Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը հզոր երկիր է

Մայիս 07,2016 10:00

Երբ ես գրում էի երեք սերունդների մասին՝ մաքուր խորհրդային, կիսախորհրդային (մեր) եւ անկախական (երիտասարդ), ես նկատի չունեի, որ առաջին երկուսը արժանիքներ կամ ծառայություններ չունեն: Խոսքս «լավի» ու «վատի» մասին չէ, խնդիրը այսօրվան համահունչ մտածողության առկայությունն է եւ բացակայությունը: Փոքր-ինչ պարզեցնելով՝ կարելի է, օրինակ, ասել, որ ավագ սերունդը կարծում է, որ պետք է շարունակել ռուսներից մուրալ իրենց խոստացած 200 միլիոնի զենքը՝ չհասկանալով, որ դա, այդ ազգի լեզվով ասած՝ гиблое дело: Միջին սերունդը գտնում է, որ գուցե ժամանակն է մտածել այլընտրանքների մասին: Երիտասարդները պարզապես կռվում են այն զենքով, որը նրանք ունեն՝ շատ չխորանալով այն հարցի մեջ, թե իրենց պետությունը լավն է, թե վատն է, դա, բոլոր դեպքերում, ԻՐԵՆՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է:

Կոնկրետ զենքի հարցով պարզ է, որ պետք է այն գնել այլ տեղերից եւ ըստ հնարավորության ստեղծել սեփականը: Հարյուրավոր երիտասարդ մասնագետներ, ճիշտ այնպես, ինչպես նրանց հասակակիցները, կռվում են խրամատներում, պատրաստ են օրուգիշեր աշխատել դրա վրա: Հարյուրավոր հայեր Հայաստանում եւ Հայաստանից դուրս պատրաստ են դա ֆինանսավորել: Դա իրականում ահռելի, հզոր ուժ է, որը պետք է օգտագործել եւ կազմակերպել:

Բայց ո՞վ է օգտագործողն ու կազմակերպողը, եթե մեր գիտության թիվ մեկ պատասխանատուն կարծում է, որ մենք «քոսոտ երկիր ենք»: Ռադիկ Մարտիրոսյանը հենց այդ՝ թվարկածս առաջին, զուտ խորհրդային մտածելակերպի ներկայացուցիչն է: Պետք չէ նրան քարկոծել, վիրավորել եւ այլն, պետք է պահանջել, որ նա պատվավոր թոշակի գնա, եւ նրա տեղը գա մի մարդ, որը գուցեեւ չի կրում խորհրդային ակադեմիկոսի անիմաստ «ուսադիրները», բայց հասկանում է, որ ղեկավարում է պատերազմող երկրի գիտությունը: Այդ` նոր սերնդի մարդը կարող է լավ ֆիզիկոս չլինել, բայց նա պիտի գիտակցի, որ Գիտությունների ազգային ակադեմիան ոչ թե «թոշակառուների համար սոցապ մարմին» է, այլ կարեւոր կառույց է մի պետության, որի «արտադրանքը» այսպես թե այնպես պետք է ծառայի խրամատում կանգնած զինվորին:

Եթե Հայաստանի հիմնական պետական ինստիտուտներն ապրում են 1990-ականների՝ «մի բան փախցնենք» մտածելակերպով, ապա Գիտություների ակադեմիան` Ռադիկ Մարտիրոսյանի գեղավարությամբ, դեռեւս 1970-ականների մեջ է ապրում` այն ժամանակների, երբ երկիրը «քոսոտ չէր» եւ կարող էր փող ծախսել անիմաստ բաների վրա: Թոշակառու ակադեմիկոսները պետությունից պահանջում են «ֆինանսավորում»` իրենց թոշակը բարձրացնելու համար:
Հայաստանը «քոսոտ երկիր» չէ: Հայաստանը հզոր երկիր է, եւ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն կամ սնապարծություն չկա: Դրանում մենք համոզվեցինք թե՛ 1992-94 թվականներին, թե՛ այս ապրիլի սկզբին:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == թե՛ 1992-94 թվականներին, թե՛ այս ապրիլի սկզբին == մենք համոզվեցինք…
    Ըստ իս՝ ո՛չ թե, որ Հայաստանը հզոր երկիր է, այլ՝ հայ ազգը հզոր պոտենցիալ ունեցող ունեցող ազգ է և կարող է շատ կարճ ժամանակի ընթացքում ունենալ հզոր պետություն:
    Ինչ վերաբերում է մեր ներկայիս պետությանը տրված ՛՛քոսոտ՛՛ բնորոշմանը, ապա ցավոք այն շատ դառը ճշմարտություն է, որ տրվել է ակամայից՝ այն ՛՛քոսոտ՛՛ դարձնողներից մեկի կողմից:
    Իհարկե, երբ հեղինակը հայտարարում է, թե Հայաստանը հզոր երկիր է, ես էլ եմ ուրախանում, սակայն, ցավոք, այդ ուրախությունը երկար չի տևում:
    Բավական է ընդամենը մտովի անդրադարձ կատարել Հայաստան պետության մակրոտնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, գիտական և իրավական ցուցանիշներին, ինչպես նաև փորձել պատկերացնել, թե առաջիկայում մեզ ինչ քաղաքական հեռանկար է սպասվում, ապա թույլ նյարդեր ունենալու դեպքում կարելի է խոր ընկճախտի գիրկն ընկնել:
    Հեռու եմ նաև այն մտքից, որ եթե 25 տարի շարունակ մեզ մոտ չի հաջողվել ստեղծել իրական ժողովրդավարություն, ապա այլևս հնարավոր չէ:
    Երբ մարդկությունն իր մաշկի վրա զգաց բոլշեվիկյան ապա և նացիստական պետությունների ՛՛թունավոր՛՛ ազդեցությունը, մի շատ կարևոր դաս քաղեց. ԱՅԴՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՌԱՎԱՐԵԼ:
    Մեր իշխանությունների դեգրադացիան, սկսած 1995 թ., մեր աչքի առաջ է տեղի ունեցել, ինչը համարում եմ պետական կենսափիլիսոփայության մեծ փորձ, և եթե մեզանից շատերը հասկանան, որ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՌԱՎԱՐԵԼ, հնարավորություն կունենանք բառիս ամենկիրառական իմաստով փրկվելու, և ինչու չէ՝ հզոր պետություն ունենալու:
    Լավատեսական ելքի համար, սակայն, անհրաժեշտ է մեկ կարևոր պայման. այն իրավիճակը, որից ուզում ենք հաղթած դուրս գալ, պետք է հնարավորինս օբյեկտիվ և անկողմնակալ գնահատենք:

  2. փիրուզակ says:

    Որպես Ձեր նշած երրորդ՝ անկախական սերնդի ներկայացուցիչ, համամիտ եմ, որ Հայաստանը հզոր երկիր է, մարդկային հզոր ներուժով, որը ցավոք ղեկավարվում է անգետ մարդկանց կողմից: Դա մոտովորապես նույնն է, թե համակարգիչն իր հզոր հնարավորություններով գտնվի մի տնային տնտեսուհու ձեռքին, որը դրա վրա խնամքով ծաղկամաններ է շարում, ասեղնագործ սփռոցներ կախում և ՎԵՐՋ… ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այդ իրողության վառ ապացույցներից է, նման կերպար է Սփյուռքի նախարարը՝Սփյուռքի հզոր ներուժը օգտագործելով գլխավորապես տուրիստական նպատակներով-Արի տուն- և Եվրատեսիլում հայ մասնակցի համար քվեարկելու հայտարարություն ուղարկելով: Նման կերպար է նաև Երևանի քաղաքապետը, որը Հռոմից ավելի հին քաղաքի ներուժը՝իր ողջ պատմական շերտերով օգտագործում է Էրեբունի-Երևան “գյուղական ակումբի”մակարդակի միջոցառումների համար, մեկ էլ քաղաքը ծանրաբեռնելով ծաղկային հեծանիվ, գորտ, սայլ, այծ, ժամացույց կոմպոզիցիաներով: ՀՀ “տնային տնտեսուհիների” ասյ շարքը (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, վարչապետ Հովիկ Աբրահամյան, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան…) ցավոք չի սահմանափակվում մի քանի օրինակով:

  3. Ruben says:

    1990 թ.-ին գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանի գործադրած ջանքերի շնորհիվ կազմավորվեց Հայաստանի զինված ուժերի հիմք հանդիսացող ՀԽՍՀ ՆԳՆ ՄՀՆՋ (առաջին, օրինական, պետական, զինված կազմավորումը): Բայց Ղազարյանը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահ ԼՏՊ-ի «դուրը» չեկավ եւ փոխարինվեց (Ղ.) կոմիտեական Մանուչարյանով: Դա էլ ժամանակակից կոռուպցիայի սկիզբն էր:
    1977 թ.-ի ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանին, որը 1988-1989 – Սպիտակի երկրաշարժի հետեւանքները հաղթահարող աշխատակազմի ղեկավարն էր, ԼՏՊ-ն 1993 թ.-ին նշանակեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ: Հետո եկավ (Ղ.) Ռադիկ Մարտիրոսյանը եւ պատերազմող երկիրը դարձավ «քոսոտ երկիր»: Ամենամեծ վնասը հասցրին երբ սկսեցին փակել է գիտահետազոտական ինստիտուտները, արդյունաբերությունը… ի լույս ԼՏՊ-ի աչքի:
    «Կոնկրետ զենքի հարցով պարզ է, որ պետք է այն գնել այլ տեղերից եւ ըստ հնարավորության ստեղծել սեփականը: Հարյուրավոր երիտասարդ մասնագետներ, ճիշտ այնպես, ինչպես նրանց հասակակիցները, կռվում են խրամատներում, պատրաստ են օրուգիշեր աշխատել դրա վրա: Հարյուրավոր հայեր Հայաստանում եւ Հայաստանից դուրս պատրաստ են դա ֆինանսավորել: Դա իրականում ահռելի, հզոր ուժ է, որը պետք է օգտագործել»: —Պետական մարմինների անդամները՝ հանրային իշխանությունների իշխանիկները թույլ չեն տա:

  4. Մեսրոպ Թումանյան says:

    Երկրի ողնաշարը նրա նոմենկլատուրան է: Այն այսօրվա համար առավել քան պիտանի չէ: Սա պատերազմական վիճակ է: Ցոփ ու շվայտ կյանքով ապրած ու այսօր էլ ազգի անհետաձգելի խնդիրներին անհաղորրդ նոմենկլատուրան միայն ծանր բեռ է:

  5. gib.gibindus says:

    Իհարկե Ռադիկը “աչքիս լույս”-ը չի: Կարելի էր ասել “քոսոտը դու էս” ու վերջացնել այս համատարած “քյանդրբազությունը” հարյուրավոր տաղանդավոր գիտնականների, նույնքան առատաձեռ ֆինանսավորողների և այլի մասին: “Քոսոտ” բառը եթե հանեք, տակը մնում է “ոչ ոք թույլ չի տա Հայաստանին զենք վաճառել” պարզ և հասկանալի ճշմարտությունը: Մնացածը երկկողմանի “քաջնազարություն” է:

  6. Արսեն Խաչատրյան says:

    Ես ուղղակի ապշած եմ. Ինչպես կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել, թվում է վաստակաշատ գիտնականն, ռադիոֆիզիկոսն, ԳԱ նախագահն, այն էլ ծնունդով Ղարաբաղցի համ էլ Մատաղիսից. Հետաքրքիր է, հեչ մտքով անցել է զենք ստեղծել …. Մյուս կողմից մտքովս դեդուկցիայի նման մի նախադասություն անցավ – Քոսոտ երկրի քոսոտ Ակադեմիայի համապատասխան նախագահ. Ու խոսքերն ավելորդ են

  7. Լավատես says:

    Շնորհավորում եմ մեզ բոլորիս մեր հաղթանակաց պապերի Հաղթանակի օրվա առթիվ: Փառք ու պատիվ մեր պապերին ու նրանց արժանի այսօրվա հաղթանակող թոռներին ու ծոռներին: Պայքար մինչեւ Հաղթանակ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031