Մայիսի 2-ին Տավուշի մարզի Զորական գյուղում հուղարկավորեցին ապրիլի 30-ին Թալիշում հերոսաբար զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանին: Հուղարկավորության մասնակիցները ցնցված էին Մովսիսյանների բնակարանային վատ պայմաններից:
Մովսիսյանների դուստրը` Գայանեն 21 տարի առաջ, 6 տարեկան հասակում, բուտուլիզմից մահացել է, Գարիկը նրա մահից 2 տարի հետո է ծնվել: Մովսիսյանների ընտանիքը սոցիալական վատ վիճակի մեջ գտնվելով` կարողացել է կառուցապատել միայն նրա գերեզմանի շուրջը, սակայն գերեզմանաքար չի կարողացել տեղադրել: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը հաստատեց ընտանիքի սոցիալական վատթար վիճակը,նշեց, որ Զորականում գրեթե բոլորը սոցիալական վատ վիճակում են: Նշենք, որ Զորականում բնակվում են Դաշտային Ղարաբաղի հռչակավոր Չարդախլու գյուղից հարկադրված վերաբնակվածները:
Մովսիսյանների տունը կառուցվել է 1950-ական թվականներին, գյուղը նախկինում ադրբեջանաբնակ է եղել, Մովսիսյան ընտանիքի տունը կառուցված է հողե շաղախով, միահարկ տան ետնամասը գտնվում է հողի մեջ: Գյուղապետն ասաց, որ մայիսի 4-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելելով Մովսիսյանների տուն, խոստացել է լուծել տան հարցը: Ս. Մարտիրոսյանի համոզմամբ` այդ տունը նորոգման ենթակա չէ, խնդրի լուծումը կարող է լինել նոր տան կառուցումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ