031