Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցին և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը վերաբերող հարցեր։ Գերմանացի բժիշկ-մասնագետները Սեյրան Օհանյանին են ներկայացրել ՀՀ մի շարք բժշկական հաստատություններում իրենց հետազոտությունների արդյունքներն ու վստահեցրել, որ հայ բուժաշխատողները կատարել են անհրաժեշտ բոլոր միջամտությունները զինծառայողների վերականգնողական բուժման համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի բժիշկներին հայ գործընկերների կողքին լինելու և լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու համար։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ զինծառայողների բուժման կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։
Պաշտպանության նախարարություն