Մարտի 29-ին մի հրաշք երազ տեսա (Ֆեյբուքում այդ մասին անգամ գրեցի). Մոնթեն էր եկել՝ զինվորական փոշոտ շորերով, ժպտում էր ինձ, ու ես չեմ հիշում, թե ում բացատրում էի՝ որ նա շատ հեռվից եկել է, որ իր ու մեր երկիրը պաշտպանի: Քանի որ ես երազներին հավատում եմ, ու դրանք իմ դեպքում պարտադիր կատարվում են, ամբողջ օրը մտածում էի՝ ինչո՞ւ Մոնթեն երազիս եկավ, ի՞նչ պիտի դա նշանակի… օրվա մեջ մի քանիսը շատ պատահական Մոնթեի անունն ինձ մոտ տվեցին, ինձ թվաց, թե վերջ, երազս կատարվեց, բայց չէ…
Երկու օր հետո սովորականից շուտ պիտի արթնանայի: «Սահմանում լարված է». հեռախոսի մյուս կողմից շատ անհանգիստ ասվեց, սկզբից, իհարկե, չընկալեցի ասվածի ու պահի լրջությունը, բայց արդեն համակարգչի առաջ սառեցի. իսկական պատերազմ է, որը, թվում էր մնացել է ոչ հեռու անցյալում, որի մասին խոսել են իմ ծնողները, որի մասին կարդացել եմ գրքերում, տեսել եմ ֆիլմերում, բայց դրա ներկայության մասին չեմ ցանկացել անգամ մտածել: Հիմա պատերազմի մասին լուրեր հաղորդող պետք է դառնամ…
Պատերազմից երկու օր առաջ երազումս ես Արցախում էի (իրական կյանքում միայն Կովսականում եմ եղել), Մոնթեն էր եկել՝ պաշտպանելու իր ու մեր երկիրը, իր մաշված զինվորական շորերով: Պատերազմի օրերին մտքովս պետք է անցներ, եկել էր ինձ զգուշացնելու, որ արդեն մաշվող խնդիրը պատռվում է, նորից կարելու անհրաժեշտություն կա. բայց ինչո՞ւ իմ երազում. ո՛չ ազդեցություն ունեցող, ո՛չ էլ որոշում ընդունող եմ… Այնուամենայնիվ, մտածեցի՝ Մոնթեն եկել էր ինձ պատերազմի մասին զգուշացնելու, երազս կատարվեց, բայց չէ…
Չորս օր տեւած պատերազմից հետո առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. այդպես ենք մենք հայտնում ամեն օր մեր ընթերցողներին: Բայց այս ընթացքում մենք ենք անհանգիստ, ամեն պահի պատերազմի սպասող: Հիմա քաղաքական ու հասարակական քննարկումները մի ուղղությամբ են տարվում, բոլորի զգացմունքները սրվում են միայն «հող» բառի արտասանությունից. ճիշտ է, պաշտոնական շրջանակներում դեռ «փոխզիջում» բառը շրջանառվում է, բայց կարծում եմ, միանգամից դեմ է առնում մամուլի, քաղաքական ու հասարակական ընդվզման պատին: Ոչ մի փոխզիջում՝ մեր հզոր զինվորների արյան գնով պահված հողերի հաշվին: Հիշում եմ երազս՝ Մոնթեն էր եկել, երեւի հիշեցնելու, որ եթե տանք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը…
Կարդացեք նաև
Հիմա բոլորս, այդ թվում եւ ես, շունչներս պահած սպասում ենք Մայիսի 9-ին. բոլորիս ուշադրությունը առաջնագծում է, զգուշանում ենք՝ թշնամին, կարծես թե, ցանկանում է նոր բան «մոգոնել»: Ես, ինչպես շատերը, զգայուն ու չափազանց հուզական եմ ընկալում սահմանից եկող լուրերը: Պատերազմ չեմ ցանկանում… Բայց մի տեսակ հանգիստ եմ. մտածում եմ՝ երազս հիմա է կատարվելու. ցանկացած իրավիճակում հաղթողը մենք պետք է լինենք: Ի վերջո Մոնթեն հենց ինձ էր երազում հյուր եկել՝ իր փոշոտ շորերով, բայց վստահ ժպիտով, որ ես էլ երեւի ուրիշներին իմ համոզմունքը հայտնեմ. հաղթանակը մերն է լինելու, «եւ կռիվը ինչքան շարունակվի, այնքան մերն են լինելու տարածքները», պարզապես «պետք է մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ….խաղաղություն պիտի ըլլա միայն հաղթանակով»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ