Լրահոս
Օրվա լրահոսը

«Փելեշյանը դեմ չէ ժամանակին, այլ ժամանակն է Փելեշյանի դեմ». Արտավազդ Փելեշյան

Մայիս 06,2016 17:46

Մայիսի 5-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, կինոռեժիսոր, սցենարիստ դերասան Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը և մաեստրոյի մասին պատմող «Կինոպոետը, Արտավազդ Փելեշյան» ֆիլմի ցուցադրությունը:

«Դրոշմման ժամանակը» երկհատորյակն ամփոփում է Փելեշյանի մասին գրված լավագույն հոդվածներն ու հոդվածագիրներին՝ անծայրածիր աշխարհագրությամբ, բազմալեզվությամբ և բազմամասնագիտությամբ: Գիրքը լույս է տեսել ռուսերենով: Գրքի պատրաստման աշխատանքներին Փելեշյանն անձամբ է մասնակցել՝ Մոսկվայից ժամանելով Երևան։

Ֆիլմը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայկ Օրդյանի համատեղ աշխատանքն է, որի պրեմիերան 2009-ի դեկտեմբերի 9-ին էր։ Ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, իսկ 2010-ի մայիսին մասնակցել է Կաննի, Պրահայի «Իստ Սիլվեր» փառատոների կինոշուկաներին:

Վավերապատումում ռեժիսորի մասին տպավորություններ են հայտնում փորձառական վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն, գերմանացի հայտնի կինոգետ Հանս-Յոահիմ Շլեգելը, ռուսաստանյան կինոաշխարհի հեղինակություններ Միխայիլ Շվիդկոյը, Սերգեյ Միրոշնիչենկոն, Փելեշյանի մտերիմները` նկարիչ Հակոբ Հակոբյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և պարզապես նրանք, ովքեր առնչվել են նրա ստեղծագործությանը:

Միջոցառմանը ներկա՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը նկատեց, որ բառը և Փելեշյանի կինոն այնքան էլ չեն համատեղվում միմյանց հետ. «Փելեշյանը բառերը վտարել է իր կինոյից, որովհետև չի վստահում, որովհետև բառը մարդուն տրված է իր մտքերը թաքցնելու համար: Նա վտարում է բառը, ազատագրում է կինոյից, քանի որ բառը կարող է լինել ժամանակավոր, իսկ պատկերը հավերժական է: Փելեշյանի կինոն ավելին է, քան ժամանակը: Մեր արվեստը միշտ նայել է Արարատին, որը շատ կարևոր է ինքնության համար: Բայց շատ ավելի կարևոր է, երբ հայ արվեստագետը կարողանում է Արարատի գագաթից նայել աշխարհին: Դա նշանակում է, որ քո ոտքերը քո ազգային պետության հիմնասյան վրա են: Սա հաջողվել է Չարենցին, Աբովյանին, Արամ Խաչատրյանին, Երվանդ Քոչարին, Կոստան Զարյանին և սա հաջողվել է Արտավասդ Փելեշյանին: Փելեշյանը կինոսիմֆոնիստ է: Այս ֆիլմերը կինոսիմֆոնիաներ են»:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը խոսեց գրքի մասին՝շեշտելով, որ նման արժեքավոր գրքեր քիչ ունենք. «Այսօր ծնունդ է առել մի փառավոր գիրք՝ իր էությամբ մոնումենտալ, իր պարունակությամբ անչափելի: Անչափելի է իբրև հայ հողից ծնունդ առած գեղեցիկի և միջազգային մշակութային իրականության հետ հարաբերության մեջ մտած, ընդհանրություն դարձած մի արժեք, որտեղ իրենց խոսքն են ասում աշխարհի խոշորագույն կինովարպետները, արվեստագետները: Երբ այսպիսի խոսք է ասվում Փելեշյանի ֆիլմի հետ կապված՝ այսպես թե այնպես մեզնից յուրաքանչյուրը հպարտություն է ապրում՝ համարելով, որ դա խոսք է, ասված, անշուշտ, նախ և առաջ Արտավազդ Փելեշյանին և նրա արվեստին, բայց նաև մեր՝ հայերիս, ամեն մեկիս առանձին-առանձին: Մենք նորից լցվում ենք հպարտության զգացումով: Գիրքն իրոք արտակարգ արժեք է այսօր, բայց ոչ միայն այն պատճառով, որ այս գրքերի քանակը շատ քիչ է վերջին տասնամյակներին, այլ առհասարակ նման աշխատությունների խորքն ու պարունակությունը մեզանում շատ չէ»:

Միջոցառման վերջում խոսեց նաև մաեստրոն՝ Արտավազդ Փելեշյանը. «Ես կարծում եմ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես այն հայտնվել է բոլոր արվեստներից հետո: Կինոն իր առանձնահատուկ վերաբերմունքն ունի ժամանակի նկատմամբ: Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն դրոշմված, գրանցված ժամանակն է, ես համարում եմ, որ ժամանակը չի գրանցվում, չի դրոշմվում. մենք ժամանակում գրանցում ենք ինչ որ բան ժապավենի վրա: Իսկ ժամանակը երբեք չի գրանցվում ժապավենի վրա: Կինոն հիշողություն է ժամանակի համար: Լավ խոսք կա, ասում են՝ գնում եմ նկարահանման։ Նկարահանեցի, ինչը հանեցիր՝ նկարը, որտեղից՝ ժամանակի ձեռքից․ ուրիշ տարբերակ չկա: Կինոն դեմ է ժամանակին»։

Կինոռեժիսորը հիշեց իր մասին ֆրանսիական մի թերթում գրված հոդվածը՝ հավելելով, որ չնայած հոդվածը դրական էր, բայց վերնագիրը սխալ էր ընտրված՝ «Փելեշյանը դեմ է ժամանակին և բառին».«Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի էդ հրեշավոր ժամանակին, հզոր ժամանակին: Փելեշյանը դեմ չէ ժամանակին, այլ ժամանակն է Փելեշյանի դեմ: Ես խոսքին ու բառին դեմ չեմ, կան բառերով արված հրաշալի ֆիլմեր՝ օրինակ՝ վերջերս տեսել եմ Լեոնիդ Գևորդյանցի Տոնինո Գուեռոյի մասին ֆիլմ, որն արված է բառերի հիման վրա, որտեղ պատկերը շարունակում է խոսքը, խոսքը շարունակում է պատկերին: Ես քիչ եմ օգտագործում բառեր ժամանակի պատճառով՝ խնայելով ժամանակը հանդիսատեսի համար: Ժամանակը շատ հզոր բան է, բայց և այնպես կինոն էլ է իր հնարավորություններում շատ հզոր: Բոլորը վախենում են ժամանակից, բայց հզոր ժամանակն իր հերթին վախենում է հզոր կինոյից»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031