Լրահոս
Օրվա լրահոսը

1992-ի մայիսին վճռվում էր հենց մեր երիտասարդ հանրապետության ճակատագիրը. «Ազատ Արցախ»

Մայիս 07,2016 10:23

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարիներին արդեն 24-րդ գարունն է, որ Մայիսի 9-ը ազգովին նշում ենք որպես եռատոն։

Արցախցիները Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցների հետ միասին հանդիսավորությամբ տոնում են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրը։

ԼՂՀ պետական տոների օրացույցում այս տարեթիվն առանձին տեղ է գրավում։ Բայց ոչ միայն այն պատճառով, որ հանգամանքների երջանիկ զուգադիպությամբ այն ներառել է միանգամից երեք նշանակալի, մեր ժողովրդի համար հիրավի օրհասական իրադարձություններ՝ Մեծ հաղթանակի տոն, մեր բանակի և Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրման օր։ Թերևս մեծ մասամբ և այն պատճառով, որ 1992-ի մայիսին փաստորեն վճռվում էր հենց մեր երիտասարդ հանրապետության ճակատագիրը, որի կես տարուց քիչ ավելի պատմություն ունեցող անկախ պետականությանը սպասվում էր դիմացկունության ամենալուրջ փորձությունը։ Ու թեև հիշարժան տարեթվերի մեր օրացույցում կան և ԼՂՀ պետականության կայացման փուլերը նշանավորող պատմական այլ կարևոր օրեր, այնուամենայնիվ, Մայիսի 9-ը այդ շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում։

1992 թվականի այդ օրը ղարաբաղյան զինված ստորաբաժանումների կողմից, վերջապես, ազատագրվեց Շուշին, որն ադրբեջանցիների կողմից վերածվել էր հզոր ռազմական բազայի և մահացու կրակ էր թափում Ստեփանակերտի ու մերձակա հայկական բնակավայրերի վրա։ Այդ գերդժվար խնդիրն իրականացվեց փայլուն կերպով, ու հենց այդ պատճառով Շուշիի ռազմագործողության հաջողությունը, որը մշակվել և անցկացվել էր բարձր մակարդակով, իրավամբ համարվում է հայկական զենքի, մեր մարտիկների ոգու ուժի և հզոր կամքի փառապանծ հաղթանակ։ Այդ պատճառով է նաև, որ Մայիսի 9-ը համարվում է ԼՂՀ պաշպանության բանակի ծննդյան օր։ Չափազանցություն չի լինի այն պնդումը, որ Շուշիի ազատագրումը ողջ հայ ժողովրդի հաղթանակն էր, որը ցուցաբերեց ազգային ոգու վեհություն ու կարողացավ համախմբվել հանուն Արցախի փրկության, որ դիմակայում էր խիստ վտանգավոր թշնամուն։ Պաշտպանության բանակը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարևորագույն նվաճումներից մեկը և արդարացիորեն արժանացավ նրա անվտանգության ու խաղաղ զարգացման գլխավոր երաշխիքի պատվավոր կոչմանը։ Միանգամայն օրինաչափ է, որ Շուշիի ազատագրման օրը նշվում է հատուկ հանդիսավորությամբ, իսկ նրա ազատագրողները մեր ժողովրդի կողմից առանձին հարգանք են վայելում։

Մայիսի 9-ը աներևույթ թելի պես միացրեց երկու՝ 1945-ին գերմանական ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ մեր երբեմնի ընդհանուր հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի և Շուշիում 1992 թվականին ադրբեջանական ֆաշիզմի դեմ մեր փոքր և ինքնիշխան հայրենիքի հաղթանակները։ Իրենց ծավալներով 1941-1945 և 1991-1994 թվականների պատերազմներն, իհարկե, անհամատեղելի են, իրենց էությամբ, սակայն, երկուսն էլ միանման՝ Հայրենական են։ Ինչպես և միանման է այդ պատերազմներում տարած հաղթանակների էությունը, քանի որ Շուշիում տարած հաղթանակը ղարաբաղցիների ճակատագրի համար նույնքան հսկայական նշանակություն ուներ, որքան ողջ աշխարհի ճակատագրի համար ֆաշիզմի դեմ հաղթանակը, որովհետև ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում լինել թե չլինելու հարցն էր դրված։ Չլիներ Շուշիի ազատագրումը, Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանն անխուսափելիորեն կպատուհասեր թուրք-ադրբեջանական ցեղասպանությունների զոհերը դարձած մեր հայրենակիցների բախտը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազատ Արցախ» թերթում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031