Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյանի գործով ներկայացվեց միջնորդություն՝ վարույթը կասեցնելու վերաբերյալ

Մայիս 06,2016 17:21

Վարչական դատարանում դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Գայանե Առուստամյանի:

Դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց միջնորդությունը, քանի որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է համապատասխան դիրքորոշում, այս դեպքում այն առկա չէ:

Տաթեւիկ Սիրադեղյանը դատարանին երկու միջնորդություն ներկայացրեց: Նա խնդրեց դատարանին երկրորդ միջնորդությանը անդրադառնալ առաջինը մերժելու պարագայում: Տաթեւիկ Սիրադեղյանը ասաց, որ եթե Գայանե Առուստամյանը վիրավորանքը հնչեցրել է Դավիթ Պիլիպոսյանի հասցեին, ապա հայցը դատարան պետք է ներկայացներ հենց Դավիթ Պիլիպոսյանը:

Տաթեւիկ Սիրադեղյանը համարում է, որ առկա են բավարար հիմքեր գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու համար: Նա միջնորդեց կասեցնել վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի՝ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու համար:

Մյուս միջնորդությունով Տաթեւիկ Սիրադեղյանը խնդրում էր դատարանին կարճել վարույթը: Նա նշեց, որ ոստիկանության կոնկրետ ծառայողին կամ զինծառայողին ուղղված վիրավորանքը չի կարող ընկալվել որպես վարչական մարմնին ուղղված վիրավորանք, իսկ տվյալ դեպքում Գայանե Առուստամյանի կողմից հնչեցված եւ որպես վիրավորանք դիտարկվող արտահայտությունը ուղղված է եղել Դավիթ Պիլիպոսյանին: Տաթեւիկ Սիրադեղյանը ընդգծեց, որ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում վարչական մարմնի կողմից պաշտոնատար անձի իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, որպիսի պայմաններում վարչական մարմինը չի կարող կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայց հարուցել դատարան:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը հայտարարեց, որ առարկում է միջնորդությունների դեմ, քանի որ նրա կարծիքով՝ երկուսն էլ անհիմն են: Դատավորի հարցին, թե որ մասով են անհիմն, նա պատասխանեց՝ ողջ ծավալով:

Դատական նիստը հետաձգվեց, միջնորդությունների վերաբերյալ իր դիրքորոշումը դատարանը կհայտնի հաջորդ դատական նիստի ընթացքում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Գայանե Առուստամյանի լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031