Մայիսի 10-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի մենահամերգը: Անսամբլը հանդես է գալու այն նույն ծրագրով, ինչով ելույթ էր ունեցել ապրիլի 16-ին ՝ այդ համերգի ողջ հասույթը փոխանցելով գյումրեցի անօթեւանների համար «Սոս Գյումրի» խմբի նախաձեռնած դրամահավաքին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, ըստ որի, Գյումրու թատրոնն արդեն մեկ տարի է համագործակցում է «Հորովել»-ի հետ. անցած տարի համատեղ պատրաստած ներկայացումը ցուցադրվել է ե՛ւ Վանաձորում, ե՛ւ Ստեփանակերտում, այնուհետ Գյումրիում՝ արժանանալով հանդիսատեսի բարձր գնահատականին:
«Տրամաբանական էր, որ այդ համերգ-ներկայացման վերջին ակորդը պետք է լինի մայրաքաղաքում: Մենք «Հորովել»-ի ղեկավարության ու բեմադրող ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի հետ որոշեցինք, որ մայրաքաղաքի համերգում կանենք որոշակի փոփոխություններ: Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում թատերական համարներով էր համեմված ամբողջ համերգը, մայրաքաղաքում մենք կունենանք պատրաստված փոքրիկ ֆիլմեր, որոնք կպատմեն «Հորովել»-ի պատմությունը. պարային համարները կընդմիջվեն ֆիլմ-պատմություններով: Հիմա նկարահանվում են այդ փոքրիկ ֆիլմերը, եւ այս անգամ դահլիճում նստած մայրաքաղաքի հանդիսատեսն այդ երկու ժամվա ընթացքում հնարավորություն կունենա ոչ միայն դիտել համերգի պարացանկն ամբողջությամբ, այլ նաեւ հնարավորություն կունենա ծանոթանալ «Հորովել»-ի կեսդարյա պատմությանը: Այն ներկայացվում է մեկ արտիստի աչքերով. ֆիլմը կոչվում է «Կես դարը՝ մեկ արտիստի աչքերով»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ անդրադարձ է կատարվել պարարվեստի լեգենդար մասնագետներին, որոնք բեմադրություններ են արել «Հորովել»-ում՝ Վանուշ Խանամիրյանին, Ազատ Ղարիբյանին, Խաչիկ Մարգարյանին: Այժմ էլ «Հորովել»-ը փոխանցում է նրանց ողջ պարային ժառանգությունը. պարացանկում նաեւ նրանց բեմադրած պարերն են: Ըստ մեր զրուցակցի, անդրադարձ կլինի նաեւ «Հորովել»-ի պարացանկում իրենց ուրույն ձեռագիրն ունեցող պարերի բեմադրիչներին, «Հորովել»-ի ներկային ու նաեւ մատաղ սերնդին՝ «Հորովել» երգի-պարի անսամբլի ստուդիայի սաներին: «Մարզերում ստեղծագործող խմբերին շատ բարդ է մայրաքաղաքում ելույթ ունենալը, դա կապված է մեծ ֆինանսական, ծախսերի հետ, որոնք որ պետք է կարողանա հոգալ խումբը, ու մայրաքաղաքում մարզերի խմբերի ելույթները շատ հաճախակի չեն: Մենք դիմեցինք ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին, որն, ի դեպ, նախորդ ծրագրին նույնպես աջակցություն էր ցուցաբերել: «Հորովել»-ի համերգը Երեւանում կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարի աջակցությամբ, սա նույնպես շատ կարեւոր եմ համարում: Մշակույթի նախարարությունն ապակենտրոնացման համար գործնական քայլերի է դիմում ու մարզեր-մայրաքաղաք կապի պահպանման համար ֆինանսական ներդրում է անում:
Կարդացեք նաև
Այս դեպքում «Հորովել»-ի հյուրախաղերը ֆինանսավորեց մշակույթի նախարարությունը, Վանաձորի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, Լոռու մարզպետարանը՝ ի դեմս Արթուր Նալբանդյանի, նույնպես ֆինանսական մասնակցություն են ունեցել: Շատ կարեւոր է, որ պետական գերատեսչությունները հասկանում ու կարեւորում են մարզերում գործող մշակութային խմբերի ելույթները մայրաքաղաքում: Սա եւս մեկ անգամ ստեղծագործական նոր ուժ է տալիս, խթան է հանդիսանում ստեղծագործելու: Հատկանշական է նաեւ այն, որ այս անգամ «Հորովել»-ը կունենա իր համերգի հեռուստատեսային տարբերակը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու «Հորովել»-ն ունեն պայմանավորվածություն, որ հանրայինը իր ոսկե ֆոնդի համար նկարահանի «Հորովել»-ի ամբողջական ծրագիրը», -ասաց Տիգրան Վիրաբյանը:
Ըստ մեր զրուցակցի, թեեւ «Հորովել» երգի-պարի անսամբլը ժողովրդական ակունքների վրա է կանգնած, սակայն իրենք չեն մոռանում, որ 21-րդ դարն է. համերգային ծրագրի ժամանակ կօգտագործվեն լուսային եւ ձայնային ժամանակակից տեխնիկա, լեդ էկրաններ: Համերգի համար արված է բեմի հրաշալի ձեւավորում՝ հայկական մանրանկարչության տարրերով, նկարիչ Լուսինե Խաչատրյանի կողմից: «Երբ ասում ենք սա ժողովրդական անսամբլ է, միանգամից պատկերացնում ենք, որ ականատես ենք լինելու կիսամութ լույսերով, ոչ շքեղ, մի համերգային ծրագրի, մենք այդ դեպքի հետ գործ չունենք, մենք ունենալու ենք գերժամանակակից լուսային ու ձայնային տեխնիկայով հագեցած համերգային երեկո: Հայաստանի առաջատար ընկերություններն են իրականացնելու տեխնիկական սպասարկումը, ես առավել քան վստահ եմ, որ մենք վերջնական արդյունքում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում եւ հանրային հեռուստատեսությամբ ունենալու ենք իսկական հորովելյան հրավառություն»,- համոզված է մեր զրուցակիցը:
Հարցին ՝ երբեւէ մտածե՞լ եք ժողովրդական երգ-պարերով հանդես գալ խրամատների մոտ, ոգի տալ սահմանը պահող մեր զինվորներին, մեր զրուցակիցն ասաց, որ անցած տարի «Հորովել»-ի՝ Ստեփանակերտում տված մենահամերգը պատահական չէր: «Առավել քան վստահ կարող եմ ասել՝ խումբը պատրաստ է ցանկացած պահին ելույթ ունենալ, որտեղ կա իր անհրաժեշտությունը, իր կարիքը, որտեղ զգում են հորովելցիների քոչարու հնչյունները ու վեհ պարը, «Հորովել»-ի երիտասարդ արտիստական կազմի ոտքերի ամրությունը: «Հորովել»-ը պատրաստ է ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում, որովհետեւ մենք կռվում ենք ոչ միայն զենքով, այլ կռվում ենք մշակույթով: Սա նաեւ մշակութային կռիվ է, ինչպես բոլոր կռիվներում՝ մարտադաշտում, տեղեկատվական, առավել քան համոզված եմ, որ Հայաստանն ու հայ մարդը հաղթող են: Այդ կռվում մենք նաեւ մշակույթով ենք ներկայանում, մշակույթով ենք ճանաչելի ու ներկայանալի, մշակույթով ենք հաղթող: Վստահ եմ, որ այս պատերազմում մենք մշակույթով էլ ենք հաղթող եւ հաղթող ենք քոչարիով, երբ որ մայիսի 10-ին վերջին պարային համարը կլինի Վանուշ Խանամիրյանի՝ մեր պարարվեստի հսկայի կողմից բեմադրված քոչարին, «Հորովել»-ի զուռնի ձայնն ու դհոլների դղրդյունը կհասնի այնտեղ, ուր պետք է, ու այդ քոչարիի ամրությունը, ուս ուսի տված «Բերդ»-ը ցույց կտան, որ այս ազգն, իրոք, անպարտելի է: Դարեր շարունակ կարողանում ենք քոչարի պարել, դարեր շարունակ մեր մշակույթը չի տրոհվել ու մնացել է անկոտրուն, հայկական, ուրեմն մենք անպարտ ենք եւս մեկ անգամ», -ասում է Տիգրան Վիրաբյանը:
Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ