«Ցավով պետք է ասեմ` գեղեցիկ էր, երբ տեսնում էինք, ինչպես են վառվում Շուշին եւ Ջանհասանը, որովհետեւ այդ բարձր կետերից թուրքերն անընդհատ խփում էին Ստեփանակերտն ու Ասկերանը: Վերջապես սիրտներս հովացավ եւ հանգստացանք, երբ Շուշին ազատագրվեց»,-հուզմունքով վերհիշում է օդաչու Միքայել Անդրեասյանը:
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում, որը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին: Հաջորդ օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում բերդաքաղաքից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Շուշիի ազատագրման հերոսական էջերից այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսեցին Արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրման գործողության մասնակիցները, որոնք քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռով զենք-զինամթերք էին տանում, բնակիչներին եւ վիրավորներին տեղափոխում:
Օդաչու Միքայել Անդրեասյանը պատմեց, որ մայիսի 9-ին հակառակորդը 2-րդ անգամ խփեց իր «Yak 40» մոդելի ինքնաթիռը, որը վթարային վայրէջք կատարեց Սիսիանում. «Այդպես վառված նստեցինք… ողնաշարս էր կոտրվել, բայց փառք Աստծո, մեկ տարի անց սկսեցի աշխատել: Շուշին շատ կարեւոր էր մեզ համար, այն կարեւոր հենակետ էր, որի ազատագրումից հետո թուրքերի մեջքը կոտրեցինք, ոգեւորությունն առաջ բրդեց մեր զորքին: Դա մեր աշխատանքն էր, կռիվն էլ է աշխատանք, մեր ավիացիան գերազանց կատարեց իր աշխատանքը եւ քիչ կորուստներով դուրս եկանք պատերազմից: 1500 հոգի հերոսաբար աշխատել են այդ ժամանակ: Մեր հավաքարարները գիշերը «տրյապկեքով» չորացնում էին ինքնաթիռների բենզինը, «սալյարկան», արյունը… շատ մեծ գործ են արել նրանք, այդ մասին, ցավոք, չի խոսվում»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, քանի որ ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի: 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը` «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:
Նույն ինքնաթիռի 2-րդ օդաչու Աշոտ Մանուչարյանն էլ պատմեց, որ իրենց ինքնաթիռը մինչ այդ խոցվել էր նաեւ մարտի 27-ին. «Ջան-Հասանից կրակում էին, թեժ մարտեր էին… Վնասեցին շարժիչը, բայց քանի որ կողքիս բարձր մակարդակի հրամանատար էր նստած(նկատի ունի Միքայել Անդրեասյանին), որոշում կայացվեց վայրէջք կատարել Երեւանում: Բարեհաջող վայրէջք կատարեցինք, ինքնաթիռում մարդիկ կային` քառասուն երեխա, մեկ հոգեւորական եւ ուսուցիչ»:
Բորտ-ինժեներ Արմեն Սայադյանն էլ ականատես է եղել` ինչպես է խոցվել օդանավը. «Կարծես ես ինքս ինքնաթիռում լինեի… բեկորները թափվել էին «պալասայի» վրա` վտանգավոր դարձնելով վայրէջը: Այդ պատճառով էլ մենք վայրէջք կատարեցինք Երեւանում»:
Միքայել Անդրեասյանի բնորոշմամբ` Շուշին Ղարաբաղի սիրտն է, սիրտ` սարի գլխին. «Հարյուր տարի առաջ էլ չկարողացան այն գրավել, իսկ մենք կարողացանք գրավել` 2700 հոգով` մեկ գիշերում: Թուրքի մեջքը ջարդվեց, որովհետեւ նրա համար էլ էր Շուշին կարեւոր: Թուրքը կյանքում ուժեղ չի եղել: Հիմիկվա մեր զինվոր-տղաներն էլ են դա հասկանում: Երբեմն ասում են` «մենք չէինք հավատում, որ թուրքը ճողոպրում է, բայց տեսանք, որ այդպես է»: Թուրքը երբեք նռնակով իրեն ու մի տասը հոգու չի պայթեցնի: Ադրբեջանցի չկա` նրանք թուրք են: Կովկասյան թաթարները դարձել են ադրբեջանցի, մինչդեռ իրենք ժամանակին նեղանում էին, երբ իրենց «ադրբեջանցի» էին ասում»:
Ի դեպ, բորտ-ինժեներ Արմեն Սայադյանի որդին այժմ Մարտունիում է ծառայում: Հոր եւ որդու հեռախոսազրույցի բովանդակությունն անփոփոխ է.
–Դուխդ չգցես, տղես:
-Ամեն ինչ լավ է, պապ ջան…
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ