Կայացավ Street Workout Challenge 3-րդ մրցույթը, որը նախորդներից տարբերվեց նրանով, որ այս անգամ մասնակիցները մրցում էին թիմերով:
Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր երեք մարզիկ, ինչն ավելի էր դժվարացրել պայքարը: Սակայն դա չխանգարեց թեժ մրցակցությանը: Ինչպես Aravot.am-ին ասաց մրցավար, Հայաստանի Street Workout ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանը, ինքը Հոլանդիայից հատուկ այս առիթով ժամանած իր գործընկեր Մայք Բիգիմանի հետ երբեմն դժվարանում էին հաղթանակն այս կամ այն թիմին շնորհել եւ ստիպված էին լինում լրացուցիչ փուլ առաջարկել կողմերին: «Այդ դեպքում արդեն կարեւոր էր դառնում ոչ միայն մարզիկների ուժային տվյալները եւ տեխնիկան, այլեւ ֆիզպատրաստվածության աստիճանը, դիմացկունությունը: Հայաստանի տարբեր քաղաքներից եւ Ստեփանակերտից ժամանած 12 թիմերը մրցակցական մեծ փորձ ձեռք բերեցին, յուրացրին նաեւ թե ինչպես պետք է պայքարել: Վստահ եմ, որ նրանք այդ փորձը եւ ոգեւորությունը կտանեն իրենց հետ ու մեր մարզաձեւն ավելի կզարգացնեն: Դա մեր գլխավոր նպատակներից մեկն է», – ասաց Արթուր Հարությունյանը:
Ի վերջո, հաղթող դարձավ Արտաշատի եռյակը, որի կազմում հանդես էին գալիս Հայաստանի երկու չեմպիոններ: Երկրորդ տեղը բաժին հասավ Տաշիրին, երրորդը՝ Արտաշատին: Արթուր հարությունյանի խոսքերով, այս մրցույթի իսկական հայտնությունը դարձավ Տաշիրի թիմը: «Ընդամենը մեկ տարի մարզվելով Տաշիրը հայտնվեց ուժեղագույնների շարքում: Դա ուրախացնում է: Մարզերում, հատկապես սահմանամերձ տարածքներում, որքան շատ ուժեղ երիտասարդներ լինեն, այնքան ուժեղ հասարակություն եւ մարտունակ բանակ կունենանք, ինչի կարեւորությունը զգում ենք այսօր, այս պատերազմական իրավիճակում», – ասաց նա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ