Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձառու հայ իրավաբանը Նախիջեւանում ինչպես գերի ընկավ

Մայիս 07,2016 16:00

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տարիներ առաջ ուսումնասիրություններ կատարեց լրագրողների տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ կապված, արձանագրելով, որ «Արխիվային նյութեր գրեթե չեն օգտագործվում լրագրողների կողմից: Սա, թերեւս, պայմանավորված էր նրանով, որ հարցվածների մեծ մասը միայն լուր է պատրաստում եւ այն արագ տարածելու խնդիր ունի: Սակայն այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ փաստաթղթերի հետ աշխատելու պրակտիկան դեռեւս ձեւավորված չէ մեր լրագրության մեջ: Նույնիսկ վերլուծական հոդվածներ եւ հետաքննություններ գրող լրագրողներից շատերը երբեւէ չեն օգտվել արխիվային փաստաթղթերից»: Թերեւս վերջին «երբեւէ»-ի հետ չհամաձայնեմ, քանի որ տասնյակ հրապարակումներս ծնվել են արխիվներում լինելու արդյունքում: Այլ հարց է, թե ո՞վ է հիմա գնում արխիվներ, այդ թվում՝ մեր մամուլի պատմությունը 90-ականներից անաչառ վերհանելու համար:

Դնեպրիկ Բաղդասարյանին շատերը ճանաչում էին Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետից: Նա Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի հարգված պրոֆեսորներից էր: Ճանաչված իրավաբանը մոտ 30 տարի եղել է հակաօդային պաշտպանության հրետանային եւ հրթիռային զորքերում, իսկ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից կանգնած է եղել նրա վտանգավոր ճակատներում: Դ. Բաղդասարյանի մահվանից մեկ տարի հետո՝ 2010թ. լույս տեսավ «Դիմակայություն» հուշագրությունների գիրքը: Արցախյան պատերազմի մասնակիցը ներկայացնում էր բոլոր այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել ինքը:

Հուշագրությունը սկսվում էր 1989 թվականից, երբ զենք ձեռք բերելու նպատակով առանձին հարձակումների թիրախ դարձան ուսումնական հաստատությունների ռազմագիտության կաբինետները, միլիցիայի բաժինները, ԴՈՍԱԱՖ-ը, պայթուցիկ նյութերի պահեստները:

Դ. Բաղդասարյանը «Կոնդ» ջոկատի կազմում Նախիջեւանի սահմանամերձ շրջաններում էր, զբաղվում էր ինքնապաշտպանության ուժերի վերապատրաստմամբ: Հարգարժան մտավորականը 1990 թվականի հուլիսի 5-ին Ջուլֆայի շրջանի ՆԳ բաժնի պահպանական խմբի կողմից գերի է ընկնում: «Դրամայի երկրորդ մասը սկսվեց Ջուլֆայի ՆԳ բաժնում, ուր ինձ բերեց լեյտենանտ Բուդաղովը՝ 1990թ. հուլիսի 5-ին, ժամը 23-ին: Խուզարկման ակտում, որի ճշտության մեջ ես չափազանց շահագրգռված էի, արձանագրվել էր, որ ինձնից բռնագրավել են ավտոմատ ԱԿ-74, 150 փամփուշտներով լիցքավորված 5 պահունակ եւ 30 փամփուշտ չբացված փաթեթում, դրամապանակ, 400 ռուբլի, «Մեծն Տիգրանի» 3 այցետոմս՝ բանկային հաշվով»,-գրել էր Բաղդասարյանը:

Դ. Բաղդասարյանը նկարագրում է իր հարցաքննության այն սենյակը, ուր 20-ից ավելի քաղաքացիներ են եղել, որոնց «կերած-խմած դեմքերից ու հագուստներից երեւում էր, որ «թամաշա» անելու են հավաքվել, Ջուլֆայի հասարակության «սերուցքի» ներկայացուցիչները»: Հետաքննությունը վարել է շրջանի դատախազ Միրզոեւը, որը խոսում էր մաքուր ռուսերենով, առանց յուրահատուկ ադրբեջանական ակցենտի, առանց կոպտությունների: Առանձնասենյակում եղած քաղաքացիները փորձել են սպառնալիքներ տեղալ հայ մտավորականի հասցեին, սակայն միլպետն ու դատախազը լռել են. ամեն վայրկյան ինքնադատաստան կարող էր լինել:

Դ. Բաղդասարյանը հիշել է. «Զգուշացրի, որ որպես իրավաբան ու անմեղ մարդ, փաստելու եմ օրենքի յուրաքանչյուր ոտնահարում եւ օգտագործելու եմ նրանց դեմ, ովքեր թույլ կտան դա: Դատախազն ու միլպետը խորհրդացեցին ու բոլորին առաջարկեցին դուրս գալ սենյակից»: Ի դեպ, ըստ Դ. Բաղդասարյանի, սովետական իշխանությունը դեռ կենդանի էր, եւ «իմ միլիցան» էլ պաշտպանել է ինքնադատաստանից: Դ. Բաղդասարյանի արխիվային փաստաթղթերի համաձայն, հարցաքննողներին հետաքրքրել էր, թե ինչ նպատակով է նա զինված հայտնվել Նախիջեւանի հանրապետությունում, «թափառել անմարդաբնակ լեռնային վայրերում»: Դ. Բաղդասարյանի պատասխանն արձանագրվել է այսպես. «Ես, որպես ԽՍՀՄ քաղաքացի, իրավունք ունեմ անարգել շարժվելու Սովետական միության բոլոր հանրապետություններում եւ դա հանցանք չի կարող համարվել, իսկ իմ զինվածությունը բացատրվում է անհրաժեշտ պաշտպանությամբ, իսկ այդ հարցին ճիշտ լուծում տալու համար խնդրում եմ ինձ հանձնել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին»: Զենքի ու զինամթերքի առկայությունը Բաղդասարյանը բացատրել էր զինված բանդաների հետ հանդիպելու մտավախությամբ, ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ: Դատախազը հարցրել էր, թե արդյոք Դ. Բաղդասարյանն ունի՞ զենք կրելու թույլտվություն: Դ. Բաղդասարյանն ասել է, թե նա տեխնիկումի զինղեկ է, ունի նման թույլտվություն, իսկ զենքն էլ ուսումնական նպատակներով է կիրառվում:

Դատախազին, իհարկե, չի բավարարել ասվածը, քանի որ գերի վերցնելուց մեկ օր առաջ լեռներում հրաձգություն է տեղի ունեցել, եւ որ, ըստ նրա, կային վկաներ, որոնք կրակել են հրաձգությանը մասնակցած Դ. Բաղդասարյանի ուղղությամբ. «Ես չգիտեմ՝ ովքեր են այդ վկաները, բայց կարծում եմ՝ նրանք ինձ շփոթում են ուրիշ զինվորականի հետ: Ես արդեն նշել եմ, որ հուլիսի 4-ին գտնվել եմ հիվանդ վիճակում, աչքի ընկնող քարի մոտ հանդիպել եմ երկու հովիվների, փորձել եմ նույնիսկ խոսել նրանցից մեկի հետ, ամբողջ օրը քնել եմ այդ քարի խորշում, ոչ մի կրակոց չեմ լսել, իմ վրա ոչ ոք չի կրակել, ես էլ չեմ կրակել: Իմ 5 պահունակներում ոչ մի փամշուշտ չի պակասում»: Ազերաթուրք դատախազի ու հայ իրավաբանի հարցաքննությունը շարունակվել է խաչաձեւ հարցումներով, նա փորձել է մոլորեցնել, ինչը չի հաջողվել: Գիշերվա ժամը 3-ին Դ. Բաղդասարյանին դատախազի մոտից դուրս են տանում, փակում աչքերը, մեքենայով տանում Նախիջեւան, կարմիրաստղանի դռան մոտ, իջեցնում են նկուղային հարկ, հանում աչքերի ժապավենը. բացի երկաթե մահճակալից, ոչինչ չկար: Մահճակալի ու պատի միջեւ եղած տարածությունը 40 սմ էր: Զբոսնել, շարժվել հնարավոր չէ: Այնտեղ կարող էիր միայն պառկել կամ նստել:

Սահմանապահ զորքերի մեկուսարանն էր: Հուլիսի 7-ին ձեռնաշղթաներ հագցնելով՝ Բաղդասարյանին դուրս են բերում մեկուսարանից, տանելով Նախիջեւանի ՆԳ նախարարություն: «Տեղյակ լինելով, որ ես, բացի զինվորական լինելուց, նաեւ իրավաբան եմ, Ռզաեւը լրջորեն պահպանում էր նախաքննության վարույթային կարգը»,- գրել էր Դ. Բաղդասարյանը: Վերջինի գործով նրա հետ հանդիպում է Նախիջեւանի ՆԳ նախարարի տեղակալ Մամեդովը, որը հարցաքննության հունը փոխում է, սահուն անցում կատարելով արցախյան հարցին:

 

Շարունակելի

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Սկսած 1989 թվականից, երբ առանձին հարձակումների թիրախ դարձան ուսումնական հաստատությունների ռազմագիտության կաբինետները, միլիցիայի բաժինները, ԴՈՍԱԱՖ-ը, պայթուցիկ նյութերի պահեստները, զենք ունենալու կապակցությամբ: Դուք սա նորմա°լ նախադասություն եք համարում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031