Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Մեր միջոցները թույլ չէին տալիս եւ հրատապ հարցեր լուծել, եւ երկարաժամկետ ներդրումներ անել ՏՏ-֊ում»

Մայիս 07,2016 15:11

Երեկ «Առավոտի» առցանց եթերում «Դեմ առ Դեմ» հաղորդաշարի եթերում  օգտատերերի կողմից որոշ հարցեր են ուղղվել, որոնք ուղիղ եթերի ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չեղավ հնչեցնել: Այդ հարցերը հյուրերին ուղղեցինք հաղորդումից հետո։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից օգտատերը հետաքրքրվել էր՝ ձեր կարծիքով, արդյոք ունենք մենք այնքան ժամանակ, որ հասցնենք ունենալ բանակի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ՏՏ ոլորտի հետ համատեղ արտադրանք, քանի որ մեզ շատ արագ են անհրաժեշտ ինովացիաներ բանակում, բայց պատերազմը հնարավոր է վերսկսվի ամեն պահի:

Հովհաննիսյանի պատասխանն այս հարցին հետեւյալն է՝ «ՏՏ-ին առնչվող եւ ընդհանրապես զենքի եւ զինամթերքի հետ առնչվող ձեռքբերումները պետք է բաժանել մի քանի խմբի: Նախ՝  որոշակի բաներ հրատապ բերելու խնդիր կա: Բայց այդ տեսակի խնդիրների՝ հրատապ բերելու, ծավալը փոքր է: ՏՏ ոլորտի հետ համագործակցությունը ռազմական արդյունաբերության պրոֆիլում պետք է դիտարկենք: Միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրերի առումով, մենք պետք է կարողանանք այնպիսի վիճակի հասնել, որ մենք երբեք չունենանք այն հարցը, թե՝ այս պահին ինչ է պետք շուտ անել: Այսինքն, երկարաժամկետ եւ մրցունակ պրոդուկտներ լինեն, որոնք մոդեռնիզացիայի, կատարելագործման եւ այլ փուլերով արդիական մնան միշտ: 2013 -ից մենք մի իրավիճակում չէինք, որ  ՏՏ-ի հետ այնպես համագործակցեինք, որ բոլորը գոհ մնային, որովհետեւ մեզ շատ դեպքերում պետք էր հրատապ հարցեր լուծել: Իսկ մենք չունեինք այնքան միջոցներ, որ գնայինք արտասահմանից ինչ-որ ԱԹՍ (անօդաչու թռչող սարքեր) գնեինք, համ էլ գումար տայինք ՏՏ ոլորտի մի ընկերության, եւ ասեինք՝ դու հանգիստ, մի 5 տարում մշակի նման մի բան: Մեր միջոցները թույլ չէին տալիս եւ հրատապ հարցեր լուծել, եւ երկարաժամկետ ներդրումներ անել: Այսօր էլ այս խնդիրն ունենք:

Հրատապ լուծվող հարցերը միայն ֆինանսական հարցերը չեն: Միջազգային պայմանագրեր կան եւ այլն: Այնպես չէ, որ ֆինանսը կա ու միանգամից հնարավոր է գնել: Հատկապես ԱԹՍ-ները շատ արագ զարգացող են, այսօր կարող է լուծում տալ, վաղը այլ բան դուրս գա:  Տարիներ առաջ մենք լուծումներ ենք տվել ԱԹՍ-ներին, բայց հիմա դա չի աշխատում: Բացի այս, նման զինտեխնիկա սահմանափակ երկրներ են ստեղծում: Ի դեպ, Ռուսաստանը մի քանի տարի առաջ Իսրայելից ձեռք բերեց ԱԹՍ-ներ»:

Հովհաննիսյանին ուղղված հաջորդ հարցը հետեւյալն է. «Ժամանակին գրվեց, որ մենք ձեռք ենք բերել չինական ARIA1A համակարգեր, ինչո՞ւ դրանք չեն ցուցադրվում, որ մենք էլ իմանանք «Սմերչին» համարժեքն ունենք»:

Արծրուն Հովհաննիսյան՝ «Պատերազմը հասարակական պահանջով ինչ-որ բան ցուցադրել-չցուցադրելու տրամաբանության հետ չի կարող աշխատել: Մենք ունենք շատ միջոցներ,  որոնք չեն ցուցադրվել, ու ամեն ինչ չէ, որ պետք է միանգամից ցույց տանք: Պատերազմում ես պիտի ցույց տամ ինչ ունեմ՝ որտե՞ղ եմ օգտագործելու, սա ճիշտ չէ»:

Հարց Հովհաննիսյանին՝ ռուս փորձագետ Պավել ֆելգենգաուերն հարցազրույցի ժամանակ հայկական ԱԹՍ-ները համարել է անպիտան, համեմատելով Ադրբեջանի՝ իսրայելական ԱԹՍ-ների հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք, եւ ի՞նչ պարամետրեր ունեն մեր ԱԹՍ-ները:

Արծրուն Հովհաննիսյան՝ «Ամեն մի փորձագետի տեսակետը չեմ ուզում եւ չեմ կարող մեկնաբանել: Պարոն Ֆելգենգաուրը սկանդալային որակումներով է, եւ նա միայն մեր բանակի մասին չէ, որ նման կերպ է խոսում, լավ ծանոթ եմ նրա որակներին: Համեմատության մեջ կարող են լինել թույլ եւ ուժեղ, բայց անպիտա՞ն, թույլ տվեք մենք որոշենք՝ ինչ է մեզ համար անպիտան եւ պիտանի: Մեր ԱԹՍ-ները մեզ համար առաջադրված խնդիրը,  ինչ մենք ուզում ենք, փայլուն կատարում են, եւ դա մեզ բավարարում է: Ադրբեջանի՝ իսրայելական մի մոդելի ԱԹՍ-ն մի պարամետրով ավելի է եւ այլն, նման համեմատությունները, թե մերն անպիտան է, դա էմոցիոնալ դաշտից է»:karen-vardanyan

Հաջորդ հարցն ուղղվել է հաղորդման մյուս հյուրին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին՝ Պարոն Վարդանյան, ըստ ձեզ, ՊՆ-ն ի սրտե տրամադրվա՞ծ է ձեզ հետ (ՏՏ ոլորտի մասնագետների) համագործակցելուն, թե այդ հանդիպումը ուղղակի հասարակության աչքին թոզ փչելու համար էր:

Կարեն Վարդանյան՝ «Դա կերեւա արդյունքներից միայն, երբ արդյունքները ստանանք, ասենք՝  մեկ ամսից կամ ավելի ուշ, պարզ կլինի։ Հիմա համագործակցությունը նորմալ է գնում։ Արդյունքները ստանալուց հետո կարող ենք այդ հարցին ճիշտ պատասխան տալ»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Վարչապետն հայտարարել է, որ մեր երկիրը ունի բոլոր հնարավորությունները և միջոցները երկրի պաշտպանունակության բարձրացման համար: Իսկ առանց հեռանկարային ռազմավարական ծրագրերի և խնդիրների պլանավորման ու լուծման հնարավոր չէ ապահովել հաղթանակ, քանի որ թշնամին ունի այդ ֆինանսական միջոցները և փորձառու խորհուրդատուներ դրսից: Ուրեմն հարցը պետք չէ կապել ֆինանասների բացակաոյւթյան հետ, քանի վոր դա հույժ կարևոր է և ամբողջ ժողովուրդը կրկին կմիանա ու կլուծի այդ հարցը: Մնում է մի բան` պետք է վստահություն ձեռք բերել սեփական ժաղավուրդի մոտ, իսկ դրա համար պետք է արմատապես փոփոխել ստեղծված ներքին իրավիճակը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031