Լրահոս
Օրվա լրահոսը

Օծվեց Ձորագյուղի վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մայիս 07,2016 21:44

Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբացման և օծման արարողությունը: Այն կատարվեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ եւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի աջակցությամբ: Եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից` ձորագյուղցի Գրիգորյան եղբայրների անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:

Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման  ստույգ թվականը հայտնի չէ, սակայն այն 1830 թվականին Ալաշկերտից գաղթած եւ Ձորագյուղում հաստատված հայ ընտանիքների համատեղ ջանքերով եւ Տեր-Գրիգոր քահանա Վարդապետյանի հովանավորությամբ հիմնանորոգվել ու հավատի տուն է ծառայել 1858 թվականից սկսած: Այն երկրորդ անգամ հիմնանորոգման է ենթարկվել 1905 թվականին: Անցած դարի 30-ական թվականներից, Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին վերածվում է կոլխոզի պահեստի, իսկ 60-ական թվականներից լքվում է` տարեցտարի վերածվելով ավերակ շինության:ՙԵրկու տարվա դժվարին աշխատանքներից հետո կարողացանք ավերակներից վեր բարձրացնել Սուրբ Աստվածածինը : Եկեղեցին հիմնովին մաքրվել է փլվածքներից ու շինարարական աղբից, պատերը հիմքից վեր են բարձրացվել իրենց նախկին տեսքով: Միայն փոփոխություն է կրել զանգակատունը:Ապահովված է նաեւ ջեռուցումը, որպեսզի ձմռան ամիսներին եւս եկեղեցին ընդունի հավատավորներին:՚՚-նշեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանը :Հիմնանորոգված սրբավայրն այլևս կծառայի որպես գործող եկեղեցի, որտեղ տեղի կունենան եկեղեցական բազմապիսի արարողություններ: «Լքված ու կիսաքանդ եկեղեցին տասնամյակներով սպասում էր աղոթքի ու շարականի, ինչն այսօր իրականություն դարձավ Գրիգորյան եղբայրների հոգու ցանկությամբ ու նյութական միջոցներով: Այսուհետ բոլորս մեր ներկայությամբ, աղոթքով ու անխախտ հավատով պիտի շունչ տանք Սուրբ Աստվածածնի զորությանը»,-իր խոսքում նշեց Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը: «Այս եկեղեցու վերաօծմամբ մենք արժանի պատասխան տվեցինք մեր հողի ու հավատի թշնամուն: Մինչ նա կործանում է մեր շեները և հավատի տները , մենք նրան պատասխան ենք տալիս կառուցելով, շենացնելով ու մեր սերունդների մեջ հավատ սերմանելով»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը:23081

Ի երախտագիտություն Գրիգորյան եղբայրների աստվածահաճո ձեռնարկի՝ Կիրակոս վարդապետ Դավթյանը Գեղարքունյաց թեմի կողմից Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրեց Սուրբ Աստվածածնի նկարազարդ պատկերը:ՙ Մեր նախահոր՝ Տեր-Գրիգոր Վարդապետյանի կողմից է առաջին անգամ կազմակերպվել այս եկեղեցու նորոգումն ու օծումը: Սուրբ Աստվածածինը նրա  ձեռնարկից հետո նոր կյանք է ստանում 158 տարի անց: Ես հավատացած եմ , որ մերօրյա ազգային համախմբման մեջ իր արժանի տեղն ունի Հայ Առաքելական եկեղեցին:

Համախմբվելով մեր եկեղեցու շուրջ՝ մենք համախմբվում ենք մեր համազգային նպատակների շուրջ, հայրենի հողի պաշտպանության շուրջ: Եկեք այս նորոգ ու վերաօծված եկեղեցում մոմեր վառենք ու աղոթենք հայրենիքի պաշտպանության համար սահմանապահ դիրքերում զոհված մեր հերոս զինվորների հոգիների հանգստության  և մեր փառապանծ բանակի նորանոր հաղթանակների համար»,-հավատավորներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ, նախաձեռնության հեղինակ Ռաֆիկ Գրիգորյանը:

Տարիներ առաջ Գրիգորյան եղբայրների անձնական միջոցների հաշվին վերանորոգվել է  նաև Ձորագյուղի ևս մեկ հավատի տուն` Մասրուց Անապատ եկեղեցին:   «Այսօրվանից Սուրբ Աստվածածին եկեղեցի են վերադարձվում եկեղեցու հին դռան բանալին, դրոշմակնիքը եւ երեք տարբեր աղոթագրքերը, որոնք հրատարակվել են 1816,1833, 1841 թվականներին: Այս մասունքները 60-ականներից  առ այսօր պահպանվել են բանաստեղծ եւ երգահան Հայրիկ Ղազարյանի տանը»- տեղեկացրեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր ատենապետ, Ձորագյուղի բնակիչ Սարո Ղազարյանը: Եկեղեցական արարողության ավարտին Սուրբ Աստվածածնի բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում Գրիգորյան եղբայրների հովանավորությամբ հավաքված հավատավորներին բաժանվեց Սուրբ մատաղ:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031