Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը լավ գիտի, թե չպատժված կոռուպցիոն հանցագործությունների հետեւանքով ինչ մարդկային կորուստներ կրեց զինված ուժերը»

Մայիս 07,2016 16:30

Երբ պաշտոնանկ արվեցին պաշտպանության նախարարության 3 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, հանրությունը սպասում էր, որ նրանք լուրջ պատասխանատվության կենթարկվեն: Այս պաշտոնանկություններից հետո մարդիկ նաեւ հույս էին փայփայում, որ ապրիլյան մարտական գործողությունները սթափեցրել են իշխանությանը, եւ պաշտոնանկությունները կշարունակվեն, գոնե նրանց մասով, ովքեր լինելով պետական պաշտոնին՝ միլիոնների տեր են դարձել, չարաշահումներ են արել, մինչդեռ բանակը, ինչպես պարզվեց պատերազմի ժամանակ, կարելի է ասել՝ կարիքի մեջ է:

Փաստորեն ոչ թե իշխանությունն է սթափվել, այլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սթափեցրեց հանրությանը: Նա, ինչպես երեկ տեղեկացրել է լրատվամիջոցներից մեկը, Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորների՝ սպայական անձնակազմի, գեներալիտետի ու նաեւ հենց նախարարի ունեցվածքի եւ արտերկրում ձեռք բերված թանկարժեք անշարժ գույքի մասին հարցին ի պատասխան՝ ասել է, որ իր մասով տարածված լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են, իսկ ինչ վերաբերում է գեներալիտետի ունեցվածքին, ապա մարդիկ ինչ որ ունեն, ձեռք են բերել ոչ թե բանակի, պետական բյուջեի հաշվին, այլ տարիների ընթացքում բիզնեսներ են դրել։

«Սեյրան Օհանյանը բացարձակապես ստում է, թե իբր պաշտպանական բյուջեի միջոցների յուրացումներից չի առաջացել այդ բարձրաստիճան սպաների անձնական հարստությունը։ Օդից կամ ոչնչից ոչ մի բան չի կարող առաջանալ: Նման անհարմար վիճակում չպետք է գտնվել՝ կոռուպցիոն համակարգը սատարելու նպատակով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նման անհեթեթ վիճակում գտնվելու եւ պատասխանատվության չենթարկվելու վստահությունը խոսում է այն մասին, որ, ըստ Սաքունցի, քրեական գործեր, քննություն, ուսումնասիրություն չեն կատարվելու. «Այդպիսի վերաբերմունքն առավել ցավալի է լսել պաշտպանության նախարարի կողմից, որն առավել, քան որեւէ մեկը գիտի, թե այդ չբացահայտված, իրավական գնահատական չստացած, շարունակական կոռուպցիոն հանցագործությունների հետեւանքով ինչ մարդկային կորուստներ կրեց զինված ուժերը։ Պարոն նախարարը երեւի կոռուպցիա չի համարում անորակ սպաների առաջխաղացումը, հովանավորումը, գեներալների կողմից իրենց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ բիզնեսների հիմնումն ու զարգացումը։ Մոռանում է, որ բազմաթիվ քրեական գործերով են արդեն իսկ արձանագրված թե ֆինանսական (աշխատավարձեր, նպաստներ, գնումներ), թե նյութական (վառելիք, հանդերձանք, զինամթերք) միջոցների յուրացման փաստերը, որոնցում մեղավոր ճանաչվել են միայն անմիջական մասնակիցները, բայց ոչ նման ապօրինի հանձնարարություն եւ հրաման արձակած բարձրաստիճան հրամանատարները։ Հիշեցնե՞նք մեկ առ մեկ, թե՞ կարծում են հանրությունը կարճ հիշողություն ունի»։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամբողջ գեներալիտետը, ոչ միայն պաշտոնանկները, այլեւ շատերը, որոնք պատասխանատու էին թիկունքի, սպառազինության համար, բոլորը հարստություն են դիզել բանակի հաշվին. «Սեյրան Օհանյանն ասում է՝ բանակի հաշվին չէ, բիզնես են ստեղծել նրանք, բայց այդ բիզնեսները ստեղծվել են բանակի միջոցներով: Հնարավոր ամեն բան չարաշահել են, բլինդաժը փոխանակ ամուր սարքեն, փլուզվում է, եւ 2 զինվոր է մահանում: Դաժան է այս իրականությունը լսել, ու հանգիստ ասեն, որ գեներալները բանակի հաշվին չեն հարստացել: Անձամբ ես Սեյրան Օհանյանին ընդունում էի որպես բանակի մարդ, կարգապահ, բայց նա իր նկատմամբ իմ հարգանքը փոշիացրեց, երբ տեսա, թե ինչերի կարիք ունի մեր բանակը, որն ամբողջ հայությունն է հայթայթում, որպեսզի մեր զինվորն անձրեւի տակ չմնա, նորմալ կոշիկ հագնի, գիշերային տեսողության սարքեր ունենա: Այդ ամենի համար Օհանյանն է պատասխանատու»:

Պաշտպանության նախարարը նաեւ ասել էր, որ պաշտոնանկ արված պաշտոնյաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ:

«Քրեական գործ չհարուցելը մի բան է ասում՝ ինքն էլ է նրանց հետ, մի շղթայի մեջ է, եթե շղթան մի տեղ խզվի, քրեական գործով մի բան կբացահայտվի: Չնայած՝ ո՞վ է բացահայտողը, Սերժ Սարգսյա՞նը, նա է նրանց բոլորին պաշտոնի դնում, ուրեմն Սերժ Սարգսյանն է պատասխանատու այս ամենի համար, փլուզված բլինդաժի համար էլ»,- ասաց Բախշյանը: Նա հիշեցրեց ՀՀ նախագահի՝ նախօրեին հանրային խորհրդում արած հայտարարությունը՝ «Ես թուլակամ մարդ չեմ», «Մենք չենք կարող 37 թիվ դարձնենք մեր երկիրը». «Նախագահը երեկ ուզում էր համոզել, որ ամեն ինչ ունենք, մնում է միասնությունը: Ես զարմացա, որ նախագահը հորդորում էր, որ դուրս գային՝ ժողովրդի մեջ միասնության քարոզ անեին: Բա դուրս եկե՛ք ժողովրդի մեջ, պարոն նախագահ, դուրս եկեք եւ տեսեք՝ ինչեր կասի ժողովուրդը: Մենք գիտենք՝ ինչ ունենք, մենք ունենք մի իշխանություն, որը ժողովրդի հետ չէ: Նրանք անտեղյակ են ժողովրդի տրամադրությունից: Քանի Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը չեն բռնել իրար հետ, կամ Սեյրան Օհանյանն ու ամբողջ գեներալիտետն ու կառավարությունը չեն կանգնի ժողովրդի կողքին, այս անջրպետը, որն ատելություն է ծնում, մեզ վատ տեղ է տանելու, տուժելու է մեր թանկարժեք պետությունը: Մենք չենք վստահում այս իշխանությանը եւ չգիտենք՝ վաղը մեզ հետ ինչ է լինելու»:

Արթուր Սաքունցն էլ անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարություններին՝ նկատեց, որ նման գնահատականներն ու մոտեցումները փաստում են բացարձակ անպատժելիության եւ անպատասխանատվության մասին: Սաքունցի կարծիքով՝ միակ արտառոցն ու ակնհայտն այն է, որ նույնիսկ ապրիլյան 4-օրյա պատերազմի համայնապատկերում այդ անպատժելիությունը եւ անպատասխանատվությունը ցուցադրեց իր ողջ ցինիզմը, որը շատերի համար մնում էր անընկալելի. «Ոչ մի թիզ թշնամուն, ոչ մի թիզ հակառակորդին» մատերիալիստական կենսափիլիսոփայությունը գործում է ոչ միայն Ադրբեջանի նույնաբովանդակ ու կոռումպացված իշխանության հետ հարաբերություններում, այլ նաեւ զավթված եւ յուրացված պետության քաղաքացիների հետ ունեցած հարաբերություններում։ Նման արտահայտությունները պետք է ակնհայտ դարձնեն հասարակության համար, որ այս իշխանությունները ոչ թե պատրաստ չեն որեւէ զրկանքների եւ էական ներդրումների պետության արտաքին սպառնալիքների դիմագրավման ժամանակ, այլեւ այդ դիմագրավման եւ զրկանքների ամբողջ բեռը վերստին դնում են ՀՀ՝ արդեն իսկ ունեզրկված, իրենց կողմից աղքատության հասցրած քաղաքացիների ուսերի վրա։ Նման վերաբերմունքը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի սթափվել եւ չի էլ կարող սթափվել։ Այս իշխանության համար մարդկային զրկանքները, կորուստները, մահերը բացարձակ գրոշի արժեք չունեն՝ թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի ժամանակ»։

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. araqel-papi says:

    “մինչդեռ բանակը, ինչպես պարզվեց պատերազմի ժամանակ, կարելի է ասել՝ կարիքի մեջ է”
    կարո՞ղ եք ցույց տալ մի զինվորական, պաշտոնական աղբյուր, որտեղ նշված է որ բանակը կարիքի մեջ է եղել պատերազմի ժամանակ:
    հերիք է ձեր երևակայությանը զոռ տաք կոնկրետ էս հարցում կամ էլ տարբեր “ախմախ” դիիվան-ա-“գետներ” ասած ստախոսությունները տարածեք

    • Նելլի Բաբայան says:

      Հարգելի araqel-papi, ես անձամբ եմ հետաքրքրվել, թե ինչի կարիք ունի բանակը, ու դա նաեւ պաշտոնապես հաստատվել է տարբեր հարթակներում, տարբեր ասուլիսների ու հարցազրույցների ժամանակ։Շնորհակալ եմ ձեր դիտարկման մասին, բայց հավատացեք, բանակը շատ բաների կարիք ունի, սա չեն հերքում ոլորտի պատասխանատուները․․

  2. Աբրահամյան Վ. Գ. says:

    Ռազմաարդյունաբերական համալիրը տապալեցին ներկա ղեկավարները ու շարունակում են պաշտոնավարել: Ամեն ինչ յուր տեղում մնաց: Պարտադիր չէ խայտառակ պարտություն կրել ու նոր մտածել արմատական փոփոխությունների մասին: Պետք է փոփոխել ապագա ջախջախիչ հաղթանակի համար: Այս կադրերով հնարավոր չէ, քանի որ նրանք և հայրենասեր չեն, և չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին: Նրանք անպատասխանատու են ու թալանել են բանակի միջոցները, որի համար պետք է պատասխանեն քրեական հարթությունում, իսկ դա չպահանջող ղեկավարները իրենք կհայտնվեն նման իրավիճակում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031