Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեծարման և խրախուսման արարողություն էր։ Պարգևատրվել են ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։
Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բժիշկներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ինչպես Հայրենական մեծ պատերամում, այնպես էլ ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ «Սա Հաղթանակի տոնին նվիրված միջոցառում է, և մենք չենք կարող այդ համատեքստում չառանձնացնել բժիշկներին։ Մեր բժիշկները ցուցաբերել են իրենց բարձր մասնագիտական որակները ռազմի դաշտում՝ լինելով և՜ զինվոր, և՜ բժիշկ։ Նրանք այնպիսի բժշկական միջամտություններ են իրականացրել առաջնագծում, ամենաթեժ կետերում, որոնք շատ զարգացած երկրներում գուցե անհնար լիներ»,- ասել է Կարեն Ավագյանը։ Պարոն Ավագյանը շնորհակալագրեր և պարգևներ է հանձնել ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայրենի սահմանը պաշտպանելիս արիությամբ աչքի ընկած, վիրավորում ստացած զինծառայողներ կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանին, շարքային Արման Ավետիսյանին, շարքային Բենիկ Եղիազարյանին, կրտսեր սերժանտ Շանթ Ղազարյանին։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր խոսքում նշեց, որ մայիսը ոգեշնչման, մեծ հաղթանակների ամիս է։ Նախարարն ապաքինում է մաղթել վիրավոր բոլոր զինծառայողներին։ «Նրանց տոկուն աչքերում այս օրերին տեսել եմ միայն մեկ ցանկություն՝ արագ վերադառնալ շարք, խրամատ և անառիկ պահել հայերնի սահմանները, մեր երեխաների անդորրը, մեր արժանապատվությունը»,- ասել է առողջապահության նախարարը։
Շարքային Արման Ավետիսյանն ասում է, որ հիշում է այն բժիշկների դեմքերը, ովքեր իրեն առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ «Ես շատ շնորհակալ եմ բոլոր բժիշկներից, եթե նրանք չլինեին, ես այսօր չէի ապրի։ Նրանք ինձ երկրորդ կյանք են պարգևել»,- ասում է վիրավորում ստացած զինծառայողը։
Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Հնչել են պատերազմական, ռազմահայրենասիրական երգեր։
Կարդացեք նաև
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն