Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորը ես եմ, դատեք ինձ

Մայիս 07,2016 17:30
merujan Ter-Gulanyan

Աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Մանկական աչքերով նայելով աշխարհի երեսին՝ ասում էր Վիլյամ Սարոյանը:

Սարոյանի այս տողն ինձ համառորեն հետապնդում էր այսօր, եւ ես մտածում էի՝ եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ մեկը մեղավոր է:
Այո՛, հաստատ ինչ-որ մեկը մեղավոր է: Ու ես ամբողջ օրը փնտրում էի այդ ինչ-որ մեղավորին:

Եվ հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ ընկերոջս՝ Վլադիմիր Օհանյանի հետ ներկա էի մեր ծանոթներից մեկի դատավարությանը: Զանցանքը թեթեւ էր, եւ մենք նունիսկ չէինք կորցնում հումորի մեր զգացումը: Կատակում էինք, ծիծաղում…
Եվ բանը հասավ այնտեղ, որ երբ դատարանը գնաց ընդմիջման, ես հանդգնություն ունեցա բարձրանալ եւ նստել դատավորի աթոռին: Դահլիճում ներկաները շարունակում էին նստած մնալ ու սպասել, ու ես դատավորի աթոռից նայում էի նրանց…
Եվ զարմանալի բան.

Ես հանկարծ նկատեցի, որ բոլոր ներկաները մեղավոր են, եւ չունենալով իրավունքը՝ իմ մեջ անմիջապես ցանկություն առաջացավ դատել բոլորին Դատաստանագրքի եւ ինձ անհայտ հոդվածներով:

Դահլիճում նստածներին ես չէի ճանաչում եւ բնականաբար իմ ներսում ես ոչ ոքի չմեղադրեցի, բայց մեղքը, միեւնույն է, կար Ադամի զավակների մեջ՝ օդում կախված:
Բոլորս մեղավոր ենք, Տե՛ր Աստված, ամեն մեկս մեր բաժին մեղքի չափով:
Եվ զարմանալին այն է, որ ոչ ոք կամովին պատասխան չի տալիս իր մեղքի համար, չի էլ ուզում հիշել, հեռացնում է իրենից, հեռացնում դեպի կողքին նստածը, դեպի հարեւանը, պետությունը՝ դեպի հարեւան պետությունը, եւ այդպես շարունակ…
Այո՛, եւ ոչ ոք պատասխանատվությունը չի վերցնում եւ չի խոստովանում իր մեղքը տեղի ունեցած համամարդկային սխալի համար:

Մտածում եմ նաեւ, որ եթե ոչ ոք պատասխան չի տալիս, ուրեմն մեղավորը թողեք ես լինեմ: Չէ՞ որ մեկը պետք է պատասխան տա, եւ այդ մեկը ես եմ: Չնայած երբեւիցե չեմ ասպատակել ուրիշ ժողովուրդների եւ լինելով հին՝ չեմ ոչնչացրել նրանց նորածին մշակույթը, չեմ առեւանգել հայրենիքը նրանց, բայց միեւնույն է` մեղավոր եմ, որ թույլ եմ տվել, որ աշխարհի երեսին դա տեղի ունենա…

Չէ՞ որ աշխարհի տերը ես եմ:

Եվ մի բաժակ սուրճն ավելի եմ գնահատել անգլիական քաղաքական ակումբներում, քան ազգերի ու ժողովուրդների ճակատագրերը:

Եվ հիմա մտածում եմ, որ ես եմ մեղավորը, եւ դուք պարտավոր եք դատել ինձ: Միայն թե, խնդրում եմ, ինչպես Նարեկացին կասեր` մի դատեք արդար, այլ դատեք գթությամբ, քանի որ ես չեմ հավատում ձեր հռչակած համաշխարհային արդարությանը…

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031