Դեմքին յուրօրինակ փայլ եւ թարմություն հաղորդելու համար անհրաժեշտ է հաճախակի այն խնամել եւ օգտագործել տարատեսակ սնուցիչ դիմակներ:
Ձվի ե՛ւ սպիտակուցը, ե՛ւ դեղնուցը շատ օգտակար է, բայց դեմքը մաքրելու եւ փայլ հաղորդելու համար անհրաժեշտ է ձվի սպիտակուցը լավ հարել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ եւ քսել դեմքին: Չորանալուց հետո լվացեք ջրով եւ բամբակով մաքրեք դեմքը:
Յուղոտ մաշկի դեպքում դեմքը մաքրեք կաթով, ապա օծեք վարունգի հյութով կամ դեմքը պատեք մեղրի բարակ շերտով, որի մեջ անհրաժեշտ է նախապես ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
Կարող եք նաեւ շաբաթը մեկ անգամ դեմքին շոգելոգանք անել խաշած ծոթրինի ջրով:
Կարդացեք նաև
Տաք օրերին, որպեսզի շպարը լավ «նստի» մաշկի վրա եւ չհոսի, շպարվելուց առաջ խորհուրդ է տրվում դեմքը շփել կիսված կիտրոնով, իսկ շպարվելուց հետո՝ սառույցի կտորով: Դիմափոշին որպեսզի համաչափ քսվի դեմքին եւ պարանոցին, այն քսելու համար օգտագործեք թաց սպունգ:
Խաշած կաղամբի եւ հազարի ջուրը կարելի է օգտագործել դեմքը մաքրելու համար: Այս ջուրը փափկեցնելու հատկություն ունի, շատ օգտակար է յուղոտ մաշկ ունեցողների, ինչպես նաեւ՝ մաշկային բորբոքումների համար, հատկապես հանգստացնում եւ բուժում է արեւի, ցրտի, քամու պատճառով առաջացած մաշկային բորբոքումները:
Դեմքին առողջ տեսք տալու համար 1 գավաթ մածունը եւ մանր կտրատած 1 վարունգը հարիչով վերածել խյուսի եւ քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա դեմքը լվանալ գոլ ջրով: Կրկնել օրվա ընթացքում 2-3 անգամ եւ արդյունքը կզարմացնի ձեզ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2016