Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը ոչ միայն ոտքի ելավ, այլեւ համախմբեց հասարակությանը. «Հայոց աշխարհ»

Մայիս 07,2016 11:09

Ապրիլի 2-ի առավոտյան, երբ սեւ բոթի նման տարածվեցին ադրբեջանական բանակի հարձակման, առավել եւս թե՛ հյուսիսում, թե՛ հարավում առաջխաղացման, ինչպես նաեւ մեր կորուստների մասին լուրերը, հակառակորդին հետ շպրտելու վճռականությանը գումարվեց մեր զինծառայողների համար վրեժ լուծելու ցասումը, եւ ալիքվեց կամավորական շարժումը:

Այն ավելին էր, քան ժողովրդական աշխարհազորը, ավելի ճիշտ պահեստազոր էր, որովհետեւ իրար գումարվեցին Արցախյան՝ այժմ արդեն առաջին պատերազմի մասնակիցները եւ վերջին երկու տասնամյակներին ծառայած եւ զորացրված սպաներն ու ժամկետային զինծառայողները:

Ժողովուրդը ոչ միայն ոտքի ելավ, այլեւ համախմբեց հասարակությանը: Ոչ թե հասարակական-քաղաքական ուժերը համախմբեցին ժողովրդին, այլ, հակառակը, զինվորական համազգեստ եւ զենք ստանալու շտապող կամավորականները իրենց անձնվիրությամբ միավորեցին բոլոր այն ուժերին, որոնք ընդունակ են միավորվելու երկրին սպառնացող վտանգի ժամանակ:

Թերեւս ոչ մի զորավարժություն, ուսումնական եւ ռազմական տագնապ չէին կարող այնպիսի արդյունավետ կազմակերպման հանգեցնել, ինչպես առաջ բերեց վտանգված սահմանների հանդեպ տագնապը:
Առաջին պահի շփոթմունքին փոխարինեց անմիջապես սահման մեկնելու գիտակցումը, ունեցած ներքին բարոյական պատասխանատվությունը դիրքերը հետ վերցնելու: Մի քանի ժամվա մեջ հողի աշխատավորը, գործազուրկը եւ ամենատարբեր աշխատանքների տեր մարդիկ նորից վերածվեցին հայրենիքի զինվորների:
Երկրապահ կամավորականների միության վարչություն սկսեցին հասնել շրջաններից եկած մեքենաները: Շատերը տեղի ունեցածի մասին լսել էին հողամասերում աշխատելիս: Չորս, հինգ հոգով նստել էին իրենցից մեկի մեքենան եւ հասել Երեւան: Առօրյայի հոգսը աստիճանաբար ցրվեց նրանց դեմքերից, եւ սկսեց ուրվագծվել զինվորական կենտրոնացումը:

Պատերազմին հաջորդած տարիների դառնությունը մի կողմ շպրտվեց եւ, բարեբախտաբար, անհիմն դարձավ վերջին տարիներին արծարծվող այն մտավախությունը, թե շատերը կյանքի հոգսերի եւ կրած դառնության պատճառով երկրորդ անգամ զենք չեն վերցնի:

Ապրիլի երկուսը թեեւ որոշակի պատճառներով անցավ սպասողական վիճակի մեջ, սակայն այդ օրը ձեւավորվեցին այն խմբերը, որոնք հաջորդ օրը, ստանալով զինվորական համազգեստ եւ զենք, մեկնեցին ռազմաճակատ:

Նաեւ պարզվեց, որ շատ ավելի հեշտ է ուժով մարդկանց զորակոչելը, քան թե մերժել այդ պահին ռազմաճակատ մեկնելու խնդրանքով դիմողներին, առավել եւս, եթե նրանք որոշակի տարիքի են հասել կամ վիրավորվել 1990-ական թթ. մարտական գործողությունների ընթացքում: Նրանց մերժելը հավասարազոր էր ասելու, թե դուք շարքի համար պիտանի չեք:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031