ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախաձեռնության վերաբերյալ գնահատական-հրապարակումով, որտեղ ճիշտ է համարել ճանաչումից զերծ մնալու իշխանությունների դիրքորոշումը՝ ասելով, որ միակողմանի ճանաչումը՝ առանց որևէ միջազգային կառույցի կամ գեթ մեկ գերտերության աջակցության, կլինի շատ վտանգավոր: Միաժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ աշխարհը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը, սակայն սրան զուգահեռ՝ նա կոչ է անում շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների շրջանակում:
Տեր-Պետրոսյանը ստանձնել է ներկայիս իրավիճակում իշխանության «ուղեկցորդի» յուրօրինակ մի դեր, և նրա հերթական հրապարակումը, հերթական քայլը հետաքրքրական է հենց սրանով: Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է, և Տեր-Պետրոսյանն աջակցություն է հայտնում իշխանությունների քայլին: Սակայն եթե ամեն ինչ այդքան պարզ է, ապա ինչո՞ւ աջակցել մի քայլի, որի վերաբերյալ արդեն իսկ ակնհայտ է իշխանությունների որոշումը: Ի՞նչ կարիք կամ անհրաժեշտություն կար, որ Տեր-Պետրոսյանը հայտներ աջակցությունը կամ իր կարծիքը: Եթե դա արվեր, օրինակ, կառավարությունում հարցի քննարկումից առաջ, ապա կլիներ հասկանալի, սակայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանն արդեն իսկ հայտարարել է, որ չի գնա ճանաչման, քանի դեռ լայնամասշտաբ նոր գրոհ չկա, կարծես թե աջակցության նպատակահարմարությունն այնքան էլ հասկանալի չէ: Մնում է ենթադրել, որ պարզություն կա միայն առաջին հայացքից, իսկ իրականում հյուսվում է բավական բազմաքայլ մի կոմբինացիայի հերթական օղակը:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: