«Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել: Բայց իրավիճակը վերահսկելի է. պաշտպանության նախարարության ղեկավարությունը, ԶՈՒ գլխավոր շտաբը տիրապետում են ամբողջապես իրավիճակին: Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել, եւ այդ առումով ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է եւ բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ, վերահսկում ենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Անդրադառնալով Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի եզրակացությանը հաստատելու կառավարության որոշմանը, Կորյուն Նահապետյանն ասաց. «ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների միջև քննարկումներ են ընթանում՝ իրավիճակի հետ կապված, և ապրիլյան քառօրյա պատերազմը կտրուկ փոխել է իրադրությունը թե ռազմական, թե քաղաքական, թե արտաքին ուղղություններով: Այս տեսանկյունից՝ մենք նախ պետք է գնահատենք, թե որն է մեր շահը՝ փորձելով կողմնորոշվել`ստեղծված իրավիճակում որոնք են այն ճիշտ քայլերը, որոնք բխելու են մեր ժողովրդի և մեր երկու պետությունների շահերից: Տվյալ պարագայում, Հայաստանի նախագահի կողմից շատ հստակ ասվել է՝ եթե ադրբեջանական կողմը սանձազերծեց նոր ռազմական գործողություններ, Հայաստանի իշխանությունները պատրաստ են լինելու ճանաչել ԼՂՀ անկախությունը»:
Ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ ԱԳՆ եզրակացության մեջ գրված է, որ քննարկումները շարունակվում են երկու կողմերի մեջ, իսկ հաջորդող քայլերը պետք է պայմանավորված լինեն այդ քննարկումների արդյունքներով, նաև արտաքին գործոններով: «Այդ արտաքին գործոնները պայմանավորված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործողություններով: Եվ մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, հրապարակվել է շատ բարձր մակարդակով, որ այս պահի դրությամբ քանի դեռ հասցեական գնահատական չի տրվել Ադրբեջանի ռազմական ագրեսիային և հստակ երաշխիքներ չեն ձևավորվել, որ ԼՂ ժողովրդի նկատմամբ ևս մեկ ռազմական ագրեսիա տեղի չի ունենա, մենք նպատակահարմար չենք գտնում, որ կարող են բանակցությունները վերսկսվել»,- մանրամասնեց Կորյուն Նահապետյանը:
Ըստ նրա, հայկական կողմի ներկայացրած առաջարկների մասով ակնկալիքներ կան ու եթե չլինեին այդ ակնկալիքները, կլինեին շատ ավելի հստակ գործողություններ. «Հենց այս ակնկալիքներով է հիմնականում պայմանավորված, որ մենք ասում ենք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հաստատակամ են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: Եթե մենք տեսնում ենք, որ գեթ մեկ հնարավորություն կա հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու, ապա մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից: Իսկ թե ի՞նչ վերջնական դիրքորոշում կձևավորվի, դա կախված է նաև զարգացումներից»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ