Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կալանավորված իրանցին բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին

Մայիս 07,2016 15:30

«Ես՝ Մոհամմադ Ռեզա Լաթիֆի Ազիզիս, շուրջ 2,5 տարի առաջ հանիրավի կալանավորվել եմ եւ պատվիրված դատարանի կողմից իմ նկատմամբ կայացվել է էլ ավելի հանիրավի դատավճիռ», ՀՀ նախագահին ուղղված իր բաց նամակն այսպես է սկսել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից այս տարվա հունվարի 11-ին 5 տարվա ազատազրկման դատապարտվածը: Նույն գործով 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել մեկ այլ իրանցի էլ՝ Մոհամմադի Հոսեյնիսոհին:

Մոհամմադ Ռեզա Լաթիֆի Ազիզիի նամակը տպագրվում է ստորեւ:

«Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան, Խնդրում եմ իմ գործի (ԵԿԴ/0157/01/14) վերաբերյալ անհրաժեշտ քննություն կատարել, որովհետեւ հենց սկզբից, Ձեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունում, գործը սկսվեց իմ դեմ տուժողներ «սարքելով», իսկ այնուհետեւ ազդեցիկ ու կիսաքաղաքացիական անձանց կողմից ուղղորդվեց մինչեւ այն աստիճան, որ չնայած օրենքով սահմանված կարգով հետազոտված փաստաթղթերի, ապացույցների եւ փաստական հանգամանքների առկայությանը, ես մեղավոր ճանաչվեցի։ Հարկ եմ համարում նշել, որ խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ եւ 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19, 135-137 եւ 143-րդ հոդվածները։ Քրեական գործի նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազն էլ, առանց գործի իրողություններին ուշադրություն դարձնելու, հաստատելով մեղադրական եզրակացությունը, այն ուղարկեց դատարան եւ տակավին պնդում է իր՝ չհետազոտված դիրքորոշումները։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը որեւէ ուշադրություն չդարձրեց նշված հանգամանքներին, նույնիսկ, այսպես կոչված, տուժող անձանց պնդումները ճիշտ քննության եւ ֆինանսական ստուգման չենթարկվեցին: Բանն այն է, որ օրինական ստացականի կամ օրինական հիմնավոր փաստաթղթի բացակայության պայմաններում, եւ չնայած դատարանում, ինչպես նաեւ ԱԱԾ-ում նախաքննության ընթացքում տուժողների հայտարարություններն առ այն, որ իմ նկատմամբ գումարային պահանջ չկա, ընդհուպ տուժողներից մեկը դատարանում հստակ եւ պարզ հայտարարում է, որ ինձնից որեւէ գումար չի պահանջում, բայց դատավորն իր դատավճռով ինձ պարտավորեցնում է փոխհատուցում վճարել, որը նույնպես Ձեր երկրի Քաղաքացիական օրենսգրքի խախտում է։ Միաժամանակ գործում առկա են շատ հակասություններ, որոնք հեշտությամբ կասկածի տակ են դնում գործով վկա եւ տուժող անձանց ցուցմունքներն ու պնդումները։

Մեծարգո պարոն նախագահ, ցանկանում եմ Ձեզ հարցնել. արդյո՞ք որեւէ գործի դեպքում նախ չպետք է բացահայտել խնդրո առարկայի իրողությունը եւ դրա հիման վրա պատժել մեղավորին կամ մեղավորներին։ Արդյո՞ք կարելի է ստի եւ մտացածին պատմության հիման վրա պատժել որեւէ մեկին։ Ցավոք սրտի, մինչեւ այսօր այս գործում իմ նկատմամբ որեւէ արդարություն չի իրականացվել եւ իմ խոսքը ուղղված Հայաստանի ժողովրդին եւ պետությանն այն է, որ ես՝ լինելով օտարերկրացի, ով Ձեր երկրում որեւէ ծանոթ չունեմ եւ հաշվի առնելով կնոջս վատառողջությունը, որն ամբողջովին իմ բացակայության պատճառով ստեղծված խնդիրների ու դժվարությունների հետեւանքն է, հստակորեն հայտարարում եմ, եթե ՀՀ Վերաքննիչ դատարանը նույնպես, ցանկացած պատճառով, հրաժարվի արդարություն իրականացնել եւ Վերաքննիչ դատարանն էլ պատվիրված բնույթ կրի, ապա խնդիրը կպարզաբանեմ միջազգային հանրության համար եւ ցանկացած իրավասու դատարանում՝ լինի դա Եվրոպական միությունում կամ իրավասու երկրներում, կապացուցեմ իմ անմեղությունը՝ դատապարտելով Հայաստանին ապօրինի դատավճիռ կայացնելու մեջ։ Այն երկիրը, որ յուրաքանչյուր տարի համաշխարհային հանրությանը հայտարարում է իր քաղաքացիների ցեղասպանության տարելիցի մասին, արդյո՞ք կարող է ինքն այլ անձանց նկատմամբ այդպես վարվել։ Այն էլ միայն որոշակի գումարի պատճառով, որը ես ի պահ էի տվել մի հայ անձնավորության մոտ, անվտանգության մարմնում իր ընկերների եւ ծանոթների շնորհիվ իմ նկատմամբ դավադրություն կազմակերպվեց եւ ի վերջո ես ապօրինի կերպով կալանավորվեցի:

Մեծարգո պարոն նախագահ, խնդրում եմ կարգադրեք, որպեսզի իմ գործը համապատասխան եւ իրավասու մարմինների կողմից օբյեկտիվ եւ իրական քննության առնվի, որպեսզի վերականգնվեն իմ ոտնահարված իրավունքները»։

Կալանավորը բողոք է բերել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ըստ նախաքննությունն իրականացրած ԱԱԾ քննչական մարմնի, Մոհամմադ Ռեզա Լաթիֆի Ազիզին եւ Մոհամմադի Հոսեյնիսոհին մեղադրվել են «Նախնական համաձայնությամբ, խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, ԻԻՀ տարածքում գործող իր տուրիստական ընկերության միջոցով եվրոպական երկրներ մեկնելու ցանկություն ունեցող ԻԻՀ քաղաքացիներին հավաքագրելու, համապատասխան գումարի դիմաց ՀՀ-ում «Շենգենյան համաձայնության» երկրների դեսպանություններից օրինական մուտքի արտոնագիր ստանալու եւ եվրոպական երկրներ ուղեւորության մեկնելու գործընթացը կազմակերպելու, վերոհիշյալ անձանցից 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ԻԻՀ-ից Երեւանում ժամանակավորապես վարձակալված բնակարաններում տեղավորելու, սակայն ուղեւորությունները կազմակերպելու ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելու, առանձնապես խոշոր չափերի՝ 88.910.669 ՀՀ դրամին համարժեք 49.520 դոլար, 81.300 եվրո եւ 1.400.000.000 ռիալ գումարներ ստանալու համար»:
Պատրաստեց
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031