Հակառակորդի ագրեսիայի հետեւանքով ապրիլի 2-ին Թալիշում սկսած վայրագությունների զոհ էր դարձել 20-ամյա մեր հերոսներից մեկը՝ հետախույզ Աղասի Ասատրյանը: Այն դիրքում, որտեղ Աղասին է եղել, տղաները որոշել են ոչ մի դեպքում չնահանջել, կռվել մինչեւ արյան վերջին կաթիլը: Քառօրյա պատերազմից ընդամենը 1-2 օր առաջ նա հարազատներին զանգել ու լավ լուր է տվել՝ մեդա՜լ եմ ստացել, կրակայինից առաջին տեղն եմ բռնել: Ապրիլի 4-ին արդեն ծնողները նրա մահվան լուրն են ստացել:
Այսօր Աղասիի մայրը՝ Նարինեն Aravot.am-ի հետ զրույցում հուզմունքից դողացող ձեռքերով մեզ էր ցուցադրում որդու մանկության լուսանկարները, պատմում, թե ինչ երազանքներ է ունեցել որդին, ինչպես է բանակից զանգել ու խոստացել իր տատիկին, որ բանակից հենց գամ՝ գործից դուրս ես գալու, էլ չեմ թողնելու աշխատես ու ինչքան հպարտությամբ է գնացել բանակ. «Բանակ զորակոչվելու ծանուցագիրը, որ ստացավ, ցնծության մեջ էր: Սա նկարել, գցել էր իր ֆեյսբուքյան էջ, էնքան ուրախ էր, գրել էր՝ ես բանա՜կ եմ գնում, էնքան հպարտ էր»:
Զինվորի մայրը խնամքով թաքցրած մի կտոր հանեց. «Սա իր թաթիկին են կապել, երբ ծնվել էր, 3 կգ, 200 գրամ, 51 սմ հասակով…: Էս նկարում Աղասս 6 ամսական է, էստեղ քուրիկներին մտցրել է կաթսայի մեջ, չգիտեմ՝ ձեռքերն էր լվանում, թե լվացք էր անում, բերեցի անմիջապես նկարեցի: Այս մի նկարում գնում է առաջին դասարան: Սա գնացել էինք իր պրիսյագին»,- մայրը արցունքն աչքերին թերթում էր որդուց մնացած հիշողությունները՝ լուսանկարչական ալբոմը:
Կարդացեք նաև
Փետրվարի 23-ին Աղասի Ասատրյանի 20-ամյակն էր: Մոր պատմելով՝ «Բանակ գնալիս տանը հյուրեր ունեինք, ուրախանում էինք, մի պահ Աղասս անհետացավ՝ մի քանի ժամով: Երբ եկավ,ասեցի՝ Աղաս ջան, ամոթ չէ՞ր, էս հյուրերը քեզ համար էին եկել, սիրուն չէր, ինչի՞ թողեցիր գնացիր: Ասեց՝ դե, մա՛մ, մարդիկ կային, որ պիտի հրաժեշտ տայի: Հետո քույրիկներն ասեցին, որ գնացել էր ընկերուհուն հրաժեշտ տար՝ իր սիրած աղջկան՝ Մարիամին»:
Տիկին Նարինեն ասում էր, որ որդին միշտ շատ աշխույժ ու կենսուրախ է եղել, քիք-բոքսինգի մարզիկ, հաջողություններ է ունեցել սպորտում, մեդալներ, պատվոգրեր. «Ուսի կոտրվածք, թեւի, ոտքի կոտրվածքներ ուներ, բժիշկն արգելեց, որ շարունակի: Շատ աշխույժ էր ու էդ աշխուժությունն անընդհատ մեզ հիվանդանոց էր ուղեկցում: Որտեղ փորձանք՝ էնտեղ Աղասիս մեջտեղում կանգնած. «Ասում էր՝ բանակից կգամ հեռակա կշարունակեմ ուսումս, կդիմեմ ուսումնարան կամ ֆիզկուլտինստիտուտ»:
Զինվորի մայրը լուսանկարչական ալբոմի վերջում տեղադրել է դիրքերում խավարի մեջ մի լուսանկար, որտեղ որդու վրա արեւի շող է ընկել: Նրա խոսքերով՝ «Սա շատ հետաքրքիր նկար է՝ էս լույսն ինձ էնքան հույս է տալիս՝ էս լույսը…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ