Լրահոս
Օրվա լրահոսը

 Վահրամ Բաղդասարյան. «Մեր նպատակը մեկն է` գործընթացը չվտանգել». Հայոց աշխարհ»

Մայիս 07,2016 10:45

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ 

   -Պարոն Բաղդասարյան, կարծես թյուրընկալում եղավ ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ գործադիրի դիրքորոշման առնչությամբ: 

-Պետք է հասկանալ, որ գործադիրը ոչ թե նախագծին տվեց դրական կամ բացասական կարծիք, այլ հավանության արժանացրեց նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որում գրված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ նաեւ արտաքին գործոնները»:

Սա կարեւոր, դիվանագիտական մեկնաբանություն է: Այնուհետ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «ԱԺ երկու ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը»:

Հիմա տանք ստեղծված իրավիճակի պատկերը: Խնդիրը հետեւյալն է. քառօրյա պատերազմից անմիջապես հետո արդեն իսկ մեզանում արտահայտվեցին տրամադրություններ, որ կա՛մ պետք է դնել ԼՂՀ ճանաչման խնդիրը, կա՛մ ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիր պատրաստել:
Հիշո՞ւմ եք, այդ օրերին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց օտարերկրյա դեսպանների հետ ու հայտարարեց, որ նման իրավիճակում, երբ ագրեսոր Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները ու գնում լայնածավալ գործողությունների, Հայաստանին այլ բան չի մնում, քան պատրաստել ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիր:

Սրան հաջորդեց Ադրբեջանի հայտնի խնդրանքը հրադադարի մասին: Ու քանի որ Հայաստանը երբեք չի եղել պատերազմի հրձիգ, մշտապես հավատարիմ է մնացել 94-ին ստորագրված հրադադարի եռակողմ պայմանագրին, բնականաբար ընդունեց հրադադարի ռեժիմը:

Քառօրյա պատերազմը մոտեցումներ փոխեց, եւ պատահական չէ, որ հանրապետության նախագահը հայտարարեց, թե բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ. առաջին՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդ՝ հասցեական հայտարարությունների հնչեցում, որոնք պարզորոշ ցույց կտան, թե ով է իրական ագրեսորը, ով է պատերազմի հրձիգը, երրորդ՝ երաշխիքներ միջազգային կառույցների կողմից, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

Այսօր գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում: Եվ եթե ԼՂՀ ճանաչման հարցում մենք փոքր-ինչ շտապողականություն ցուցաբերենք, ապա կարող ենք գնդակը Ադրբեջանից տեղափոխել մեր դաշտ:

«Գաստրոլների» սիրահարներին խորհուրդ կտամ. պետք չէ նման նախաձեռնություններով ցույց տալ, թե դուք եք ամենից «պատրիոտը»: Իշխանությունը նման խնդիր չունի, մեր նպատակը մեկն է` գործընթացը չվտանգել:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031