Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը հաշվարկում է՝ գազի սակագնի նվազեցման արդյունքում որքան կկազմի էլեկտրաէներգիայի օպտիմալ սակագինը:
«Այն հաշվարկները, որոնցով հիմնավորվում էին գազի ու էլեկտրաէնեգիայի սակագինը, Հայաստանի իրականության հետ կապ չունեին»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա, փորձը ցույց է տալիս, որ գազ ներմուծող ու էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունները ինչքան կարողացան ծախսեր ցույց տալ, այնքան էլ սակագինը կբարձրանա:
«Շուկայական հարաբերությունները չեն ազդում սակագնի վրա, իհարկե, կա մի հանգամանք, որ այդ կազմակերպությունները մենաշնորհային են, բայց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չպետք է առաջնորդվի այդ մեթոդոլոգիայով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քսան միլիարդ դրամի ներդրումային ծրագիր հաստատեց ՀԷՑ-ի համար, ու արդեն պարզ է՝ ինչ է անելու ՀԷՑ-ը, կբերի ներդրումները կներկայացնի, հետո կասի՝ դրանք պետք է ծախսերի մեջ ներառի, դրանից ելնելով էլ սակագինը պետք է բարձրացվի: Բայց սպառողների համար ընդհանրապես նշանակություն չպետք է ունենա: Գազի դեպքում էլ են խոսում՝ սահմանին գազ, ռուսական գազ, մեզ համար ինչ նշանակություն սահմանին, թե որտեղ: Մենք գազ ենք սպառում մեր տանը, եւ ի վերջո գազը ներկրողը, արտադրողը, տեղափոխողը նույն մարդն է՝ «Գազպրոմը», բայց մեզ տարբեր բացատրություններ են տալիս»,- «Մեդիա կենտրոնում» ասաց Վահագն Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Տնտեսագետի խոսքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները, թե էլեկտրաէներգիայի սակագինը մի քանի դրամով կարող է նվազել, չունեն որեւէ հիմնավորում, որը կբավարարեր իրեն. «Մեր հաշվարկներով, գազը մեկ խորանարդի համար պետք է հարյուր դրամի կարգի լինի, բայց դեռ չենք հաշվարկել, թե դրանից ելնելով ինչքան կկազմի էլեկտրաէներգիայի սակագինը»:
«Հայրենական ապրանքներ արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ շարունակեց, թե այսօր հանրային հանձնաժողովն իր նախաձեռնությամբ է սկսել սակագնի իջեցման գործընթացը՝ հիմք ընդունելով հանգամանքը, որ այս տարի մեր ատոմակայանը 13,1 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել, իսկ մեր ՀԷԿ-ը այս տարի առաջին եռամսյակի տվյալներով՝ ջրառատ տարի լինելու հանգամանքով պայմանավորված, 28 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել. «Գազի գնի իջեցման հայտը հաշվի առնելով՝ բնականաբար, պետք է այս փոփոխությունները լինեին: Խնդիրն այն է՝ ինչքանը կբավարարի մեր արդյունաբերությանն ու բնակիչներին: Հաշվի առնելով արտաքին այն վտանգները, որ ունենք, մաքսիմում պետք է հաշվարկվի, որքան կարող են իջնել գները: Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հարցը կքննարկենք հանրային խորհրդում: Իսկ բերված թվերը՝ հինգ, վեց դրամով կարող են իջեցնել, դրանք մոտավոր թվեր են, ու էական չեն: էական եմ համարում այն մոտեցումը, որ սակագինը պետք է հաշվարկվի դրանց մեջ կուտակելով ծախսերը, որովհետեւ կան ծախսեր, որոնք ձեռնարկությունը պետք է անի ու չբերի ծախսերի մեջ մտցնի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի