Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է համակողմանի զորակցությունն Արցախին, և զորակցությունն այդ բազմաբնույթ է՝ սկսած զինակցելուց, վերջացրած բարոյական ու նյութական աջակցությամբ և ինֆորմացիոն պատերազմին բերած ծանրակշիռ ավանդով:
Օրերս երևանաբնակ մեր հայրենակիցները խիստ սրտառուչ ակցիա էին կազմակերպել պատերազմող Արցախում: «Ես կամ, ես քեզ հետ եմ» նախաձեռնությունը Արցախում արդեն որերորդ օրն է, ինչ նոր ու բարձրակարգ հագուստներ է նվիրում արցախցի այն ընտանիքներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ապրիլյան չորսօրյա պատերազմին ու մեր սահմանների պաշտպանությանը: Շուշի, Ստեփանակերտ ու Ասկերան: Ահա այն բնակավայրերը, որտեղ անցած մի քանի օրերին իրականացվել է նվերների բաժանումը:
Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց ծրագրի համակարգող Սուրեն Բարսեղյանը, իրենց նպատակն արցախցի մեր քույրերին ու եղբայրներին սատարելն է, որևէ կերպ նրանց կողքին կանգնելը, զորավիգ լինելը:
Կարդացեք նաև
-Մինչ այս արդեն երեք մեքենա սնունդ ենք բաժանել դիրքապահներին, հիմա էլ նրանց ընտանիքի անդամներին հագուստներ ենք նվիրում: Մենք սա բարեգործություն չենք համարում, մենք ընդամենը մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր քույրերին ու եղբայրներին: Փորձում ենք գործակից լինել բարուն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց՝ մեր նվիրյալ այն հայրենակիցներին, ում շնորհիվ հենց իրականություն դարձավ մեր այս առաքելությունը,- ասաց Սուրեն Բարսեղյանը:
Նշենք նաև, որ ծրագիրը շարունակություն է ունենալու:
Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ