ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում այսօր պետք է կրկին քննարկվեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի`«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Սրանք ենթադրում են փոփոխություններ, որոնց համապատասխան տարկետումը վերացվում է եւ 18 տարին բոլորած բոլոր տղաները պետք է անցնեն պարտադիր զինծառայության:
20 տարի առաջ այս նախագիծը նույն բովանդակությամբ շրջանառության մեջ դրվեց: Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր: Նա անձամբ ներկայացրեց նախագիծը, լոբբինգ արեց: Օրինագիծը կարող էր դրական ավարտ ունենալ, քանի որ այդ ժամանակվա քաղաքական մեծամասնության`ՀՀՇ-ի մեծ մասը «կողմ» էր դրան: Սակայն ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, որը սկզբունքորեն դեմ էր հարցին, սպառնաց, որ հրաժարական կտա: Քաղաքական ճգնաժամի արդյունքում Վազգեն Սարգսյանը ետ վերցրեց նախագիծը:
Այս ընթացքում այս կամ այն կերպ հարցը մի քանի անգամ արծարծվել է: Անցած տարի Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը նախագիծը շրջանառության մեջ դրեցին: Այն հետաձգվեց մեկ տարով, քանի որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ «Զինապարտության մասին» նոր փաթեթ է կառավարությունում պատրաստվում եւ պատգամավորների առաջարկները անպայման հաշվի կառնվեն:
Կարդացեք նաև
Այսօր հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախագիծը, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ երեկ, նախորդ օրը ինքը հանդիպումներ ու զրույցներ է ունեցել պաշտպանության ոլորտի մասնագետների հետ, նաեւ Դավիթ Հարությունյանը:
Խոստացված մեծ փաթեթը տասն օրվա ընթացքում ներկայացվելու է խորհրդարան: Պատգամավորին հավաստիացրել են, որ իրենց առաջարկները ներառված են փաթեթում: Այդ պատճառով նախագծի հեղինակները կրկին հետաձգեցին այն:
Այնուհանդերձ, Ռուբեն Հակոբյանը որոշ հիմնավորումներ ներկայացրեց`վերջին շրջանում ասպիրանտների 80-90 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ են, ասպիրանտուրայից հետո նրանցից 5- 7-ն են զբաղվում գիտական գործունեությամբ: 27 տարին լրանալուց հետո, նրանք բացարձակապես գիտությամբ չեն զբաղվում, դառնում են կայացած գործարարներ: Ընդդիմադիր պատգամավորը դեմ չէ կայացած գործարարների գոյությանը, բայց ոչ գիտության հաշվին:
«Մեր ճակատագիրն է դառնալ բանակ-պետություն»,- ասաց պատգամավորը`հավելելով, որ յուրաքանչյուր պետություն օրենքներ է ընդունում`ելնելով սեփական առանձնահատկություններից: Պետություններ կան, որտեղ կանանց են պարտադիր զինակոչում: Ռուբեն Հակոբյանը չի առաջարկում կանանց էլ բանակ տանել, բայց որ ռեսուրսները պետք է նպատակային օգտագործվեն՝ պնդում է:
Մանրամասները` տեսանյութում
Այսօր հանձնաժողովը «կողմ» քվեարկեց Թեւան Պողոսյանի մեկ այլ առաջարկի`հանձնաժողովում աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի զինծառայողների սոցիալական ապահովության հարցերով: Ուսումնասիրություններ կանեն, առաջարկներ կներկայացնեն: Այլ հանձնաժողովներից եւ գործադիրից ևս մարդիկ կընդգրկվեն այս աշխատանքային խմբում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ