Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները: Նրանց թաղումը կատարվեց զինվորական կարգով եւ վերածվեց համաժողովրդական ոգեկոչման ու խոնարհումի արարողության:
Վերին Գետաշեն գյուղում Իգոր Հակոբյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, զինվորականներ, Վերին Գետաշենի եւ հարակից համայնքների բնակիչներ:
Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Սիմոն քահանան:
Գեղամասար գյուղում Կորյուն Հարությունյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի զինծառայողները, Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը, Գեղամասարի եւ հարակից համայնքների բնակիչներ, զոհված զինծառայողի դպրոցական ընկերները:
Կարդացեք նաև
Գյուղապետարանի շենքի դիմաց կազմակերպված սգո միտինգում՝ Հայոց եռագույնի ներքո, խոսք հնչեցրեց ՀՀ ՊՆ Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը: «Հայրենակիցներ, լիազորված եմ հայտարարելու, որ Կորյունը զոհվել է մարտական հանձնարարություն կատարելիս: Բացի այդ, նա եղել է առաջնագծում, մարտնչել հայրենի հողի պաշտպանության դիրքերում, իր հերոս ընկերների կողքին: Համարեք նրան հերոսացած մարտիկ: Ցավում ենք ու խոնարհվում նրա շիրիմի առաջ»,- նշեց Գարիկ Առաքելյանը:
«Հարգելի հայրենակիցներ, մենք այս սգի մեջ անգամ պիտի պինդ կանգնենք, որ սահմանին կանգնած հայ զինվորն իրեն ամուր զգա, պիտի լինենք միաբան: Այս բազմամարդ թափորը հուշում է, որ մեր սիրելի զավակը սրբորեն է կատարել պարտքը հայրենիքի հանդեպ»,- իր խոսքն ասաց Կորյունի ազգական Վրեժ Հարությունյանը:
Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանան:
Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն