Մայիսի 6-ին Կամերային երաժշտության տանը կայացավ հայկական ավանդական երգերի կատարող, բազմաթիվ արժեքավոր աշխատությունների հեղինակ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 111-ամյակին նվիրված երեկո եւ «Մոկաց սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսը:
Միջոցառումը նախաձեռնել էր «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն, որի նախագահ, ջութակահար Նարինե Դելլալյանն էլ վարում էր երեկոն: Ի դեպ, նա Հայրիկ Մուրադյանի թոռան՝ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Լևոն Մուրադյանի տիկինն է:
Նարինե Դելլայանը նշեց, որ երեկոն ծրագրված էր իրականացնել դեռեւս մեկ ամիս առաջ, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով ձգձգվեց, եղան պահեր, որ նույնիսկ իր մոտ հարց առաջացավ՝ արդյոք հիմա ժամանա՞կն է նման երեկոյի: Այն կորիզը, որ ձեւավորվել է Հայրիկ Մուրադյանի թողած ժառանգության ու արվեստի շնորհիվ, ու դարձել Հայրիկյան մեծ համայնք, եկել էր այն եզրակացության, որ նման երեկոն պարտադիր է, որովհետեւ այսօր ճիշտ ժամանակն է Հայրիկ Մուրադյանի երգերի ոգեղենության:
Կարդացեք նաև
Տիկին Դելլայանի ձեւակերպմամբ, Հայրիկ Մուրադյանը միշտ էլ մագնիսի պես իր շուրջն է հավաքել նվիրյալների, իսկ գաղափարական մոտեցում ունեցող նրա երգերը, որոնք կրում են իրեն ծնած ժողովրդի տարիքն ու իմաստնությունը, ոգեշնչել են եւ 1965 թ ազգային զարթոնքի տարիներին, եւ 1988-ին: Դրանք արդիական են նաեւ այսօր:
«Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահը մեջբերեց Հայրիկ Մուրադյանի հայտնի խոսքերը, որ այս երգերը լռելու իրավունք չունեն, նաեւ անդրադարձավ Հայրիկի թողած հզոր ժառանգությանը, նրա գործի շարունակող դստերը՝ Մարո Մուրադյանին, եւ նրա հիմնադրած «Ակունք» համույթին: Վերջինս ձեռք է բերել պետական կարգավիճակ եւ ունի ղեկավար ի դեմս կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի:
Պարոն Շահնազարյանը կարեւորեց Հայրիկ Մուրադյանի դերակատարությունը ազգային երգերը փրկելու համատեքստում՝ որպես Գարեգին Սրվանձտյանի, Կոմիտասի ու մյուսների գործի շարունակող:
Նաեւ փաստեց, որ Վասպուրականի երգերի մեծ մասը դեռեւս դարակներում են, Կոմիտասը գրառել է 3000 երգ, դրանցից փրկվել է ուղիղ կեսը, սակայն առայսօր կատարվել ընդամենը 250-ը: «Հայրիկ Մուրադյանը Վասպուրականեր երգերը տարածեց նաեւ երեխաների մեջ…Մեր սերունդը տեսել է Էրգրի մարդկանց, կցանկանամ, որ նոր սերունդն էլ պահպանի այդ մարդկանց բացառիկ տեսակը: Հայրիկ Մուրադյանի տեսակը, ցավոք, վտանգված է ողջ աշխարհում… Թող մեր երկրի կարոտը մեծ ուժ տա, որ դուրս գանք բոլոր փորձություններից ու հաղթություն բերի մեր բանակին»,-ասաց նա:
«Ակունք» համույթի չքնաղ կատարումներով համեմված երեկոն անցավ լեփլեցուն դահլիճում: Բարեբախտաբար Հայրիկ Մուրադյանի ճաշակը եւ ազգայինը ունեն հետեւորդներ այս գլոբալիզացված աշխարհում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ