«Իշխանությունների կողմից հայտարարվեց, որ գազի գինն էժանանում է`150 դոլար. իշխանության կողմից առաջարկ եղավ, որ սպառողների համար էլ այն էժանանա, որովհետեւ նախորդ անգամ սակագնի իջեցումը սպառողների վրա չազդեց: Այսինքն, այս անգամ մոտ տասը դրամի նվազում է լինելու` 156 դրամից սակագինը դառնալու է 146-147 դրամ: Կոնկրետ սակագինը կախված է «Գազպրոմի» առաջարկից եւ քննարկման արդյունքներից: Դժվար է ասել, թե սպառողին սա ինչ օգուտ կտա, բայց հուսով ենք, որ այլ ոլորտներում էլ, ասենք` հացի եւ ցեմենտի արտադրություններում գնանկում կլինի»,-կարծում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Մայիսի 6-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նա նշեց, որ գազի գնի իջեցումը սպառողի համար, ընդհանուր առմամբ, զգալի նշանակություն չի ունենա:
Չիլինգարյանը խոսեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի` 2016-20թթ. զարգացման ծրագրից, որով նախատեսվում է նաեւ ժամանակակից հաշվիչների ներդրում. «Ուրախալի է, որ 20 միլիարդ դրամ է ներդրվելու, նախորդ տարիներին ներդրումը եղել է մոտ 7-8 միլիոն դրամ: Հուսով ենք` առաջխաղացում կլինի, որովհետեւ նոր հաշվիչներով սպառողն ինքը կարող է հետեւել էլեկտրաէներգիայի ծախսին` սմարթֆոնի միջոցով: Առաջին հերթին ծրագիրը կկիրառվի Էրեբունիում եւ Սարի Թաղում, բայց դա տարիների աշխատանք է, որպեսզի ամբողջ քաղաքում տարածվի: Բացի այդ, ամեն տարի 200 միլիոնի ներդրում է արվում, որպեսզի բազմաբնակարան շենքերի մուտքերում հոսանքալարերի հետ կապված անվտանգության հարցը լուծվի: Երեւանում 4500 բազմաբնակարան շենք կա, տարեկան հարյուր շենքի դեպքում է հարցը լուծվում: Այսինքն, մի 30 տարի պետք կլինի ամբողջական իրագործելու համար: Ուստի ճիշտ կլիներ ավելի մեծ գումար հատկացնել: Հանձնաժողովի նիստում ասացին, որ կաշխատեն այդ ուղղությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ