Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության անդամ Կլաուդիա Ռոթը ծավալուն հարցազրույց է տվել «Ակօսին», որի ընթացքում խոսել է նաև 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության նախագծի և թուրք-գերմանական հարաբերությունների մասին։
Լրագրողի հարցին, թե կընդունվի՞ արդյոք նախագիծը Գերմանիայի խորհրդարանում, Ռոթը պատասխանել է. «Արդեն ժամանակը եկել է։ Մենք կողմնակից էինք, որպեսզի նախագիծը ընդունվեր 1 տարի առաջ՝ 100-ամյակին։ Նույնիսկ ուշացել ենք»։
Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակը անդրադարձել նաև Հայոց ցեղասպանության նախագծի հնարավոր ընդունման վերաբերյալ նախազգուշական մի քանի հայտարարություններին, որ հնչեցրել էր Գերմանիայում հավատարմագրված Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուն. «Այդպիսի դիրքորոշումն անհավատալի է։ Ինչ-որ դեսպան կարողանում է հանդգնել նախազգուշացնել Գերմանիայի խորհրդարանին։ Ոչ մի դեսպանատուն, ոչ մի կառավարություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին»։
Հարցին, թե ինչ կտա Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, փոխխոսնակն ասել է. «Այս ցեղասպանությունն ընդունելով՝ հնարավորություն կստեղծվի քննարկել դրանում առկա նաև մեր պատասխանատվությունը, որովհետև տեղի ունեցածում պատասխանատվություն ունի նաև Գերմանիան»։
Կարդացեք նաև