Ապրիլյան իրադրությունը սահմանում մեզ ստիպեց որոշ ժամանակով դադարեցնել «Նաեւ հացիվ» շարքը, քանի որ ապրում էինք «ոչ միայն հացիվ» ժամանակներ: Ուզում ենք շարքը վերականգնել Արցախի խոհանոցի անկրկնելի զարդի՝ ժենգյալով հացի բաղադրատոմսով:
Ժենգյալով հացի խմորը շատ պարզ է՝ ջուր, ալյուր եւ աղ: Սակայն ցանկության դեպքում կարելի է պատրաստել խմորիչով կամ թթխմորով խմոր:
Անհրաժեշտ մթերքները
Խմորի համար
Կարդացեք նաև
Ջուր- 300 գրամ
Ալյուր-1 կգ
Խմորիչ -1 ճաշի գդալ
Աղ-1 ճաշի գդալ
Միջուկի համար
1-ական կապ տարբեր կանաչիներ եւ բանջարներ, այդ թվում՝ կանաչ սոխ, սպանախ, բազուկի տերեւ, կնձմնձուկ, ճռճռոկ, պառավի պորտ, եղինջ, թրթնջուկ (щавель), համեմ, մաղադանոս, սամիթ, եղինջ, սինձ, ճնճղապաշար, անանուխ եւ այլն: Բնականաբար, հաճախ դժվար է գտնել այս բոլոր կանաչիները, այդ դեպքում կարելի է բավարարվել եղածով, սակայն ժենգյալով հացին բնորոշ համն ու բույրը ստանալու համար առնվազն կնձմնձուկն ու ճռճռոկը, կանաչ սոխն ու թրնթջուկը պետք է գտնել: Ավելորդ է ասելը, որ կանաչիների այս բույլը հայտնվում է ինչպես բնության մեջ, այնպես էլ շուկայում վաղ գարնանը: Որոշ տեսակներ մայիսին արդեն դժվարությամբ են գտնվում, սակայն Արցախում ես անգամ հունիս-հուլիսին եմ ժենգյալով հաց կերել, այնպես որ կարելի է չեղած բանջարները փոխարինել կոնկրետ սեզոնին եղածով:
Պատրաստման եղանակը
1 բաժակ գոլ ջրում լուծել խմորիչը: Ալյուրին ավելացնել լուծված խմորիչը, եւս կես բաժակ ջուր, աղ, լավ հունցել: Թողնել 2 ժամ, որպեսզի ծավալը կրկնակի ավելանա, կրկին հունցել, թողնել եւս մեկ ժամ: Կրկին հունցել ու բաժանել փոքրիկ գնդիկների: Սրբիչով ծածկել, որ չչորանա:
Եթե առանց խմորիչի խմոր եք պատրաստելու, ապա ալյուրը բլրաձեւ լցրեք, մեջը փոսիկ փորեք, լցրեք գոլ ջուրը եւ մի գդալ աղ, ու սկսեք կողքերից ալյուրը վրա բերելով խառնել, հունցեք բավականին պինդ, սակայն փափուկ խմոր: Առանց խմորիչի խմորն ավելի դժվար է հունցվում, սակայն ավելի արագ է լինում: Խմորը պատրաստ լինելուն պես դրեք մի անկյուն, վրան ծածկեք շորով: Կես ժամ հետո կրկին մեկ անգամ հունցեք, կտեսնեք, որ արդեն անհամեմատ հեշտ է աշխատել խմորի հետ:
Մինչ խմորը հանգստանում է, պատրաստեք միջուկը:
Պետք է նկատել, որ ժենգյալով հացի պատրաստման մեջ ամենադժվարը, ժամանակատարն ու էներգիա խլողը այդքան կանաչիները մաքրելն ու լվանալն է: Դա կարող եք անել նախորդ օրը: Հնարավորին չափ չորացրեք մաքրած եւ լվացած կանաչիները: Մի մեծ թաս վերցրեք եւ բոլոր կանաչիները կտրատեք ու լցրեք մեջը, լավ խառնեք, աղ, սեւ պղպեղ եւ բուսական յուղ ավելացրեք:
Խմորից փոքրիկ գնդիկներ արեք եւ լավ գրտնակեք: Մեջտեղում դրեք բավականաչափ միջուկ, խմորի ծայրերը վրա բերեք, լավ ամրացրեք եւ կրկին գրտնակեք, որ տափակի:
Կարող եք թխել ինչպես կրակի վրա լավ տաքացրած թաջի կամ թուջե ծանր թավայի վրա, այնպես էլ տաք վառարանի վրա: Ոչ մի ձեթ կամ յուղ պետք չի քսել թավայի տակ: Թավան պետք է լինի շատ տաք՝ մինչեւ ժենգյալով հացը դնել, որից հետո՝ կրակը մի փոքր ցածրացրեք, որպեսզի չվառվի: Միջին կրակով եփեք 5-6 րոպե մի կողմից եւ 3-4 րոպե՝ մյուս կողմից: Խմորի գույնից արդեն կզգաք՝ եփվել է, թե չէ:
Պատրաստի հացերը դրեք առանձին առանձին, երբ սառչի՝ կարող եք շարել իրար վրա: Կարող եք մատուցել տաք-տաք՝ վրան կարագ քսած:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ