Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ներմուծման հնարավոր արգելքը եւ Հայաստանի «թուրքական» լոբբինգը. «Ազգ»

Մայիս 06,2016 12:54

Բավական էր, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խոսեին թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելելու հավանականության մասին, երբ «հայրենի» թուրքական լոբբիինգն անմիջապես ակտիվացավ: Իշխանական հայտնի մեդիագրուպից մինչեւ սորոսյան եւ ամերիկա-եվրոպական այլ հիմնադրամներից սնվող կայքերն ու զանազան մեդիա ռեսուրսները սկսեցին թուրքական ներմուծման գովերգը: Միանգամից չորս տնտեսագետ իշխանական կայքում նույն կարծիքով հանդես եկանՙ թուրքական ապրանքներից հրաժարվելը միայն վնաս կբերի մեզ, դա էմոցիոնալ մոտեցում է, դրանից Թուրքիան չի տուժի, մեր տնտեսությունը կվնասվի, սոցիալական վիճակը կսրվի եւ այլն: Տպավորությունն այնպիսին էր, որ եթե հանկարծ թուրքական ապրանքները դադարեն Հայաստան ներմուծվել, ապա դա մեզ համար տնտեսական եւ քաղաքական ապոկալիպսիս կլինի: Ի պատասխան, հարկ ենք համարում հիշեցնել, որ 2014-ին Հայաստան ներմուծվել է 232 մլն դոլարի թուրքական ապրանքներ, 2015-ինՙ մոտ 40 տոկոսով պակասՙ 137 մլն դոլարի, իսկ 2016-ի առաջին երեք ամիսներին թուրքական ներմուծումը նվազել է եւս 10 տոկոսով, եւ ինչպես տեսնում ենք, դրանից Հայաստանը ոչ միայն չփլուզվեց, այլ անգամ այդ նվազումը աննկատ մնաց թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով: Այժմ ավելի մանրամասնորեն խնդրի թե բարոյահոգեբանական, թե տնտեսական կողմերի մասին, թեեւ մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք դրանց:

Ոչ թե «էմոցիոնալ», այլ ազգային արժանապատվության եւ անվտանգության հարց

Թուրքական ապրանքներից հրաժարվելը ոչ թե հայրենասիրական կամ զգացմունքային քայլ է, ինչպես նշում են վերոնշյալ տնտեսագետները, այլ նախեւառաջՙ ազգային արժանապատվության: Եթե իրենք եւ իրենց նմանները չգիտեն, թե դա ի՞նչ է, այլ հարց է: Հարյուրամյակներ մեզ հալածած, ստորացրած եւ ի վերջո բնաջնջած, մեր պատմական հայրենիքի զգալի մասին տիրած երկրի եւ նրա ապրանքների նկատմամբ «էմոցիոնալ չվերաբերվելու» խորհուրդ տալու համար առնվազն ողորմելի պետք է լինել: Ռուսաստանի օրինակով «չվարակվելու» նրանց մյուս խորհուրդը նույնպես անընդունելի է: Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում թուրքերը մշտապես պարտվել են, բայց բավական էր ռուսական օդանավ խոցվեր, երբ թե՛ պետությունը, թե՛ ժողովուրդը միասնաբար պատասխան ծանր սոցիալ-տնտեսական հարված հասցրեցին Թուրքիային, անկախ նրանից, որ սոցիալական եւ տնտեսական առումներով տուժեցին նաեւ իրենք: Այս առումով, ընդհակառակը, արժեր որ օրինակ վերցնեինք Ռուսաստանից:

Երկրորդը, թուրքական ապրանքներից հրաժարվելը ոչ միայն ազգային եւ ընդհանրապես մարդկային արժանապատվության հարց է, այլեւ անվտանգության: Թուրքիան ոչ միայն ցեղասպանության է ենթարկել մեզ 101 տարի առաջ, այլ հիմա էլ շարունակում է նույն թշնամական քաղաքականությունը միտված վերացնելու Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից եւ հնարավորության դեպքում մեզ վերջնականապես բնաջնջելու: Ի՞նչ ենք անում մենք: Մենք օգնում ենք նրան, նպաստում այդ երկրի տնտեսության զարգացմանը, ներմուծելով եւ գնելով նրանց արտադրանքը: Մինչ ուրիշ երկրներից նախագահի մակարդակով նեղանալը մեր թշնամիներին զենք վաճառելու համար, գուցե ինքնե՞րս հրաժարվենք օգնել մեր թշնամիներին: Գաղտնիք չէ թուրքական զենքի մատակարարումները, ռազմական եւ ամեն տեսակ այլ աջակցությունը Ադրբեջանին:

Սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքների մասին պնդումներըՙ օդում պայթող պղպջակներ

Ասում են, թե Թուրքիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 720 մլրդ դոլար է, իսկ արտահանումըՙ 160 մլրդ դոլար, եւ 137 մլն դոլար ավել կամ պակասը ոչինչ չի փոխի նրա համար: Երբ տնտեսագետները խոսում են 137 մլն դոլարի արտահանումը էական չհամարելու մասին, դա, մեղմ ասած, տնտեսագիտական մոտեցում չէ: Եթե Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի պես երկրները, որոնց ՀՆԱ-ն մի քանի տրիլիոնավոր դոլարներ է կազմում, ձգտում են իրենց ապրանքն արտահանել Հայաստանի կամ ավելի փոքր շուկա ունեցող երկրներՙ թեկուզ չնչին ծավալներով, ինչպե՞ս կարող է 137 մլն դոլար արտահանումը էական չլինել: Եթե նկատի ունենանք, որ Թուրքիան արդեն իսկ էապեսՙ ավելի քան 40 մլրդ դոլարի, տուժում է ռուսական շուկայից զրկվելու հետեւանքով, ապա անգամ փոքր ծավալի արտահանման նվազումը կարող է նշանակություն ունենալ: Այլ բան է, երբ խոսքը ներմուծման մասին է:

Ներմուծողը տվյալ դեպքում Հայաստանն է: Մեր արտաքին առեւտրի ընդհանուր ծավալներում 2015-ին Թուրքիայի բաժինը ընդամենը 2,9 տոկոս է եղել, որը գրեթե ամբողջությամբ ներմուծումն է: Ներմուծման ծավալներում դա 4,2 տոկոս է կազմել, իսկ 2016-ի առաջին եռամսյակում դարձել է 3,9 տոկոս: Այսինքն, արդեն իսկ թուրքական ապրանքների ներմուծումը նվազում է առանց ցավ առաջացնելու, քանի որ դրան փոխարինում են կա՛մ տեղական արտադրանքը, կա՛մ այլ երկրներից ներմուծումը: Հետեւաբար, մերՙ ներմուծող երկրի համար իսկապես էական չէ 3,9 տոկոսը կամ 24 մլն դոլար թուրքական ներմուծումը 621 մլն դոլար ընդհանուր ներմուծման մեջ (2016-ի հունվար-մարտ ցուցանիշներով):

Հարկային մուտքերի նվազման սպառնալիքի մասին: Ծիծաղելի պնդում: Չի ներմուծվի Թուրքիայից, կներմուծվի այլ երկրներիցՙ շուկայում դատարկ տեղ չի մնում, եւ հարկային մուտքերն էլ կլինեն այդ ներմուծումից:

Սոցիալական հանգամանք է նշվում թուրքական ապրանքների իբր էժան լինելը: Նման բան պարզապես չկա, թուրքական ապրանքները ոչ միայն էժան չեն, այլեւ շատ դեպքերում որակական առումով չեն համապատասխանում իրենց բարձր արժեքին: Այսինքն, ինչ-ինչ, բայց սպառողները չեն տուժի հաստատապես:

Մեկ այլ սպառնալիք, թե Թուրքիան էլ կարող է պատասխան քայլն անել եւ արգելել հայկական ապրանքների արտահանումը իր երկիր, որի մասին հայտարարեց անտեղյակ տնտեսագետներից մեկը, դարձյալ ծիծաղելի է: Թուրքիան վաղուց է այդպես վարվումՙ արգելելով հայկական ապրանքներն իր երկիր ներմուծելըՙ դրանց վրա ապրանքի արժեքը 10 անգամ գերազանցող մաքսավճար սահմանելով: Ժամանակին, երբ այս կացության մասին հարց ուղղեցինք էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին, թե ինչո՞ւ Հայաստանը նույնպես մաքսավճարներ չի կիրառում թուրքական ապրանքների նկատմամբ, վերջինս պատասխանեց, որ դա սոցիալական խնդիր է եւ մենք ցանկանում ենք, որ Հայաստան մտնի էժան ապրանք: Իսկապես, որ մեր երկրում մոդա է դարձել ամեն ինչ սոցիալական պատճառներով արդարացնելը:

Ի դեպ, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը արդեն շտապել է հայտարարել, որ թուրքական ապրանքների ներմուծումը հիմա արգելելու մասին խոսք չկա, որ դա պետք է ուսումնասիրվի, հաշվի առնվի տարբեր հանգամանքներ, որպեսզի սոցիալական խնդիր չառաջանա: Իսկ, այնուամենայնիվ, կառաջանա՞ այդպիսի խնդիր:

Թուրքիայից ապրանք ներկրողների խավ կա: Ընդ որում, թե՛ խոշոր ներկրողներ, թե՛ փոքր: Դա սոցիալապես ապահով խավ է, քանի որ Հայաստանում թուրքական ապրանքները վաճառվում են դրա ձեռք բերման գնից առնվազն 2-3 անգամ ավելի թանկ: Այսինքն, նրանք բավականին բարձր շահութաբերությամբ աշխատում եւ աշխատել են անցած 20-25 տարիների ընթացքում: Եթե տեսականորեն ընդունենք, որ միանգամից արգելվում է թուրքական ապրանքների ներմուծումը, ապա այդ խավի համար խնդիրներ կառաջանան անշուշտ: Նրանք կունենան որոշակի դժվարություններ եւ կորուստներ, բայց ոչ անշրջելի կամ կործանարար, որոնք նրանց բարեկեցության վրա էական ազդեցություն չեն թողնի: Չեն թողնի, քանի որ այդ նույն մարդիկ եւ ընկերությունները կվերակողմնորոշեն իրենց ներմուծումը եւ կսկսեն ապրանք ներկրել այլ երկրներիցՙ Չինաստանից եւ Ռուսաստանից սկսած մինչեւ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իրան: Այլ բան է, որ գուցե իսկապե՞ս պետք չէ անմիջապես եւ կտրուկ արգելել թուրքական ներմուծումը: Այստեղ կիրառելի կլինի տարբերակված մոտեցումը:

 

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031