ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ այսօր կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Հիմնարկեքի ընթացքում Թեմակալ Առաջնորդը և թեմի հոգևոր դասը սրբալույս մյուռոնով օծեցին տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը դրեցին աղոթատան հիմքերում:
Հիմնարկեքի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, համայնքապետ Գևորգ Միսակյանը, համայնքի և հարևան համայնքների հավատավոր ժողովուրդը, մեծ թվով հյուրեր:
Բազիլիկ ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի ղեկավարի և բնակիչների անմիջական աջակցությամբ և ջանքերով:
Հիմնարկեքի արարողությունից հետո Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց ներկաներին և հույս հայտնեց, որ նորակառույց եկեղեցին դառնալու է համախմբող, օրհնություն պարգևող օրրան:
Կարդացեք նաև
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ բարձր գնահատեց համայնքի ղեկավարի և բնակչության` համայնքում եկեղեցի կառուցելու աստվածահաճո ձեռնարկը` ընդգծելով, որ ոչինչ չի կարող ընկճել հայ մարդուն` կառուցելու իր տունը, իր եկեղեցին և գնալու հավերժի ճամփով:
Հավելենք, որ մինչ եկեղեցու հիմնարկեքը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին:
Արմավիրի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն