Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական կասկածելի «խաղաղասիրություն»՝ ԼՂ խնդրում

Մայիս 07,2016 12:00

Ինչո՞ւ են բանակցությունների շարունակման կոչերն
ու պատերազմի սպառնալիքները միաժամանակ Մոսկվայից հնչում

Այսօր՝ Ալիեւի սանձազերծած պատերազմից մեկ ամիս անց, ավելի հաստատուն է դառնում ապրիլյան սցենարի Ռուսաստան-Ադրբեջան միասնականությունը, որն ակնհայտորեն չունեցավ այն ավարտը, որը պլանավորվել էր ի սկզբանե: Բլից-կրիգով` մի քանի շրջանների գրավմամբ, հայկական կողմին բանակցություններով ադրբեջանանպաստ լուծում պարտադրելը ռուսական բարձր հովանու ներքո հօդս ցնդեց հայ զինվորների շնորհիվ:

Այդ է պատճառը, որ երկրի ներսում «հաղթանակի» քարոզով զբաղված Ադրբեջանի իշխանական ողջ վերնախավը հիմա անդադար խոսում է բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին: Այսինքն` այն, ինչ ծրագրված էր դեռ մինչեւ ապրիլյան պատերազմը, Բաքուն փորձում է առաջ տանել նաեւ հիմա: Եվ այս հարցում, բնականաբար, Ադրբեջանին օգնում է Մոսկվան:

Ռուսաստանի ու Ադրբեջանի համար անակնկալ էր, որ պաշտոնական Երեւանը Ադրբեջանին սանձելու հարցում պայման առաջ կքաշի: Այն է` եթե Բաքուն նորից պատերազմ սանձազերծի, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Իսկ առավել անսպասելին էր առարկայական` «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելը:

Մինչ Բաքվում մի քանի օր հիստերիայի հասած հայտարարություններ ու սպառնալիքներ էին հնչում, օգնության հասավ Մոսկվան: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ նշեց, թե հայ պատգամավորների ներկայացրած նախագծի շուրջ աղմուկ ստեղծելու պատճառ չկա, քանի որ Երեւանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ քննարկումներին, չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում։ Դա խորհրդարանի երկու պատգամավորի առաջարկն է։ Իսկ Հայաստանի կառավարությունը, օրենքի համաձայն, ինչպես նրանք են բոլորին բացատրում` կրքերը հանդարտեցնելով՝ պետք է այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստի։ Իմ կարծիքով` աղմուկ բարձրացնելու ու խուճապի մատնվելու իմաստ չկա»։ Լավրովն անմիջապես հարկ համարեց արձանագրել, թե իրեն հստակ հաստատել են Երեւանի հավատարմությունը խաղաղ կարգավորմանը. «Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր պայմանավորվածության ենթատեքստում, այլ ոչ թե միակողմանի»:

Պաշտոնական Բաքուն ըստ արժանվույն գնահատեց Լավրովի «պարզաբանումն» ու հանդարտվեց: Ադրբեջանը կիսում է խուճապի պատճառների բացակայության մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ԼՂՀ ճանաչման հարցը քննարկելու Հայաստանի խորհրդարանականների նախաձեռնության առիթով՝ նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

Ինչպես երեւում է, «Լավրովի պլանը» Բաքվի ակնկալիքները ի կատար ածելն է, այսինքն` Ալիեւի սանձազերծած պատերազմից հետո հայկական կողմի ներկայացրած նախապայմաններին հակառակվելն ու ընդդիմանալն է:

Երեւանն ու Ստեփանակերտը մշտապես են խաղաղ կարգավորման կողմնակից եղել, սա Մոսկվան, որպես միջնորդ, պետք է որ հստակ իմանար: Ինչո՞ւ Ալիեւը սանձազերծեց պատերազմ, ինչո՞ւ էր Ադրբեջանը տարիներ շարունակ արգելափակում խաղաղ բանակցային գործընթացը, ինչո՞ւ էր Բաքուն մերժում սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ստեղծման գաղափարը: Գուցե Մոսկվան նաեւ այս հարցերի շուրջ էլ «պարզաբանումներ» տա պաշտոնական Երեւանի՞ն:

Այսօր, պարզվում է, Ադրբեջանը «շահագրգռված է ԼՂ բանակցային գործընթացի շարունակմամբ», Բաքուն «պատրաստ է ԼՂ հարցով բովանդակային ու արդյունավետ բանակցությունների», քանի որ դրանք Լավրովի գաղափարներով են համեմված. «տարածքային ամբողջականության» պահպանմամբ «խաղաղության համաձայնագրին» հասնելու ճանապարհ են հարթում Բաքվի համար:

Մինչ ռուս-ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը կյանքի կկոչվեն` Մոսկվան, պարզվում է, շարունակում է ողջ ուժով զինել Ալիեւին: Ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս վկայակոչելով կառավարական աղբյուրները՝ հայտնեցին, որ կնքված պայմանագրերի հիման վրա ՌԴ-ն շարունակում է զինտեխնիկայի եւ սպառազինության նոր խմբաքանակի մատակարարումը Ադրբեջանին: Այժմ իրականացվում է 120 միլիմետրանոց ինքնագնաց ԹպվՈ հրետանային համակարգերի՝ Ադրբեջանին փոխանցման գործընթացը: Դրանք ստեղծված են ըԾկ-3 հետեւակի մարտական մեքենաների հիմքի վրա եւ նորացված են ըՁՀ-80 մարտական մեքենաների հիմքով եւ հագեցած են ժամանակակից սպառազինությամբ: Բացի այդ, ռուսաստանցի մասնագետների օգնությամբ ընթանում են նոր ստացված մարտական տեխնիկայի տեխնիկական սպասարկման, դրանց նպատակային կիրառման նախապատրաստման եւ անձնակազմին ուսուցանելու աշխատանքներ:

Այսինքն՝ Մոսկվան, որը որպես միջնորդ պարտավոր էր նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը, հիմա էլ լծված է Ադրբեջանին նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ` զինտեխնիկայի եւ սպառազինության փուլային արդիականացման գործին:
Պատահական չէ, որ Մոսկվայի ու Բաքվի` «բովանդակային ու արդյունավետ բանակցությունների» անցկացման հայտարարություններին զուգահեռ՝ հենց Մոսկվայից են հնչում պատերազմի սպառնալիքները: Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, օրինակ, հերթական անգամ հանդես եկավ ռազմական ճանապարհով ԼՂ խնդիրը լուծելու դիրքերից. «ԼՂՀ ճանաչումը, որպես այդպիսին, սադրանք է: Եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ խախտվել են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ ԱԽ-ի բանաձեւերը, ԵԽԽՎ եւ մի շարք եվրոպական պետությունների որոշումները: Ավելին՝ դա զրոյին կհավասարեցնի Մինսկի խմբի ներկայացրած բազմաթիվ առաջարկները: ՌԴ-ն, ի դեպ, այդ խմբի համանախագահներից մեկն է, եւ ես կարծում եմ, որ միջնորդները պետք է հստակ կերպով արտահայտվեն այդ թեմայով: Կարծում եմ, որ նման որոշում կայացնելու դեպքում ողջ պատասխանատվությունը լինելու է հայաստանցի պատգամավորների եւ Հայաստանի ներկայիս ղեկավարության ուսերին: Հետեւանքները շատ բացասական կլինեն: Եթե այս հարցը չհանգուցալուծվի, մենք պատրաստ ենք նաեւ խնդրի ռազմական լուծման»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երվանդունի says:

    Էստեղ կա նաև ՌԴ֊ի և ԱՄՆ֊ի համագործակցության հետքեր։ Ըստ հավանականության էս երկու պետություններն էլ կուզենային մեկուսացված տեսնել Թուրքիային, ամեն մեկն ունենալով տարբեր շարժառիթներ և շահեր։ Թուրքիայի կազմաքանդման գործընդացը, ոնց֊որ թե, ուրվագծվում է։ Իսկ Ադրբեջանին Թուրքիայից մեկուսացնելը և իր ազդեցության տակ վերցնելը, ըստ երեւույթի, հանձն է առել Ռուսաստանը։ Զինելով Ադրբեջանին և հանդես գալով բանակցություններում, ՌԴ֊ը, հաստատ, կգնա Հայաստանի համար ոչ հարմարավետ առաջարկների,հողերի կամ ստատուս֊քվոյի հետ կապված, շահելով Ադրբեջանին իր կողմը(իր՝ էստեղի շահերից ելնելով), և մյուս կողմից կատարելով ԱՄՆ֊ի հետ իր պայմանավորվածությունը(մեկուսացնելով Թուրքիայից)։ Սա անուղակի ապացուցեց նաև Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հայտարարությունը, թե․ «Աշխարհում ոչ ոք չի ճանաչում ԼՂ անկախությունը» Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Ռուսաստանին չպետք է թողնել չափից ավելի «մոտենալ» խնդրի լուծմանը, այլ պահել որոշակի հեռավորության վրա։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031