Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական պայքարի թատերաբեմ չէ

Մայիս 06,2016 16:42

Ծանոթանալով Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արված հայտարարությանը, պարզ է դառնում, որ մեր հարևան պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել և հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է:

Ադրբեջանի պաշտոնյաների` անառողջ մրցակցության մեջ մտնելու փորձերը չեն նպաստում ժողովուրդների միջմշակութային երկխոսությանը` սրելով առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում:

Հայ ժողովուրդը ստեղծել է հարուստ մշակույթ իր ուրույն դրսևորումներով` այն հարստացնելով հարևան երկրների մշակույթներով և ինքն էլ հարստացնելով այլոց, բայց երբեք ոտնձգություն չկատարելով որևէ մշակույթի նկատմամբ: Իսկ ահա հարյուր տարուց պակաս պատմություն ունեցող հարևան պետությունը փորձում է իրեն վերագրել բազմադարյա մշակույթ ունեցող ժողովուրդների ավանդույթները, պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ձեռքբերումները: Դա վերաբերում է նաև միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականությանը և ձեռնարկված քայլերին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտերի հաստատումից հետո Ադրբեջանը հանդես է գալիս «պատասխան» քայլերով: Այսպես. մենք ներկայացրեցինք լավաշը, իսկ իրենք հանկարծ «բացահայտեցին», որ լավաշն իրենց ազգային հացն է, և երկու տարի անց ներկայացրեցին սեփական հայտը: Նույնը կատարվեց քոչարի պարի հետ: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր տարրի մեջ նրանք փնտրում են սեփական «ծագումն ու ինքնությունը»՝ վերածելով վիճաբանության:
Հայ ժողովուրդն այս հարցում ունի իր հիմնավոր նկատառումները, դիտարկումներն ու պատմական փաստերը: Բայց մենք ամենևին մտադրություն չունենք քննարկումներ ու վեճեր ծավալել հարևան ժողովուրդների արժեքների հաշվին ինքնահաստատման նպատակ հետապնդող մի գործընթացի շուրջ, որն իր տեսակով ոչ նոր է, ոչ էլ արդյունավետ:
Այժմ Բաքվի իշխանությունները հերթական անհիմն և անհեթեթ քայլն են կատարում` փորձելով տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` իբրև «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր: Սեփական ինքնությանը պարբերաբար չվստահելով և հույսը դնելով այլ ժողովուրդների վրա, հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելուց առաջ պարզապես չպետք է մոռանալ մյուս բոլոր ժողովուրդներին, որոնք դրա կրողն ու կիրառողն են: Հիշեցնենք, որ «թյուրքեր» տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խումբ, որի մեջ են ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները և այլ ազգեր։ Եթե անգամ տոլման տարածված լինի այս բոլոր ազգերի շրջանում, չպետք է մոռանալ նաև արաբական, բալկանյան, սլավոնական աշխարհը, և, ի վերջո, հայկական ավանդույթները:

Հնագույն մշակույթ, եզակի այբուբեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազարամյակների պատմություն ունեցող հայկական էպոս, խաչքար ու դուդուկ, և ընդհանրապես՝ հսկայական մշակութային ժառանգություն ունեցող և անտիկ ժամանակներից ամենատարբեր գրավոր աղբյուրներում հիշատակվող մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարող ներքաշվել կերակրատեսակի շուրջ ադրբեջանական կողմի հրահրած բանավեճի մեջ:

Մեր հարևան պետությունն այսօր քաղաքականացնում և վեճի առարկա է դարձնում գրեթե ամեն ինչ, չգիտակցելով, որ մշակույթն առհասարակ ստեղծվում ու զարգանում է հանուն քաղաքակրթության և խաղաղության: Իսկ խաղաղությունը մարդկության ամենաթանկ արժեքն է:

 

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031