Թալիշում զոհված 20-ամյա հերոս Աղասի Ասատրյանին հետմահու շնորհվել է Արիության մեդալ:
Թե ինչ արժեք ունի այդ մեդալը մոր համար ու ինչպես է ընկալում հետմահու ստացած որդու պարգեւները, զինվորի մայրը՝ Նարինեն մեզ հետ զրույցում ասաց՝ պետք չե՜ն:
Մոր խոսքերով՝ «Ես իմ որդուն կուզեմ, ոչինչ չարժի իմ համար էդ ամենը, ոչի՛նչ, միայն իմ որդուն: Իրոք, էն որդին էր, որով կարելի է միայն հպարտանալ: Իմ Աղասին շա՜տ լավն էր, մեր բոլոր բալիկներն են շատ լավը, բայց խոսում եմ՝ որպես մայր: Նման որդի կորցնելը ոչնչի հետ չես կարող համեմատել կամ փոխել: Ոչինչ չի կարող սփոփել…»:
Սոցցանցերում քննարկվում է, որ գոնե տան միակ որդուն չպետք է տանեն առաջնագիծ, որ մայրը, ընտանիքը չզրկվի իր միակ զավակից: Մեր հարցին՝ Դուք կորցրել եք ձեր միակ արու զավակին, ի՞նչ կարծիք ունեք այդ առաջարկի մասին՝ մոր պատասխանն ապշեցնող էր: Նա արտասվելով ասաց. «Ունեմ տասը մատ, ո՞ր մատս կտրեն, որ ցավ չտա: Մոր համար կապ չունի՝ քանիսն ունի, մեկ ա, ցավը նույնն ա: Տարբերություն չկա՝ մեկն է երեխան, թե տասն են, դա շատ ցավոտ է՝ կորցնել երեխային: Ես ցավացել եմ յուրաքանչյուր զինվորի համար, շա՜տ եմ ցավացել, բայց էս մի ցավն ուրիշ, անտանելի ցավ է: Ես ինձ լրիվ կորցրել էի, բայց ունեմ երկու դուստր, որոնք իմ կարիքն ունեն, ապրում եմ դուստրերիս համար: Հաստատ Աղասս էլ լավ չէր զգա իրեն, եթե քույրիկներին լքեի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ