Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Քննադատողներն իրենք չեն էլ տիրապետում, թե ծախսն ինչ բան է». «Հրապարակ»

Մայիս 07,2016 12:03

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ միայն բողոքավոր բնակիչների, այլ նաեւ լրագրողների հետ է սկսել ազատ շփվել։ Նախկինում ինչքան մոտենում էինք նրան, Մարգարյանն ասում էր. «Հիմա էդ օրը չէ, շնորհակալություն», ու հեռանում էր։ Երկու օր առաջ՝ ՀՀԿ նիստի օրը, երբ նրան հանդիպեցինք կուսակցության գրասենյակ մտնելիս, չզլացավ, կանգնեց ու համբերատար պատասխանեց մեր բոլոր հարցերին։ Մենք էլ օգտվեցինք առիթից եւ ամեն ինչից խոսեցինք՝ էլ քաղաքում աղբամանների քչությունից, էլ քաղաքապետարանի անիմաստ ծախսերից, էլ զուգարանի վերածված գետնանցումներից ու ամեն տարի կատարվող ասֆալտապատումից։ Նախ սկսեցինք այս տարվա «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ծախսերից։

-Որքան էլ որ ասում եք՝ դրանք ներկայացուցչական ծախսեր են, Դուք վերլուծություն արե՞լ եք՝ ի՞նչ ուղղությամբ եւ ինչո՞ւ են քննադատում։

– Ես պատկերացնում եմ հետեւյալը. էդ քննադատողներն իրենք չեն էլ տիրապետում, թե ծախսն ինչ բան է, եւ արդյունավետությանն ու ոչ արդյունավետությանը չեն տիրապետում։ Բոլոր այն գիտակից ու հասկացող մարդիկ, որոնք նվիրված են իրենց աշխատանքին, լավ գիտակցում են այդ ծախսերի հիմնավորումները։ Իսկ մյուսները փորձում են մեր քաղաքացիների սոցիալական վիճակի հաշվին իրենց հեղինակությունը, իրենց խոսքն ընդունելի դարձնել։

– Քննադատում են նաեւ այն, որ նույն փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտ եք անում, դրա՞ն ինչ կասեք։ Մարդիկ կարծում են, որ պատճառն ատկատներն են, եւ որ ծանոթ-բարեկամներն են միայն տենդերներում հաղթում։

– Ուրեմն դա էլ մասնագիտական խնդիր է, ամեն ինչ ունի իր խնդիրը… Իսկ Դուք եկել-մասնակցե՞լ եք այդ տենդերներին, կամ Ձեր ծանոթներից մասնակցե՞լ են։ Դրանք ուղղակի կողքի խոսակցություններ են, ես էլ շատ բան Ձեր մասին եմ լսել, բայց չեմ արտահայտվում, ինձ թույլ չեմ տալիս։ ՛

– Եթե այնպիսի բան գիտեք իմ մասին, որ ես իմ գործունեությամբ վնաս եմ հասցնում որեւէ մեկին, կարող եք ազատ արտահայտվել։

– Չէ, եթե ես չիմանամ, ես իմ լսածը հիմք չեմ ընդունում, ես պետք է նաեւ իմանամ։ Ու, խնդրեմ՝ Դուք էլ դա իմացեք, նոր արտահայտվեք։

– Ձեզ բավարարո՞ւմ է մեր փողոցների վիճակը, ասֆալտի որակը։ – Այո, բավարարում է։ Դուք որ մտնում եք խանութ, ապրանքի ժամկետին եք, չէ՞, նայում։ Ամեն ապրանք ունի իր ժամկետը, նույն ասֆալտն էլ ունի իր ժամկետը։ – Երկար ժամանակ է՝ Դուք քաղաքապետ եք, բայց նույն խնդիրների մասին ամեն տարի գրում ենք, ու կարծես չեն լուծվում։

– Ես դրա մասով համաձայն չեմ, քաղաքային տնտեսությունում, այո, խնդիրները շատ են, եւ մենք միասին պետք է էդ աշխատանքներն իրականացնենք։ Իսկ ինչ մնում է, որ խնդիրները շատ են, բա բնակա՞ն չէ, մեծ քաղաքում մեծ խնդիրներ են լինում, փոքր քաղաքներում՝ փոքր խնդիրներ։ Եվ այդ խնդիրները միայն Երեւանում չեն, բոլոր զարգացած քաղաքներում էդ խնդիրները կան։ Դրա համար Դուք համեմատական տարեք՝ 2 տարի առաջ, 5 տարի առաջ կամ 10 տարի առաջ Երեւան քաղաքը եւ այսօր, եւ օրինակներով կհամոզվեք, թե էս փողոցում ինչ է եղել, հիմա ինչ է։

– Վերջին հարցը. Դուք ուզո՞ւմ եք նորից քաղաքապետ դառնալ։

– Գիտե՞ք հարցը որն է, ես իմ աշխատանքը սիրում եմ, եւ էն պրոֆեսիոնալ թիմը, որ կա, բնականաբար, մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է երկար ժամանակ շարունակել աշխատել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031