Մայրաքաղաքի վարչական շրջաններ-մասնավոր հատված համագործակցության արդյունքում լուսավորման և տեսահսկման սարքերով են կահավորվել Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ և 4-րդ զանգվածներում գտնվող ստորգետնյա երկու անցումներ: Գայի պողոտայի նախկինում անշուք գետնանցումները նաև ասֆալտապատվել են ու «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում համալրվել են սենսորային լույսերով, որոնք միանում են անցորդների շարժին զուգահեռ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին ներկայացնելով իրականացված աշխատանքները` ընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը նշել է, որ սա ըստ էության աշխատանքների մեկնարկն է, որին կհաջորդի նաև գետնանցումների նկարազարդումը: Բացի այդ, նա նաև վստահեցրել է, որ ընկերությունը շարունակելու է նմանատիպ աշխատանքներ իրականացնել ինչպես Նոր Նորք, այնպես էլ մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում: Իսկ գետնանցումների հաջորդականությունը քվեարկությամբ կորոշեն մայրաքաղաքի բնակիչները՝ այցելելով www.kaspersky.am կայք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն