Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Պերմյակովին մինչ օրս Ավետիսյանների տուն չեն տարել՝ համոզվելու, որ հենց նա է կատարել սպանությունը (Ֆոտոշարք)

Մայիս 06,2016 17:57

Գյումրու 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այսօր դատարանը պիտի հրապարակեր փորձարարության տեսագրությունը, սակայն պարզվեց, որ ռուսական կողմը հայկական կողմին չի տրամադրել այն, հետեւաբար եւ դատարանում հրապարակվեցին փորձարարության արձանագրությունն ու լուսանկարները:

Ի դեպ, լուսանկարները սեւ ու սպիտակ էին ու ոչինչ չէր երեւում:

Ըստ կատարված փորձարարության, 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների տան մակետն էին սարքել: Ռուսական կողմի քննիչը Պերմյակովին խնդրել էր ցուցադրել իր գործողությունները տան յուրաքանչյուր հատվածում: Ըստ փորձարարության արձանագրության, Պերմյակովը, օրինակ՝ ցուցադրելով, որ այդ մասում տան բաղնիքն է, ասում է՝ բացեցի լոգարանի ծորակը, ջուր խմեցի,, այնուհետ մտա առաջին սենյակ, որտեղ վառարան կար դրված, վառարանի կողքին մի անձ էր պառկած, աղջիկը բարձրացավ մահճակալից, բղավեց, կրակեցի:

Permyakov_3 Permyakov_4

Պերմյակովը ցույց է տվել, թե ինչ դիրքով է պահել ինքնաձիգը, նշել է, որ սեղմում ու բաց էր թողնում: Պերմյակովը նկարագրել է յուրաքանչյուր սենյակի գույքը, ընդհուպ մինչեւ տանը դրված տոնածառը:

Լրագրողները Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ այդ տեսագրությունը ռուսական կողմը չի տրամադրել հայկական կողմին ու մի՞թե դա կասկած տեղիք չի տալիս, որ թաքցնելու ինչ-որ բան ունեն:

Երվանդ Վարոսյանն ասաց, որ ռուսական կողմը որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել, թեպետ լուսանկարներում էլ երեւում է, որ տեսանկարահանող սարքեր են եղել փորձարարության ժամանակ: Թե՛ փաստաբանները, թե՛ նախաքննական մարմինը ռուսական կողմից պահանջել են տեսագրությունը, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել: «Անկեղծ ասած, տեսագրության չտրամադրելը ինձ մի քանի անգամ ստիպել է կարդալ արձանագրությունը ու դիտել լուսանկարները, հստակ ասել ինչ-որ բան կա թաքցնելու, այդ պատճառով չեն տրամադրել, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ, որ չեն տրամադրել, անգամ չգիտենք՝ գուցե չկա՞ տեսագրությունը, պատասխան չկա, որ հասկանալի լինի», -ասաց Երվանդ Վարոսյանը:

Նա նշում է, որ քրեական գործի նյութերը դիտարկելիս՝ իր մոտ կասկածներ չկան, որ Պերմյակովն է կատարել սպանությունը: Հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի, եթե Պերմյակովը հենց դեպքի վայրում՝ Ավետիսյանների տանը լիներ, Երվանդ Վարոսյանն ասաց. «Մենք վաղուց էինք գտնում, որ դա ոչ միայն դեպքի վայրում պիտի իրականացվի, այլ Պերմյակովը պետք է հայ իրավապահների տրամադրության տակ լիներ, որ այդ ամեն ինչը լիներ, բայց մենք հիմա ստիպված կլինենք վերադառնալ քրեական գործի քննության առաջին օր ու վեր հանել, թե ինչո՞ւ Վալերի Պերմյակովը հայտնվեց 102-րդ ռազմաբազայում: 102-րդ ռազմաբազայում նրա հայտնվելն այս ամեն ինչը սարքեց անհնար, նաեւ նրա մասնակցությամբ փորձարարություն իրականացնելն Ավետիսյանների տանը»:

Permyakov_1

Հարցին, իսկ հիմա հնարավոր չէ՞ իրականացնել փորձարարությունը Ավետիսյանների տանը, Երվանդ Վարոսյանն ասաց. «Նա շարունակում է գտնվել ռուս իրավապահների հսկողության ներքո: Ինքներդ եք ականատես լինում՝ ինչպես են նրան բերում, տանում»:

Երվանդ Վարոսյանը նշում է, որ Վալերի Պերմյակովը դասական իմաստով սատանիստ չէ, Ավետիսյանների սպանությունն էլ չի կատարվել ծիսակարգով, բայց թե Պերմյակովի հոգեբանական վիճակը, թե նրա մտքերը բնութագրելու առումով կարեւոր են նրա սատանիստական գրառումները: Ըստ փաստաբանի, նա սատանիստ չի էլ կարող լինել բավական ցածր գիտակցական մակարդակի պատճառով, նա այդպիսի գաղափարներ չէր էլ կարող ունենալ:

Լրագրողներից մեկի այն հարցապնդմանը, որ Պերմյակովի՝ դատարանում տված ցուցմունքից նման տպավորություն չստացանք, որ նա ցածր գիտակցական մակարդակ ունի, նա բավական էլ խորամանկ էր, Երվանդ Վարոսյանը չհամաձայնեց:

Նշենք, որ Վալերի Պերմյակովի ծառայակից ընկերներից 4-ը, որոնք դատարան էին հրավիրված որպես վկա, գրություն էին ուղարկել՝ պատճառաբանելով, որ ընտանեկան դրությունից ելնելով՝ չեն կարող գալ Հայաստան, խնդրել էին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Թեեւ Պերմյակովի պաշտպանը դեմ էր, որ դրանք հրապարակվեին, քանի որ սպանության մեղադրանքի հետ առնչություն չունեին, բայց դատախազը պնդեց, որ դասալքությունն ու սպանությունը փոխկապակցված են, ու դատարանը հրապարակեց դրանք:

Երվանդ Վարոսյանն այս անձանց ցուցմունքները կարեւորում է նրանով, որ մեկը Պերմյակովը համածառայակիցն է եղել, դեպքի օրը եղել է զինված ու գտնվել է հենակետում: Երկրորդը, ըստ նրա, կարեւոր է այն առումով, Պերմյակովը նրանց է պատմել մոր մահվան մասին հորինվածք: Իսկ առանցքային վկաներից՝ սպա Նիկիշինից դեռ լուր չկա, մինչդեռ նա է, որ պիտի պատասխան, թե ինչպե՞ս է հոգեկան խնդիրներ ունեցող, զենք կրելու իրավունք չունեցող Պերմյակովին բերել Հայաստան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031