Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Ճանաչման հարց օրակարգում չկա»

Մայիս 06,2016 14:43

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հստակեցրեց, որ ՀՀ կառավարության օրակարգում ԼՂՀ ճանաչման հարց չի եղել, այլ ստիպված օրենքով սահմանված կարգով անդրադարձ է եղել պատգամավորների նախաձեռնությանը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց. «Կառավարությունը ձևակերպել է` համաձայնենք ԱԳՆ եզրակացության հետ, այսինքն՝ Արցախի ճանաչման խնդիրը Հայաստան-Արցախ բանակցությունների արդյունքում կարող է լինել` հաշվի առնելով իրադարձությունների զարգացումն ու արտաքին գործոնները»:

Պատգամավորը հստակեցրեց, որ ճանաչման հարց օրակարգում չկա, միևնույն ժամանակ շեշտեց, որ ԱԳՆ-ի և կառավարության եզրակացությունը սթափեցնում է Ադրբեջանին, և ըստ էության՝ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ եթե նա սկսում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, և ՀՀ-ն ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, ռազմական գործողությունների վերջում բանակցային գործընթացը բոլորովին այլ կետից է սկսելու:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գծի քննարկման առիթով նկատեց` լավ է ուշ, քան ավելի ուշ: Կառավարության ձևակերպումը նա համարեց լղոզված ու նշեց. «Եթե մենք տարիներ առաջ ճանաչեինք, Ադրբեջանը հինգ միլիոն դոլարի զենք գնած չէր լինի և նման պատերազմական գործողությունները չէին լինի: Ապացուցվեց այն թեզը, որ պատերազմ սկսելու խնդիրը բացարձակապես կապ չունի ԼՂՀ անկախության հետ: Հակառակը, բանակցություններն ընթացել են, բայց Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի, ինչպես նաև ՀՀ-ի դեմ»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի այն հայտարարությանը, թե «ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից», պարոն Մարտիրոսյանը մեկնաբանեց. «Ընթացակարգի համաձայն` օրենսդրական նախաձեռնությունը վերջնական փուլին չի հասել: Իշխանություններն ինչ-որ կերպ ճիշտ կանեն ընդունել, որ ԱԺ-ն օրակարգ ընդունի նախաձեռնությունը, նախատեսեն գործադիր քայլով` դե ֆակտո նախագահի կողմից հայտարարությամբ, եթե մինչև 2018 թվականը լինի»:

Պարոն Մարտիրոսյանը ճանաչման գործընթաց դեռ չի տեսնում, իսկ դրան հետևող վտանգի աստիճանը, ըստ նրա, կախված է մեր հակազդելու հնարավորությունից, այլ ոչ թե ճանաչել-չճանաչելուց:

Խոսրով Հարությունյանը հակադարձեց, եթե մենք ճանաչած լինեինք ԼՂՀ անկախությունը, ապա բանակցային գործընթացը չէր շարունակվի մեր պատճառով և Ադրբեջանը չէր հրաժարվելու ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իր ծրագրերից: Իսկ միջազգային հանրությունը շանս էր ունենալու մեզ մեղադրելու, թե դուք դարձաք պատճառը:

Դառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` այս հարցով անդրադարձին`  պարոն Հարությունյանն արձագանքեց. «Լավրովն ասում է` պետք չէ պանիկայի մեջ ընկնել այդ օրենքի նախագծի հետ կապված: Միևնույն է` խնդիրը բանակցային գործընթացում միակողմանի չի կարող լուծվել»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե պարոն Լավրովը բաց տեքստով ասում է, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, ու մտահոգություն հայտնեց. «Իսկապես մենք երկար ժամանակ է և՛ արտաքին քաղաքականության, և՛ շատ ռազմական հարցերում ինքնիշխան որոշում չենք կայացնում և որոշում կայացնելու իրավունքը տվել ենք Ռուսաստանին: Դրա լավագույն ապացույցն է այն, որ ՌԴ-ն առաջին միլիարդի զենքը, երբ վաճառեց Ադրբեջանին, ՀՀ-ն նոտա չհղեց, թե դու մեր ռազմավարական գործընկերն ես»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031