Վերջին քսանհինգ տարվա ընթացքում Հայաստանի և Թուրքիայի շփման մի քանի առիթների մասին պատմող «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմը մայիսի 6-ին արդեն երկրորդ անգամ ներկայացվեց հայ հասարակությանը:
Նախաձեռնողը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն էր, որի դահլիճում էլ ցուցադրվեց վավերագրական ֆիլմը:
«Փորձել ենք ամփոփել, թե Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից մինչ օրս պետական մակարդակով ինչ շփումներ են եղել Հայաստանի և Թուրքիայի միջև»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախագծի ղեկավար, ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմը պատմությունը, դեպքերն արձանագրելու նշանակություն ունի:
Կարդացեք նաև
«Փակ սահմանի երկխոսության» մեջ են մտել Հայաստանի և Թուրքիայի շփումներում, բանակցությունների գործընթացում դերակատարում ունեցած պաշտոնաթող գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Թուրքիայից։
«Կարծում եմ՝ հայ-թուրքական հարաբերություններում ամենամեծ տաբուն Ցեղասպանությունն է, սակայն ֆիլմում այդ մասին ազատորեն խոսում են և´ հայկական, և´ թուրքական կողմերի ներկայացուցիչները: Այստեղ, ըստ երևույթին, իր դերն է ունեցել նաև պոլիտկոռեկտությունը, որը մենք աշխատում էինք պահպանել հարցեր կազմելիս, հարցազրույցների ժամանակ: Այսինքն՝ ոչ թե հարցով ուղղորդում էինք մեր զրուցակիցներին, այլ այնպիսի պայմաններ էինք ստեղծում, որ նրանք խոսեն այդ մասին: Մեր հարցերի մեջ գրեթե չի եղել «Ցեղասպանություն» բառը, բայց հարցերն այնպես են ձևակերպվել, որ բոլորը խոսել են այդ մասին»,- ասաց Տ. Պասկևիչյանը:
Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերին Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մտադիր են ֆիլմը ներկայացնել նաև միջազգային ասպարեզում՝ թարգմանելով անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով, սակայն այս պահին չկան համապատասխան ֆինանսական միջոցներ։
Ֆիլմն առայժմ թարգմանվել է միայն թուրքերեն և հայաստանյան պրեմիերայից հետո ցուցադրվել է նաև Թուրքիայում. «Փոքր դահլիճ էր. քիչ, բայց շատ ներկայանալի հասարակություն էր հավաքվել»,- նշեց Պասկևիչյանը:
Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, որը ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանը թե´ Հայաստանում, թե´ Թուրքիայում, նկատեց, որ թեև Ստամբուլում ավելի քիչ մարդիկ են ներկա գտնվել ցուցադրությանը, բայց ներկայացուցիչներ են եղել Թուրքիայի արտգործնախարարությունից, երկխոսության գործընթացում ներգրավված հասարակական կազմակերպություններից. «Այսինքն՝ հարցով զբաղվող, ոլորտի մարդիկ էին հավաքվել,- հստակեցրեց Գոչունյանը,- բավականին հետաքրքիր քննարկումներ եղան: Դեսպաններից մեկը, օրինակ, ուշագրավ դիտարկում արեց: Ասաց՝ Թուրքիան այսօր իր սահմանները բաց է պահում այնպիսի երկրների հետ, որտեղից իր ազգային անվտանգությանն ուղղակիորեն սպառնացող երևույթներ են ներթափանցում: Այս պայմաններում առավել ևս չի արդարացվում Թուրքիայի և Հայաստանի սահմանի փակ մնալը»:
Հավելենք, որ «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմն ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի դրամաշնորհային ենթածրագրի շրջանակներում։ Ֆիլմն արտադրել է «Վերսուս» ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfi) հետ համագործակցությամբ և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի աջակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Արա Շիրինյանը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ